Լուսինե Մուսայելյան
«Երեխաներս տաք շոր ու կուշտ ուտել են ուզում, իսկ ես` առողջություն: Դե, առողջությունն էլ կուշտ ու տաք լինելն է, էլի»,- սա է Մարտակերտում ապրող 36-ամյա Մանուշակ Բալայանի միակ ամանորյա ցանկությունը:
Մանուշակի ամուսինը մահացել է 6 տարի առաջ ստամոքսի հիվանդությունից. «Պատերազմի ժամանակ մի անգամ վիրահատեցին, որից հետո նորից գնաց պատերազմի դաշտ: Բայց պատերազմից հետո հիվանդությունը սրվեց, ու մահացավ»:
Մանուշակը 4 անչափահաս երեխա ունի` 3 աղջիկ ու 1 տղա: 16 տարեկան աղջիկն ավարտել է 8-ամյա դպրոցը և հիմա տանը մորն է օգնում: Մյուսները դպրոցական են: Մանուշակն ասում է, որ փոքրերը դեռևս չեն գիտակցում հոր կորուստը, ապա ավելացնում է, որ շատ ժամանակ էլ ամաչում են հարցեր տալուց. «Կամ էլ գիտեն, որ մահացել է, ու չեն ուզում այդ մասին խոսել»:
Երիտասարդ այրին խոստովանում է, որ ամուսնու հետ երջանիկ է եղել միայն ամուսնության առաջին տարում: «Հետո սկսվեց պատերազմը` հետն էլ քոչվորությունը: Մարտակերտից փախանք: Սկզբից գնացինք Երևան ու էնտեղ ինչ-որ մանկապարտեզում ապրեցինք, հետո մեզ տեղափոխեցին Ստեփանակերտ` մեկ ուրիշ մանկապարտեզ»:
Պատերազմն ավարտվելուց հետո Բալայանների ընտանիքը վերադարձավ Մարտակերտ: «Էստեղ էլ տուն չունեինք: Մի ծանոթ ընտանիք իրենց տունը մեզ տվեց` ժամանակավոր, ու մինչև օրս ապրում ենք էստեղ: Ամեն րոպե սպասում եմ, որ կգա, կասի` տունս ազատեք, ու չգիտեմ, թե ուր ենք գնալու»:
Տունը, որտեղ ապրում է Մանուշակն իր 4 երեխաների հետ, գտնվում է քաղաքի կենտրոնից քիչ հեռու: Երկհարկանի կիսակառույց կամ կիսաքանդ տան երկրորդ հարկում գտնվող մի սենյակում նրանք քնում են, ուտում ու հեռուստացույց դիտում:
Սենյակում դրված 3 մահճակալները ծառայում են հինգ մարդու: Իսկ ծածկվում են բարակ վերմակներով, որովհետև հաստ վերմակի համար փող չունեն: Կարգին վառարան էլ չունեն: Պատշգամբում մի կիսատ-պռատը կա, որի վրա հազիվ կարողանում են ճաշ եփել:
Սենյակը տաքացնում են կրակից մնացած ածուխով ու մոխրով. լցնում են կաթսայի մեջ, դնում սենյակի կենտրոնում, հավաքվում շուրջն ու տաքանում: Հենց դադարում է տաքացնել, պառկում են քնելու:
Ղարաբաղում փայտը, էլեկտրաէներգիան ու գազը թանկ են: Մանուշակն իր ստացած 21.700 դրամ աշխատավարձով կարողանում է միայն ուտելիք գնել: Նա հավաքարար է աշխատում Մարտակերտի հիվանդանոցում:
Իր փոքր աշխատավարձով մայրիկին օգնում էր 16-ամյա դուստրը` Անուշը, որ փռում էր աշխատում: Բայց նա միայն 6 ամիս կարողացավ աշխատել, քանի որ աշխատանքը գիշերային էր` չէր դիմանում:
Շատ հաճախ Անուշն է մտահոգվում, թե ինչո՞վ կշտացնի իր փոքր քույրերին ու եղբորը, քանի որ մայրը երեք օրը մեկ հերթապահում է հիվանդանոցում:
Երբ Անուշը ամեն անգամվա պես ճաշ էր պատրաստում, մոր հարցին, թե ինչ են ուտելու երեկոյան, Անուշը պատասխանեց` լոբի: Մանուշակը նախատեց աղջկան` թե ինչո՞ւ լոբին չի պահում Նոր տարվա համար:
Մանուշակը հատկապես վշտանում է, որ չի կարողանում տոնել Նոր տարին կամ երեխաների ծննդյան օրերը, և որ նվերներ երեխաները ստանում են միայն տատիկից, այն էլ` խնձոր, ընկույզ ու կոնֆետ:
Մանուշակը եկեղեցի չի գնում, մոմը վառում է տանը. տունն է նրա եկեղեցին, իսկ Աստվածն էլ` երեխաները, որոնք նրա կյանքի միակ ուրախությունն են: Նրանց է նա զոհաբերել իր երիտասարդ կյանքը, և հանուն նրանց չի մտածում երկրորդ անգամ ամուսնանալու մասին:
«Երազում եմ ` երեխաներս ամուսնանան, ու որ մտնեմ իրենց տուն, զգամ, որ ապահով են, օգնության կարիք չունեն»,- ասում է նա:
«Աշխատում եմ յոլա գնալ եղածով: Իմ ամբողջ աշխատավարձն էլ չեմ խնայում` ուտելիքի եմ տալիս»,- ասում է Մանուշակը:
Լուսինե Մուսայելյանը Ստեփանակերտի «Դեմո» լրատվական ակումբի լրագրող է: Այցելեք ակումբի կայքը` http://demo.ktsurf.net:
http://www.armenianow.com/hyesanta/2009/7981/hyesanta_2008_misery_in_martakert