Մարիաննա Գրիգորյան

 

Կար-չկար մի աղջիկ, որը երազում էր մեծանալ, փոքրիկ աղջիկ ունենալ ու երջանիկ կյանք ապահովել նրա համար…:

 

Փոքրիկ Սիրանիկն ու նրա սիրած տիկնիկը

 

Երեխա ժամանակ Անոն օրերով երազում էր, որ մանկատուն այցելուներ գան: Նա ոչ մեկին չէր սպասում. ծնողները մահացել էին, երբ 2 տարեկան էր, իսկ ուրիշ հարազատ չուներ: Պարզապես երբ մանկատուն հյուրեր էին գալիս, երեխաներին թույլ էին տալիս խաղալ պատից կախված այն խաղալիքներով, որոնք մյուս օրերին բոլորի համար անհասանելի էին:

«Փոքրուց երազում էի. մեծանամ, աղջիկ ունենամ, իրա համար լիքը խաղալիքներ առնեմ ու մեր սիրուն տանը թողնեմ, որ խաղա` ինչքան սիրտը ուզում է, ոչ թե կախեմ պատերից»,-պատմում է 39-ամյա Անահիտ Անդրեասյանը:

Անոյի երազանքներն իրականացան, սակայն` միայն մասամբ…

Սիրանուշը` Անոյի 5-ամյա դուստրը, ձեռքն է վերցնում սև, երկար մազերով տիկնիկը (թախտի վրա մի քանի այլ հնամաշ խաղալիքներ էլ կան) և սկսում է դաստիարակել իր «երեխաներին»:

Խաղալիքները, որոնք լցնում են Սիրանի մանկությունը, նվիրել են հարևանները:

Դրանք Անոն պատերից չի կախում, եթե ուզեր էլ, հավանաբար չէր կարող, քանի որ այն վայրը, որտեղ ապրում են Անդրեասյանները, չափազանց դժվար է «տուն» կոչել:

Անդրեասյանների «անտուն» կյանքի պատմությունը սկսվել է մոտ 5 տարի առաջ, երբ Անոյի ամուսինը՝ հայրենադարձ Ժորժը, մեկնել է ԱՄՆ՝ խոստանալով ընտանիքին ևս հետո տեղափոխել արտասահման: Սակայն մեկնելուց հետո, ըստ Անոյի վերջին տվյալների, Ժորժն «ինսուլտ է ստացել» ու դարձել անկողնային հիվանդ:

«Ամուսնուցս ոչ մի լուր չունեմ,- տխրությամբ ասում է Անոն՝ խուսափելով ամուսնու հասցեին վատ բան ասելուց: – Խեղճը, չգիտեմ էլ` կենդանի՞ է, թե՞ չէ»:

Ժորժի գնալուց հետո 9 ամսական Սիրանուշն աղիքային ինչ-որ հիվանդություն է ձեռք բերում, և Անոն երեխայի հետ ընկնում է հիվանդանոցները:

«Հիվանդանոցում ինձ ասեցին, որ հույս չունենամ, թե երեխաս կապրի: Ասեցին` գնա փող գտի: Ես Սիրանիցս բացի ոչ մեկը չունեմ, ի՞նչ անեի,- հարցնում է Անոն: – Ես պիտի դեղերի, բժշկի փող տայի, իսկ պալատի համար, որտեղ երեխուս պահում էին, օրական վարձ տայի: Ու մտածում էի` ի՞նչ անեմ, որ երեխուս փրկեմ»:

Սիրանուշի կյանքը փրկելու համար Անոն 2002-ին վաճառում է Աբովյան քաղաքում գտնվող հանրակացարանի իր մեկ սենյականոց բնակարանը` ողջ կահ-կարասիով, և մի քանի ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո փոքր երեխայի հետ դառնում անտուն:

«Մեր ժեկի պետ Անուշն ինձ ասեց` Անո, մի ծախի տունդ, մնալու ես քուչեքում: Բայց ես կխելագարվեի, եթե Սիրանիս համար ամեն ինչ չանեի»,- ասում է մայրը:

Սկզբում Անոն 8000 դրամով բնակարան է վարձում` վճարելով ուրիշների տներում աշխատանքի գումարով:

«Սաղ դառը կյանքս ապրել եմ խալխի կարկատած շորերի մեջ: Ուրախ էի, որ աշխատում եմ, երեխուս պահում եմ, հեքիաթների գրքեր էի առնում, միրգ էի առնում… Մտածում էի, որ երեխուս ճակատագիրը գոնե իմի նման չի դասավորվի: Հետո հիվանդացա, ու ամեն ինչ շատ դժվարացավ: Տան վարձն էլ չէի հասցնում, վերջը` անցյալ աշուն մնացինք փողոցում: Գնալու տեղ չունեինք: Բարձրանում էինք բարձրահարկ շենքերի վերևի հարկերը, լաթերով- բանով ծածկվում, գիշերը լուսացնում: Սիրանս ու ես ամբողջ ժամանակ հիվանդ էինք, բայց ի՞նչ կարայինք անել»,- պատմում է Անոն:

Ապրում են շենքից շենք, տարածքից տարածք անցնելով: Անոյի ու Սիրանի դժվար վիճակի մասին իմանում է ժեկի պետ Անուշն ու Անդրեասյաններին «նոր տուն» առաջարկում մինչև 2008-ի գարուն:

Քաղաք Աբովյան, Չափիչի փողոց, 3-րդ հանրակացարան, նկուղ:

Սա Անոյի տան հասցեն է:

Նկուղի խոնավ, մութ ու ցուրտ, տարբեր հնոտիներով ու լաթերով լցված միջանցքով Անոն շարժվում է դեպի իր «տուն»: Երեք մետր երկարություն և երկու մետր լայնություն ունեցող ցուրտ ու անհրապույր եռանկյունում մայր ու աղջիկ փորձում են պատսպարվել անձրևից, արևից ու ցրտից:

Դռան մոտ սեղանն է, մի քայլ առաջ` աջից, բարակ բամբակի վերմակով մահճակալը, իսկ ձախից` Սիրանի «խաղահրապարակը»`մի հին թախտ` տարբեր հնամաշ լաթերով:

Պատին խոնավությունից փչացած մի ժամացույց է, անկյունում` Նոր կտակարանը, հելունագործ մի խաչ ու մի քանի նկար, որոնք բոլորն էլ հարևաններն են նվիրել:

«Շատ համեստ, խելոք կին է, բոլորիս սիրտն էլ ցավում է նրա համար,- ասում է հարևանուհիներից մեկը` Ժաննան: – Ինքն էլ մեծ կարիքի մեջ է, բայց ուշադիր է բոլորի նկատմամբ: Մեր շենքի տատիկներից մեկը հիվանդացել էր, ու Անոն օրեր շարունակ անշահախնդիր խնամում էր նրան: Իմ սիրտը չի տանում իրա տուն մտնեմ: Չեմ հասկանում` ո՞նց ա դիմանում, էն էլ էդ պուճուր էրեխու հետ»:

Գիշերը, երբ ձայները լռում են, և սենյակում սկսում է լսվել առաստաղով անցնող հաստ, սև էլեկտրալարերի վտանգավոր ճտճտոցը, Անոն ամուր գրկում է աղջկան:

«Անձրև, ձնհալ որ լինում ա, ջրերը գալիս, լցվում են տուն: Էս հոսանքի լարերից շատ եմ վախենում, մի օր չտան` տեղնուտեղը թողնեն: Պատահում ա` գիշերները մի տեղից մյուսն ենք տեղափոխվում ու նստած ենք անցկացնում, որովհետև տան բոլոր կողմերից ջուրը չռում ա, իսկ հոսանքի լարերը դզզում են»,- լարերն է ցույց տալիս Անոն:

Անոն փորձում է ապրել տարրական կենցաղային պայմաններից զուրկ տարածքում ու չչարանալ: Ջուրը բերում է մի քանի շենք ներքև գտնվող ցայտաղբյուրից: Զուգարանից օգտվելու համար Սիրանի հետ 10 րոպե քայլում է դեպի հանրակացարանները: «Մեկ թողնում են օգտվել զուգարանից, մեկ էլ կոպտում են, ասում են` թող գնա, մուննաթ են գալիս: Ես էլ ի՞նչ կարող եմ անել: Բաղնիք էլ չունենք, բայց ամեն շաբաթ Սիրանիս լողացնում եմ: Ինչքան էլ կարիքի մեջ լինեմ, հո երեխուս կեղտոտ չեմ պահելու»,- ասում է Անոն:

Սիրանին լողացնելու օրը` երկու ժամով Անդրեասյանների կացարանը տաքացվում է փոքր էլեկտրական ջեռուցիչով:

«Մենք ապրում ենք 12000 դրամով ու մեկ էլ, որ ստացվում ա, մեկնումեկին օգնում եմ` 300-500 դրամ են տալիս: Իսկ էդ փողով ես չեմ կարող տունը տաքացնել: Հազիվ ամսվա մեջ խանութի պարտքերն եմ փակում` հացի, մակարոնի ու մեկ-մեկ էլ` Սիրանիս համար բուլկու դիմաց»,- ասում է Անոն:

Անոն ասում է, որ ամեն դեպքում չի դժգոհում, սակայն խոստովանում է, որ լինում են պահեր, երբ հուսահատվում է:

«Չես իմանա, թե մյուս րոպեին ինչ կարա պատահի հետդ: Գիշերվա երկուսն էր, պառկել էինք քնելու, մեկ էլ մի հատ թմփոց եկավ: Մտածեցի` հոսանքի լարն ա, վեր թռա, վերմակը բարձրացրեցի, որ երեխուս հանեմ անկողնուց: Այ էդ ժամանակ էդ անտեր կռիսը հարձակվեց` երեխուս մատը կծեց, արյունլվիկ արեց` փախավ»,- պատմում է Անոն:

Սիրանը ցույց է տալիս մատը, որն առնետի կծելուց սևացել է:

«Ամբողջ գիշեր լաց ենք եղել: Առավոտյան գնացել ենք հիվանդանոց, բժիշկները դեղ-մեղ տվին երեխուս,- աչքերն է լցնում Անոն: – Ի՞նչ անեմ: Ընտրություններին Ծառուկյանը խոստացավ, որ կօգնի` մի սենյակ կտան, բայց ով որ պիտի զբաղվեր, ոչ մի բան էլ չարեց: Ես էլ, տեսեք, փորձում եմ մի ձևով մեզ պաշտպանել»,- ասում է Անոն` ցույց տալով պատերի անցքերը:

Պատերի անցքերի մեջ, որտեղից դուրս են գալիս էլեկտրական լարերը, շշեր են խցկված: Պլաստիկե շշերով Անոն փորձում է պայքարել իրենց վրա «արշավող» մեծ առնետների, մկների, իսկ շոգ ամիսներին` նաև կարիճների դեմ:

«Ես հավատում եմ: Հավատում եմ, որ լավ ա լինելու,- ասում է Անոն: – Երազում եմ մի սենյակ ունենանք, մի տաք անկյուն, որտեղ Սիրանիս հեքիաթ կպատմեմ ու չեմ վախենա, որ վերևից կռիս կընկնի, կամ էլ հոսանքը կխփի, ու տեղնուտեղը կմնանք»:

http://www.armenianow.com/hyesanta/2009/7973/hyesanta_2008_hope_held_in_a_heart

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *