Ժաննա Ալեքսանյան

 

Կիսաքանդ հանրակացարանի սենյակը, որտեղ ժամանակավոր ապաստան է գտել 16-ամյա Վաղոն, հոսանքազրկված է: Պատուհանն ապակի չունի, փոխարենը Վաղոն քրջեր է խցկել: Սենյակում անտանելի ցուրտ է, սակայն Վաղոն, որի հագին բարակ մարզահագուստ է և պատռված կոշիկներ, ասում է, որ չի մրսում:

Այսպես և այստեղ է անցկացնելու ձմեռը:

«Ես ցրտին սովոր եմ: Փոքրուց հագս կոշիկ չի եղել: Ձմեռը ձյան մեջ բոբիկ էլ եմ եղել: Ճիշտ է` հիվանդացել եմ, բայց շուտ էլ լավացել եմ»,- հուսադրում է նա:

Մայրն ու որդին` Աննան ու Վաղոն, նախկինում «գործընկերներ» են եղել: Երկուսն էլ մուրացկան էին: Գյումրիի Պլպլան ժամի մոտ փող էին մուրում: Ութ տարի առաջ նրանց բաժանեցին: 8-ամյա Վաղոյին ոստիկանության աշխատակիցները եկեղեցու դռնից բռնել ու առանց մորն ասելու բերել էին Երևան` Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոց:

«Օրգանի աշխատողները որ երեխայիս տարան` մեկեն ատամներս թափվեցին,- պատմում է Աննան, որն ապրում է նույն հանրակացարանում` ընկերուհու սենյակում: — Տեղը չէին ասում: Արաղի շիշը ծոցս` ման էի գալիս: Խմում էի ու լաց ըլնում: 2 ամիս հետո հարցուփորձով տեղը գտա»:

Ութ տարվա ընթացքում մայր ու որդի մի քանի անգամ են իրար տեսել: Առաջին անգամ Վաղոն լաց է եղել, խնդրել մորը, թե` հետդ տար: Հետո ինքն է փախել եկել Գյումրի. մորը կարոտել էր: Մի քանի օր մնալուց հետո ասել է` ինձ հետ տար դպրոց:

«Չէի կարողանում գնալ մոտը, ձեռքս փող չէր ընկնում: Ինքն էլ արդեն խելքը հասնում էր, 2 անգամ փախել` եկել, ինձ գտել էր»,- պատմում է մայրը:

Վերջին 4 տարիներին Վաղոն այլևս չի փախել դպրոցից: Արդեն հասուն էր և մոր կարոտն իր մեջ պահել գիտեր:

«Մորս պայմաններն էի հիշում… Գիտեի, որ չի կարող գալ ինձ տեսնելու: Հարմարվեցի»,- բացատրում է նա:

Վաղոն ծնվել է Գյումրիի համար ամենածանր օրերին` երկրաշարժից 4 ամիս հետո` 1989 թ. ապրիլի 14-ին: Նա տանը չի մեծացել: Մոր հետ ապրել են թափառական կյանքով` փողոցներում ու կայարաններում:

«Էրեխեն որ ծնվեց, հողե մի տուն տվեցին: Էն էլ տեղը փոս էր, ջուր լցվեց` փլվեց: Ամուսինս ինձ թափառական թողեց` գնաց: Ինքը խմող, խուլիգան մարդ էր»,- պատմում է Աննան:

Դպրոցը Վաղոյի տունն էր դարձել: «Դպրոցում ընտիր էր»,- հիացմունքով ասում է նա: Նույնիսկ տնօրենից ստացած ուժեղ ապտակից չի վիրավորվել: Խստությունն ու կարգապահությունը գնահատում է:

Գրել-կարդալ սովորել է դպրոցում: 8-ամյան ավարտել է բարձր գնահատականներով: Բազմաթիվ գովասանագրեր ու պատվոգրեր է ստացել «բարձր առաջադիմության ու օրինակելի վարքի համար»: Դպրոցում նաև կրոնի դասեր են անցել, անգիր գիտի Տերունական աղոթքը:

«Ամեն օր քնելուց առաջ աղոթում եմ, որ Աստված մեզ հաց պարգևի»,- աղոթքը յուրովի մեկնաբանում է Վաղոն:

Դպրոցի տված բնութագրերում նշվում են Վաղինակ Աթոյանի դրական ու բացասական կողմերը. ֆիզիկապես զարգացած է և առողջ, հետևում է անձնական հիգիենային, մաքրասեր է, աշխատասեր և սիրով է կատարում առաջադրանքները: Ենթարկվում է դպրոցի կարգուկանոնին: Չի ծխում, կռվարար չէ, երգում է, պարում ու արտասանում:

Որպես բացասական հատկություններ նշվում են համառությունն ու կամակորությունը, սակայն «ձգտում է շտկել թերությունները, ընդունում է դիտողությունները»:

Վաղոն, սակայն, իր համառությունը դրսևորել է ուսման հարցում: Դպրոցն ավարտելուց հետո այս ամառ վերադարձել է Գյումրի` մոր մոտ: Երկու ամիս աշխատել է շշերի պահեստում, իսկ սեպտեմբերին ընդունվել է տեղի թիվ 1 ուսումնարանի համակարգչային բաժինը, որտեղ սովորելու է 3 տարի:

Վաղոյի փաստաթղթերն ուսումնարան է ներկայացրել միջազգային «Ուորլդ վիժըն» կազմակերպության Գյումրիի բաժինը, որը 2004-ից երեխաների պաշտպանության ծրագիր է իրականացնում Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցում:

Ծրագրի Գյումրիի պատասխանատու Կարինե Կուրղինյանն ասում է, որ Վաղոն «սովորելու մեծ պոտենցիալ ունի և մենք հետևելու ենք, որ նա ուսում ստանա»:

«Ուորլդ վիժընը» պայմանավորվածություն է ձեռք բերել Գյումրիի քաղաքապետարանի հետ (առայժմ` բանավոր)` ժամանակավոր կացարան տրամադրելու նրանց (հանրակացարանում նրանք անլեգալ են ապրում) լքված որևէ բնակարանում, սակայն այս ձմեռ Վաղոն ու նրա մայրը կանցկացնեն հանրակացարանում մինչև հարցի լուծումը:

Վաղոն հաճույքով է գնում ուսումնարան: Դասերը սովորում է մութ ու ցուրտ սենյակում: Ուսումնարանի տնօրեն Գրիգոր Մկրտչյանն ու դասղեկ Լաուրա Մանուկյանը գովեստով են խոսում Վաղոյի մասին: Լավ է սովորում, պարտաճանաչ է, դասերից չի բացակայում և օժտված է առանձնահատուկ ջերմությամբ:

Վաղոյի մայրը` Աննան, հպարտանում է որդու ընդունակություններով, սակայն գերադասում է, որ Վաղոն աշխատի:

«Ուզում եմ աշխատի, որ գլուխներս պահենք: Հոգնել եմ էս թափառական կյանքից: էլ չեմ կարողանում, չեմ ուզում տնից դուրս գալ: Մտածում եմ` ինչո՞ւ էս էրեխուն բերեցի: Մենակ լինեի, գլուխս կպահեի: Սիրտս մղկտում է, որ էրեխուս տեսնում եմ սոված, ծարավ… ձմեռվա կեսին տկլոր»,- խեղճանում է 45-ամյա Աննան, որն առողջության խնդիրներ ունի:

Նրանց միակ եկամուտն ուսումնարանից ստացած 4500 դրամ կրթաթոշակն է: Վաղոն չի ուզում ուսումը կիսատ թողնել: Մտածում է` աշխատանք գտնել, ուսման հետ համատեղել:

«Որ սկսեմ աշխատել, փող կհավաքենք, վառելիք, մորս համար շորեր կառնենք, ինքը էլ դուրս չի գա փողոց… կկտրվի [մուրացկանությունից]: Հիմա, որ փող չունենք, ստիպված գնում է»,- ասում է Վաղոն:

Նա տհաճությամբ է հիշում մանկությունը: Չի սիրում խոսել այդ մասին, ուրախ է, որ արդեն անցյալում է:

«Երբ եկեղեցի եմ գնում, տեսնում եմ ընկերներիս, ում հետ մուրացկանություն ենք արել: Ինձ տեսնելիս զարմանում են, ասում են` էս ինչ տղա ես դարձել… Մինչև հիմա էլ մուրացկանություն են անում»,- պատմում է նա:

Աննան էլ է զղջում իր անցյալի համար: Նրա միակ մտահոգությունը Վաղոն է:

«Ես շատ սխալներ եմ արել… Հիմա Աստծուց խնդրում եմ` 4 պատ ունենամ, Վաղիկիս տեղավորեմ` նոր մեռնեմ: Մահն ի՞նչ է, էնպես անսպասելի է գալիս»,- ասում է Աննան:

Վաղոյին հանրակացարանում սիրում են: Բոլորին օգնում է: Հարևանուհին` Շողիկը, ասում է, որ օրվա եփած ճաշից «Վաղիկիս փայ եմ պահում»:

«Կարող է մի հաջողության հասնեմ` ես էլ իրենց օգնեմ»,- խոստանում է Վաղոն:

 

http://www.armenianow.com/?action=viewArticle&IID=1060&CID=1439&AID=1274&lng=arm

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով