Ռուզաննա Ամիրաղյան
Ամեն անգամ ամուսնու մասին խոսելիս Եղսիկի աչքերը լցվում են
Եղսիկի միակ նպատակը ընտանիքը յոլա տանելն է
Երկու տարի առաջ Ասատրյանների չորս հոգանոց ընտանիքը Լեռնագոգ գյուղից տեղափոխվեց Մեծամոր: 30-ամյա Եղսիկ Հակոբյանն իր 13, 12 և 9 տարեկան երեխաների հետ բնակարան վարձեց մի շենքում, որի այցեքարտը խափանված կոյուղու գարշահոտությունն է:
«Ամուսինս մահացավ 1998-ին: Փոքրս քսան օրական էր, երբ էդ դեպքն էղավ. ավտովթար` ամուսինս էլ մեքենայի մեջ»,- սկսում է Եղսիկն իր ընտանիքի դժվարին պատմությունը:
9-ամյա Արկադին արդեն սովորում է երկրորդ դասարանում: Նիհար է ու փոքրամարմին, դեմքը գունատ է: Թերսնման պատճառով տղան ֆիզիկական զարգացմամբ հասակակիցներից հետ է մնում:
Ամուսնու մասին պատմելիս Եղսիկի աչքերը լցվում են, բայց մի ներքին ուժով ինքն իրեն տիրապետելով, Եղսիկը զսպում է արցունքներն ու շարունակում: 27 տարեկանում զոհված ամուսինը ժամանակին վարսավիրություն է սովորել, բայց ընտանիքը պահելու համար տարբեր շինարարական աշխատանքներ է կատարել:
Եղսիկի ամսական եկամուտն ընդամենը 54.400 դրամ է (մոտ 180 դոլար): Սա «Փարոս» ծրագրով հասանելիք 23.000 դրամն է, երեխաների միակողմանի որբության 12.000 դրամ (մոտ 40 դոլար) նպաստը (բոլոր երեքի համար) և Եղսիկի ամսական 19.400 դրամ (մոտ 64 դոլար) աշխատավարձը:
Վերջերս Եղսիկն աշխատանքի է ընդունվել Մեծամորի թիվ 3 մանկապարտեզում:
Հագուստ գնելու հնարավորություն չունենալով` Եղսիկը գործի է դրել տատի իլիկը:
«Գյուղից բուրդ եմ առնում, լվում, գզում, մանում, թել սարքում ու գործում: Էղել ա` «կաստյումչիկ» եմ գործել, ծախել: Բայց, դե, շատը էրեխեքիս եմ գործում` սվիտեր, ռետուզ, նասկի, ու տենց բաներին էլ փող չեմ տալիս»,- շարունակում Եղսիկը` կիսաքանդ պահարանից հանելով իլիկը:
Ժամանակ առ ժամանակ հյուսքի պատվեր է կատարում, տուն է մաքրում, չի խորշում ոչ մի աշխատանքից: Ամռան ամիսներին Եղսիկը, շատ մեծամորցիների նման, գնում է դաշտային աշխատանքների: «Քաղհան, շիթիլ, բերք հավաքել` տարբեր աշխատանքներ, ինչ որ դաշտում են անում, օրական 3000 դրամի դիմաց»,- ասում է Եղսիկը:
Բնակարանը կոկիկ է, սակայն չքավորությունն իր գործն է անում: Պատերի մռայլ շագանակագույնը խոսում է բնակիչների փոխարեն: Այս ու այնտեղ`հնամաշ հագուստ, մաշված մեծ ու փոքր կոշիկների կույտ, դռները ճռռում են, կարծես էլ չեն դիմանում կյանքի դժվարություններին:
Թե մինչև ամուսնու մահը և թե դժբախտ պատահարից յոթ տարի անց ընտանիքն ապրել է Եղսիկի հայրական տանը` Լեռնագոգում: Ամուսնու ծնողների ամուսնալուծությունից հետո սկեսրայրը երկրորդ անգամ ամուսնանալով` իր նոր ընտանիքով շարունակել է ապրել Բամբակաշատ գյուղի իրենց տանը, որտեղ ծնվել ու մեծացել էր Եղսիկի ամուսինը, սակայն որտեղ նրա ընտանիքի համար տեղ չկար:
Ընտանեկան հանգամանքների բերումով տեղ չկար նաև Եղսիկի հայրական տանը:
«Պարզապես էնտեղ [Բամբակաշատում] դժվար էր ապրելը. աշխատանքը շատ քիչ էր: Դե, մամայենց տունը փոքր չէր, բայց մամայիս տունն էր, ախպորս տունն էր: Մեկ ա, սենց թե նենց, մի տարի թե էրկու տարի, ես պտի դուրս գայի, որ ախպերս ամուսնանար: Դրա պատճառով էլ ախպերս էտքան մնաց` մինչև 40 տարեկան, իմ պատճառով չէր ամուսնանում: Դրա համար ասի` ավելի լավ ա` ես իմ ընտանիքը, դուք` ձեր ընտանիքը, հանգիստ ձեր համար ապրեք: Թե սենց մինչև ե՞րբ պետք ա մնանք: Մեկ ա, իմս չի»,- ասում է Եղսիկը:
Գյուղից տեղափոխվելուց հետո Եղսիկի ընտանիքը միայն այս գարնանն է մշտական բնակության տեղեկանք ստացել, որի շնորհիվ հնարավոր է դարձել ձևակերպել աղքատության նպաստն ու երեխաների միակողմանի որբության թոշակը:
Բայց Եղսիկի միակ ամենամեծ երազանքը եղել ու մնում է սեփական տուն ունենալը:
«Պետք ա շատ փող ունենաս, որ տուն առնես, չէ՞: Ես չեմ պատկերացնում, ասենք, որ էնքան ունենամ, որ պալատ ունենամ: Էտի չեմ էլ ուզում: Ինձի մի անկյուն լինի, որ ես տան վարձ չտամ: Էրեխեքը իմանան, որ էտ մեր տունն ա: Մի մեխ էլ որ մեխեմ, իմանամ, որ իմն ա»:
Եղսիկն իր ընտանիքի ապագան տեսնում է Մեծամորում, չի ուզում ուրիշ տեղ տեղափոխվել:
«Հըլը որ էս ձև ա էթում, էս ձևով էլ նայում եմ, եսիմ: Ինձ թվում ա` ես Մեծամորից էլ ոչ մի տեղ չեմ էթա: Չեմ էլ ուզում էթամ: Ստեղ հանգիստ ա, լավ ա Մեծամորը: Ստեղ էլ ուզում եմ միշտ մնամ: Կարող ա ուրիշ տեղ աշխատանք ըլնի, էթամ ու գամ, ստեղից չտեղափոխվեմ: Չգիտեմ` կարող ա` Հոկտեմբերյան [այժմ` Արմավիր], կարող ա` Էրևան: Օրինակ` դեկտեմբերին մտածել էի, որ արձակուրդ տան, էթայի Էրևան, մի գործ ճարեի, բայց գնայի-գայի, չմնայի ընդեղ: Մի քիչ նենց նորմալ փող ըլնի, որ ես կարանամ իմ նպատակներին հասնել», — ասում է Եղսիկը: — Ինձ էլ ուրիշ բան պետք չի»:
http://www.armenianow.com/hyesanta/2009/7979/hyesanta_2008_just_a_job_and_some