Վահան Իշխանյան
«Օղորմածիկ մերս ասում էր` էնքան ես սիրում Ռաջ Կապուրին, վերջը բռադյագա (ռուսերեն` թափառաշրջիկ) ես դառնալու»,- հիշում է Ավոն մոր մարգարեությունը: Ռաջ Կապուրը հնդկական կինոյի աստղ էր, որի ֆիլմերը 70-80-ականներին Հայաստանում շատ սիրված էին: Հատկապես նրա «Թափառաշրջիկը» ֆիլմը, որը չէր իջնում էկրաններից: Ֆիլմի երգերը շատերն անգիր գիտեին:
Մայրը ճիշտ էր. ֆիլմի թափառաշրջիկ հերոսի կերպարի մեջ մտնե՞լն էր պատճառը, թե՞ երկրի տնտեսական ճգնաժամը, բայց Ավոն մի օր դարձավ թափառաշրջիկ…
40-ամյա Ավետիք Խաչատրյանը դեռ երգում է հնդկական այն ֆիլմերի երգերը: Երեխաների անուններն էլ հնդկական կինոներից են. Հրաչը 10 տարեկան է (Ռաջ Կապուրի պատվին), դուստրերը` Գիտան 6 և Զիտան 4 տարեկան են («Զիտա և Գիտա» ֆիլմից): Նույնիսկ Գիտայի մեջքի խալը Հնդկաստանի քարտեզն է հիշեցնում: Իրեն ու որդուն էլ կնքել է բռադյագա` Բռադյագա Հրաչ ու Բռադյագա Ավո:
Այնքան էր սիրում հնդկական կինոներ, որ 80-ականներին հնդիկ ուսանողներից հինդի լեզու է սովորել ու երեք ֆիլմ թարգմանել հայերեն: Հիշում է իր հնդիկ ընկերոջ խոսքը, որ ասում է հինդիով ու հետո թարգմանում. «Արմինդարը ճիշտ էր ասում` կյանքն ավելի բեթար ա, քան մահը»:
Ավոյի կյանքն էլ հնդկական կինոյի է վերածվել. նա դարձել է մի բարի հերոս, որ առանց հիմնական աշխատանքի, միայնակ երեք երեխա է մեծացնում: Փոքրի հայրը ինքը չէ, բայց պարտքն է համարում նրան էլ հայրություն անել. «Նա էլ ա իմ բալեն: Արյունով չի որոշվում»: Կինը լքել է նրան` երեխաներին թողնելով: Մեկ-մեկ այցելում է ու փոքրին` Զիտային, հետը տանում ու հետո էլի բերում թողնում:
90-ականներին Ավոյի եղբայրները պարտքի տակ են ընկնում, հայրական տունը ծախում են, հետո գնում Ռուսաստան: Ավոն վարձով էր ապրում մոր հետ, աշխատում շինարարությունում: 94-ին ամուսնանում է: Մեկ տարի անց ծնվում է Հրաչը: Կինը հեռանում է: Հետո վերադառնում է, ու ծնվում է Գիտան, ու կրկին հեռանում է Գիտայի հետ:
Ավոն կորցնում է աշխատանքը, էլ չի կարողանում վճարել տան վարձը: Երկու թափառաշրջիկ` Ավոն ու երկամյա Հրաչը, ընկնում են փողոցները` անտուն ու սոված:
«Մեկի դուռը ծեծեցի` մի կին բացեց: Ասեցի` մի գիշեր թողեք մնամ, տեղ չունեմ քնելու, էրեխեն մեղք ա: Ասեց` էդ գողության թազա ձև ա, հա՞: Մի գիշեր եմ խնդրում, ուզում եք, ոտիցս կապեք, որ չկարանամ փախնեմ: Հավատաց, տարավ երկրորդ հարկում տեղ հատկացրեց, առավոտն էլ չայ տվեց»:
Երկու օր Ավոն երեխային կերակրել է աղբի միջից գտած ուտելիքով, հետո գլխի է ընկել, որ կարելի է շիշ հավաքելով ապրել:
Եվ Ավոն միանում է բազմաթիվ չքավորների բանակին, որոնք տնետուն ընկած շիշ են հավաքում ու հանձնում ընդունման կետեր: «Շատ տարիներ Հրաչին գիրկս, շալակս, կալյասկի մեջ, գնում էինք շիշ հավաքելու: Մենք մեր հիմնը ունեինք` «Բռադյագա» կինոյի երգը` «Ճանապարհ տուր, կանչում են քեզ»:
Սկզբում դժվար էր, շատերը տան շեմից հայհոյելով դուրս էին անում, նույնիսկ ուզել էին ծեծել, որ խանգարել է իրենց ու համարձակվել դուռը ծեծել: Բայց հիմա ունի մշտական բնակիչներ, որ նրան ճանաչում են ու հատուկ նրա համար շշերը պահում են:
Շուտով երկրորդ «գործն» է գտնում: Առավոտները շրջում է շենքերի մուտքերով ու դռների մոտ դրած աղբը թափում: Մեկն ամիսը 200 դրամ է տալիս, մեկ ուրիշը` օրական 50-100 դրամ: Միայն աղբ թափելով ամիսը 5000 դրամ է վաստակում:
Արանքում պատահում են տարբեր գործեր, օրինակ` մի քանի օր առաջ ավազ է կրել. 39 պարկ չորրորդ հարկ բարձրացնելու համար 2000 դրամ են տվել:
Արդեն 4 տարի Ավոն երեք երեխայի հետ վարձով ապրում է Նորքում` 12 քառակուսի մետրանոց սենյակում` առանց խոհանոցի, զուգարանը բակում: Ամիսը տալիս է 8 հազար դրամ: Տանտերն ուզել է բարձրացնել վարձը, դարձնել 10 հազար, բայց հետո խղճացել է, թողել նույնը:
Ամեն առավոտ Ավոն գնում է գործի` երեք երեխաներին թողնելով մենակ: Ինչ Հրաչը սկսել է դպրոց գնալ, էլ հետը չի տանում. «Ասի` Հրաչ ջան, դու դասի պիտի գնաս, արդեն պետք չի իմ հետ գաս: Որ դպրոցում հարցնեն` պապան ինչո՞վ ա զբաղվում, ասա` առևտուր ա անում»:
Ավոն ձմեռ չի սիրում: Ձմռանը մարդիկ քիչ են խմում, շշերը քիչ են: Ձմռանը տան վարձը հաճախ ուշացնում է: Էլեկտրականության պարտքն էլ է մեծանում: «Ոչինչ, հեսա ամառը կգա, ամեն ինչ լավ կլինի»,- ասում է Ավոն:
Ավոն միշտ մաքուր շորերով է, սպիտակ վերնաշապիկով: Առաջ շորերը ձեռքով էր լվանում: Հիմա ունի հին, սովետական լվացքի մեքենա, որ մարդիկ են նվիրել: Ճիշտ է, ջուր է թողնում, բայց ամեն դեպքում, ձեռքով լվանալուց լավ է:
Միայնակ հայրը միայն ուտելիքի, էլեկտրականության ու տան վարձն է հասցնում: Մնացած ամեն ինչը, այդ թվում` հնդկական երգերով ձայնասկավառակը և գույները փախած փոքրիկ հեռուստացույցը, ուրիշներն են տվել:
Բաղրամյան պողոտայի բնակիչ Վարդուհի Մանուկյանն ասում է, որ մարդիկ շատ են սիրում Ավոյին. «Հասնող, օգնող տղա է, ահագին էլ բան գիտի, սովորական աղքատ չի,- ասում է նա: — Շիշ էլ եմ տալիս, հագուստ էլ, իրեր էլ, որ ափսոսում եմ դեն գցել, տալիս եմ իրան: Մի տղա էլ ունի` Բռադյագան, առաջ հետն էր գալիս»: Երկու աղջիկների մասին մեծ մասը չգիտի:
«Աստվածաշնչում ասվում ա` ծաղիկներին գույնզգույն հագուստ եմ հագցրել, բայց, մարդ արարած, դու որ ինձ սիրես մանանեխի հատիկի չափ, անկեղծ, բա քեզ ի¯նչ ձևի կհագցնեմ-կկապցնեմ»,- ասում է Ավոն` չզգալով, որ իր կյանքը Ավետարանի խոսքերը «խմբագրել» է ու վերաիմաստավորել:
Չորս տարի առաջ տանտիրոջը խնդրել էր գնալ կնոջ հետևից գյուղ ու նրան համոզել, որ հետ գա: Մինչև կգնար, կինը հայտնվում է` գրկին նորածին երեխա:
«Ավոն էկավ, ասեց` Վաղո ձյաձյա, տենում ես, տանը կնիկ չկա, դժվար ա, ուզում եմ էրեխեքիս մորը հետ բերեմ: Որ գնաս Լեռնավան, բարեխոսես, երևի քեզ լսի, գա,- պատմում է տանտերը` Վաղինակը: — Մի էրկու օրից մեկ էլ պատուհանից տեսա` մի կին` բարուրը ձեռը, իջավ ներքև: Կրծքի էրեխա էր: Կինն էր: Էկավ տենց մնաց: 3-4 ամսից կրծքից կտրեց ու գնաց: Ավետիքը պահեց էդ էրեխին էլ: Իրան պապա ա ասում, ուրիշ պապա չի տեսել»:
Հիմա էլ կինը ամիսը մեկ-երկու անգամ երևում է. «Էրեխեքի մայրը 100 տոկոսանոց չի, 30 տոկոսանոց մեր ա,- ասում է Վաղինակը: — Հիմա թե սրանց վերջը ինչ ա լինելու, ես չգիտեմ»:
Ու դեռ պտտվում է հնդկական կինոյի ժապավենը, ուր պատկերված են բարի ու չար մարդիկ, սերն ու դավաճանությունը, խիղճն ու դաժանությունը… և մեծահոգի «բռադյագան», որ աղբ է թափում, շշեր հավաքում ու սպասում ֆիլմի երջանիկ ավարտին:
http://www.armenianow.com/?action=viewArticle&AID=1283&CID=1450&IID=1061