2 ՍԵՐՈՒՆԴ, 3 ՊԱՏԵՐԱԶՄ, հայրը՝ բեկորը թիկունքում, որդին՝ առանց ոտքերի
«Ասացի՝ տղերք, աշխարհ մեռնել կա, եկեք նկարվենք։ Մենք ու մեր հարազատ փոսը»։
Արամը հումորով է խոսում իր վերջին «ոտավոր» նկարի մասին։
Հաջորդ օրը հենց այստեղ՝ Կոռնիձորի ու Լաչինի միջև գտնվող այս վայրում, Արամը թշնամու հրետակոծության ժամանակ զրկվեց զույգ ոտքերից։
«Եղբայրս՝ Անուշավանը, ընկերների հետ թշնակու կրակահերթի տակ հանեց։ 5 կմ վազելով սարից իջեցրել են ներքև, որտեղից էլ տեղափոխել են Խնձորեսկի հիվանդանոց։ «Էդ պահին մենակ իրանց մասին էի մտածում, ասում էի՝ տղեք, ինձ գլխից խփեք, գնացեք, ձեզ բան չպատահի»։
Հայրը, նույնպես թևից վիրավոր, Խնձորեսկի հիվանդանոցում էր այդ ժամանակ։
Ծանր հանդիպում տեղի ունեցավ․․․
Անհրաժեշտ վիրահատությունն անելուց հետո Արամին ուղղաթիռով տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հիմա արդեն տանն է՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Սպասում է, որ վերքերը լավանան, մտածի պրոթեզավորման մասին։
․
․․ Արմեն Ավետիսյանը 5 որդի է դաստիարակել՝ Արարատ, Անուշավան, Անդրանիկ, Արամ, Արթուր։ Եղբայրների միակ քույրը՝ Ամալյան, մարզում հայտնի է որպես լուրջ շախմատիստուհի։
Արմենն ինքը լեգենդ է․ երկու անգամ էլ նախորդ պատերազմում է վիրավորվել, բեկորը մացել է թիկունքում։ 2010-ին, երբ առաջին անգամ ներկայացրեցինք Ավետիսյանների ընտանիքի պատմությունը, լրագրող Վահան Իշխանանին ծիծաղելով ասել էր․ «Թող մնա, որ էրկաթը թանկանա` ծախեմ»։
Գյուղի համայնքային կյանքին մասնակցող, արդարամիտ, բարի ու սրամիտ այս ընտանիքը պատվի ընդգծված զգացում ունի։ Ֆինանսական լուրջ խնդիրներ են ունեցել, բայց ազնվությունն ու պատվախնդրությունը երբեք չեն կորցրել։ «Հայ Ձմեռ պապի» 15 տարվա պատմության ընթացքում Ավետիսյաններն այն եզակի ընտանիքներից են, որ խոսքի ու պայմանավորվածության հարգը գիտեն․ մի կով էինք նվիրել տարիներ առաջ, պայմանավորվել, որ խնամեն, օգտվեն, շատացնեն ու իրենք էլ իրենց հերթին ստացած բարիքը կիսեն դրա կարիքն ունեցող մեկ ուրիշ ընտանիքի հետ․․․ Անցյալ տարի իրենց շահած-պահած Ջեյրանին նվիրեցին Սեդրակ Ղազարյանի ընտանիքին։ Արմենի տղան՝ Արարատը, պատմում էր, որ կովը փոխանցելուց առաջ հայրն անձամբ արոտ է տարել, լավ կերակրել-չաղացրել, որ մարդավարի նվեր հանձնի։ «Նույն սիրով, ինչ դուք մեզ տվեցիք, փոխանցում ենք Սեդրակի ընտանիքին»․ — Արարատի խոսքերն են․
Սատարել է հարկավոր ընտանիքին։ Արամը ոտքի պիտի կանգնի՝ ֆիզիկական և սոցիալական իմաստներով, պիտի նոր մասնագիտություն ձեռք բերի, աշխատի և արժանապատիվ կյանքով ապրի։ Արամն էլ, մյուս Ավետիսյաններն էլ։ Պատվարժան, սիրելի այս մարդիկ, որոնք իրենց առողջությամբ են վճարել մեր խաղաղ կյանքի համար։ Այսօր Անուշավանը դարձյալ դիրքերում է։
Ուստի առաջարկում ենք հետևյալ նախնական ծրագիրը․
• պրոթեզավորում,
• համակարգիչ,
• մասնագիտություն,
• լեզուների տիրապետում,
• սոցիալական օժանդակություն։
Այս բոլոր կետերը համաձայնեցրել ենք Արամի հետ։
«Չեմ կոտրվելու»․ իր ասածն է։