Վահան Իշխանյան
Գայանեն 13 տարեկան է, բայց նրա մանկությունն ավարտվել է: Նա երանությամբ է հիշում, երբ մի քանի տարի առաջ միայն խաղում էր ու ընտանիքի հոգս չէր քաշում: Հիմա Գայանեն պիտի և դպրոց գնա, և դասերն անի, և տան գործերը հասցնի` հացի խմոր հունցի, ամանները լվանա և այլ գործեր անի:
«Երբ տրամադրությունս լավ է լինում, կար ու ձև եմ անում, բայց մեր կյանքը էնպես ա դասավորվել, որ տրամադրությունս լավ չի լինում»,- ասում է Գայանեն: Նրա ծնողների միակ մտահոգությունը ուտելիքի փող հայթայթելն է: Նրանք ամեն օր դրսում են գործ անում, իսկ Գայանեն` տանը:
Ռիտա ու Ռոման Պողոսյանները փախստականներ են Բաքվից: Ապրում են Կարին գյուղում, որ Երևանից մոտ 25 կիլոմետր հեռու է:
Նրանք ամուսնացել են Սումգայիթի ջարդերի օրը` 1988 թ. փետրվարի 27-ին: Մինչ ընտանիքը փորձում էր տունը վաճառել, Ռիտան հղի փախչում է Երևան: Տունը չեն կարողանում վաճառել, իսկ երեխան մեռած է ծնվում: Նրանց երեք երեխաները ծնվել են Հայաստանում, սակայն կրում են իրենց վրա փախստականի ծանրությունը: «Ինչ կյանք եղել է, եղել է էն ժամանակ` Բաքվում: էն ժամանակ ենք լավ ապրել»,- ասում է որդին` 15-ամյա Արսենը, որ Բաքուն չի տեսել: Նրա ծնվելու հետ սկսվել են ճգնաժամի տարիները:
Կարինը ստեղծվել է 1991 թվականին: Հիմնականում փախստականներով է բնակեցված: Հարևան Սասունիկ գյուղի ֆոնին կարծես անապատ լինի` արևից խանձված դաշտերով: Սակայն զգացվում է, որ ժամանակին հողատարածքները մշակվել են:
Պողոսյանները 1200 մետր հող ունեն, որ բացարձակ չի մշակվում: Ժամանակին եղել է խնձորի այգի: Արդեն 10 տարի ոռոգման ջուր չլինելու պատճառով այգին չորացել է:
«Սկզբում լավ էր, ընենց լավ խնձոր էր բռնում: Ջուրը կտրվեց, ու չորացավ այգին»,- ասում է Ռիտան: Հիմա խմելու ջուր էլ չկա, միայն ձմռան կողմ 1-2 ժամ գալիս է, իսկ ամռանը երեխաները հեռվից են բերում: Ասում են, որ հնարավոր է վերականգնել ոռոգումը, բայց գյուղի բնակիչները շատ աղքատ են ու չեն կարողանում ծախսերը վճարել: Հենց փող է ձեռքերն ընկնում, ալյուր են առնում:
Կարինը նրանց գրավել է, քանի որ հող են խոստացել: Հողն ստացել են, բայց տուն չեն կարողացել կառուցել: Ութ տարի ապրել են ֆերմայի պահականոցում`12 քմ սենյակում: Հետագայում ՄԱԿ-ի տված վագոն-տնակ են տեղափոխվել: Ապա մի միջազգային կազմակերպության օգնությամբ ավարտել են ժամանակին սկսած մեկ սենյականոց տան կառուցումը:
Նույն սենյակում երեխաների ննջարանն է և հյուրասենյակը: Այստեղ են նաև լողանում. նստում են տաշտի մեջ ու գլխին տաք ջուր լցնում: Երկու ձեռքով լողանալը մի երազանք է, որ մնացել է Բաքվում: Երկրորդ սենյակն են սկսել կառուցել, որ կիսավարտ օգտագործում են որպես խոհանոց ու ննջարան ամուսինների համար: Տանիքը չեն կարողանում կապել, ու անձրևաջուրը առաստաղից կաթում է:
Ռիտան եղել է խոհարար, Ռոման` գաջ քաշող: Հայաստանում առաջին տարիներին աշխատել են: «Քանդված էինք` քանդված երկրում: Մեզ ո՞վ էր ճանաչում, որ գործի վերցներ: Էնքա¯ն էր լինում, ասում էին` տեղացուն թողնենք, բաքվեցո՞ւն վերցնենք»,- ասում է Ռիտան: Եվ սկսում են փնտրել ընտանիքը կերակրելու աղբյուրներ: Ռիտան հարևան գյուղերում դաշտային աշխատանքներ է անում, Ռոման աղբամաններից մետաղ և որևէ արժեք ներկայացնող իրեր է հավաքում ու վաճառում: Գյուղի մերձակայքում հարուստ աղբակույտեր չկան, ու Ռոման 10-15 կիլոմետր քայլում-հասնում է բնակավայրեր, որ աղբի մեջ փորփրի: «Էն վատ տարիները մետաղ հանձնելով ենք հանել»,- ասում է Ռիտան:
Նրանց մեջ արդեն հույսը մարել է, թե երբևէ նորմալ կապրեն: «Հույսն էն ա` գոնե աշխատանք լինի: Ուժե հոգնել ենք` էնքան մտածել ենք»,- ասում է Ռոման:
Դաշտային աշխատանքների համար Ռիտային դեռ չեն վճարել. «Ասում ա` ծախեմ ապրանքը, փողը կտամ: Կտա, բայց սեզոնը անցնում ա, ու ապրանքը թանկանում: Վախտին քյալամը 50 դրամ էր, կառնեի` թթու կդնեի: Չես առնում, սեզոնը անցնում ա, թանկանում ա»:
Ստանում են 15 հազար դրամ (մոտ 33 դոլար) աղքատության նպաստ: Մի տարի առաջ նպաստը կտրել են, քանի որ 7 հավ են ունեցել: Հետո աղվեսը չորսին տարել է, մնացել են երեքը: Մի քանի ոչխար էլ հարևանը Ռուսաստան մեկնելիս տվել է նրանց, որ պահեն մինչև իրենք վերադառնան: Պահելու դիմաց մի ոչխար են տվել և, բացի այդ, եթե ծնեն` գառներն իրենց կմնան:
Էս տարի աշխատանքից էնքան է գոհ, որ կարողացել է դուստրերի` Գայանեի ու Սիրանուշի համար դասագրքեր գնել: Միայն իններորդ դասարանում սովորող Արսենն է առանց դասագիրք մնացել: Նրա դասագրքերն արժեն 5000 դրամ (մոտ 11 դոլար), առնելը ընտանիքի համար շռայլություն կլիներ: Դպրոցում ինտերնետ կա, բայց Պողոսյանների համար չէ: Ինտերնետային դասերին մասնակցելն արժե 1000 դրամ (2,2 դոլար), իսկ նրանք չեն կարող վճարել: Արսենը Գայանեին մխիթարել է` ասելով, որ ինտերնետը մի բան չի. ինքը տեսել է` մի հատ միացնում են ու արագ անջատում:
Գայանեի ծննդյան օրն այս տարի չեն նշել: Իսկ Սիրանուշինը նշել են: Նա նույնիսկ նվեր է ստացել. հարևանը նվիրել է մազի «բռոշկա»` մազերը հարդարելու գույնզգույն փոքրիկ ամրակներ, որ հազիվ մի 200 դրամ (40 սենթ) արժենան: Սիրանուշը դրանք խնամքով պահում է տոպրակի մեջ, և Գայանեն դրանցով հյուսում է նրա մազերը:
Ռիտան ամեն ինչ անում է, որ գոնե երեխաների ծննդյան օրերը նշվեն, մի տորթ գոնե կարողանա թխել: «Ծնունդ էլ որ չանես` էրեխեքը ուրախանան, ուրեմն վաբշե էլ պտի չապրես»,- ասում է նա:
http://www.armenianow.com/?action=viewArticle&IID=1061&CID=1450&AID=1282&lng=eng