«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը 600 000 դրամ փոխանցեց «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի հաշվեհամարին։
Դա 27․12․2020-ին տեղի ունեցած «ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ, սիրով և երախտագիտությամբ» խորագիրը կրող ցուցահանդեսի նվիրատվությունների ընդհանուր գումարն է.
․․․ Պատերազմի վիրավորների առողջության վերականգնմանն օժանդակելու առաջարկն եկավ երեխաներից, և դա ամենակարևորն էր, ամենաջերմացնողը։
Ովքե՞ր են այդ երեխաները։
Հայաստանի տարբեր մարզերում «Հայ Ձմեռ պապի» հիմնադրած կրթամշակութային Հավեսին սենյակների սաները Վազաշենից (Տավուշ), Խաչիկից (Վայոց Ձոր), Լուսակունքից (Գեղարքունիք), Զորակից (Արարատ) և Արմավիրից իրենց նկարներն ու ձեռնարվեստի ստեղծագործություններն ուղարկեցին Երևան, որպեսզի ցուցահանդես կազմակերպենք և նվիրատվություններն ուղղենք Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։
Հավեսին երեխաների գործերից բացի՝ ցուցահանդեսին մասնակցեցին նաև պատերազմի հետևանքով Արցախից Հայաստան տեղափոխված երեխաները, որոնց հետ «Հայ Ձմեռ պապն» ընկերացել ու աշխատել էր պատերազմի ընթացքում և հետո։
Մեր թանկ զինվորների համար այլ անակնկալներ էլ էինք պատրաստել։
Բարերարներից երկուսն իրենց ձեռք բերած աշխատանքները ևս՝ «Սպիտակ խաչ» և «Բաբո-ձեդո» պաննոները, նվիրեցին Զինվորի տանը․
Հանդիպեցինք Զինվորի տանը բուժում ստացող մեր հերոս տղաներին, պատմեցինք ցուցահանդեսի մասին, մտերմացանք։ Հանդիպման անմոռանալի պահերը՝ տղաների հետ մաեստրո Սեդրակ Երկանյանի հոգեբուխ զրույցը, հանրաճանաչ երգչուհի Հասմիկ Պապյանի գոտեպնդող ներկայությունը, նկարչուհի Անուշ Առաքելյանի՝ գեղարվեստի դասեր կազմակերպելու պատրաստակամությունը, կենտրոնում առողջությունը վերականգնող գեներալ-մայոր Հրաչյա Մարտիրոսյանի հզոր խոսքը։
Գրականագետ-թարգմանիչ Մերի Կարապետյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին նվիրեց Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հերոս Դավիթ Սարապյանին նվիրված 2 հրատարակությունների օրինակներ՝ Էվելինա Մելքումյանի «Մեր օրերի Դավիթը» աշխատությունը և Դավիթ Սարապյանի գրական ստեղծագործությունների «Երեք հարյուր վայրկյան» ժողովածուն։
․․․ Շնորհակալություն երեխաներին՝ իրենց լուրջ հանձնառության, բարերարներին՝ փոքրիկների հայրենատիրությունը գնահատելու, կազմակերպիչներին՝ գաղափարն իրականություն դարձնելու, Զինվորի տանը՝ ջերմ ընդունելության, մեր հրաշք զինվորներին՝ Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայելու և անձնազոհ ծառայության համար։
Մեր աշխատանքը, նվիրումը, սերը, ջերմությունն ու աղոթքը՝ զինվորներին։