Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ճանապարհը ոլորապտույտ բարձրանում է Կողբ գյուղի բարձունք: Գյուղի ծայրին տեղադրված վագոն-տնակը վերափոխված է երկու փոքրիկ բնի` խուց-միջանցքով:
63-ամյա Միշա Եգանյանն իր կնոջ և որդու ընտանիքի հետ տասնամյակների իր վաստակած կյանքն է անցկացնում այս պայմաններում:
— 4 տղա ունեմ, երկուսը հիմա պայմանագրային ծառայողներ են: Ապրում են մեկը Կողբում` հորական տատի տանը, երկուսը` նույնպես Կողբում են, վարձով: Մի տղաս էլ` մեզ հետ, դոմիկում է,-ասում է Միշան:
Նրա աջ ձեռքը ուսից անդամահատված է: 20 տարի առաջ Նոյեմբերյանի սահմանագոտում է կորցրել.
— Վանաձոր քաղաքում երթուղային ավտոբուս էի վարում: 1988-ին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, վերադարձա սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջան, հայրենի Կողբ: «Կրազ» ստացա, փախստականներին անշահախնդիր Նոյեմբերյանի տարածաշրջան էի փոխադրում:
1990թ. օգոստոսին Բաղանիս-Այրում գյուղում վիրավորվում է: Մանրամասն հիշում ու հանգամանորեն պատմում է դեպքերը: «Ադրբեջանցիք նահանջել էին, թվում էր` լքել էին գյուղը: Սակայն անսպասելիորեն երեք կողմից շրջապատման մեջ ընկանք, սկսեցին ուժեղ կրակել: Ջոկատի 28 հոգուց 10 զոհ, 8 վիրավոր տվեցինք: Հարթ տեղանքում իմ «Կրազը» լավ թիրախ էր դիպուկահարների համար: Պաշտպանվելու համար բոլորս մեքենայի տակ մտանք, ես տեղավորվեցի շրջանակի արանքը: Որտեղից որտեղ գնդակներից մեկը կպավ շարժչին, մեքենան շարժվեց: Էդ էլ հերիք չէր` աջ անիվը փամփուշտից պայթեց: «Կրազը» կախվեց ճանապարհի եզրին, անդունդի վրա: Ուժեղ կրակի տակ դուրս թռա մեքենայից: Ադրբեջանցու գնդակը պոկեց աջ ձեռքիս 3 մատը: Ուզում էի թաքնվել ճամփի կողքի ջրատար առվում, բայց այդ պահին գնդակը կպավ աջ թևիս: Պայթող տեսակի էր, ոսկորս ջարդեց: Մի ուրիշ գնդակ էլ խոցեց կուրծքս»:
Փոքրամարմին, շարժուն Միշան ցույց է տալիս իր խեղված մարմինը: Կուրծքը պատված է սպիներով, ուսից մի քանի սանտիմետր ներքև ձեռքն ավարտվում է: Ծառի կոտրված ճյուղի է նման:
Պատմում է, որ վիրավորվել է նաև աջ ազդրից ու ոտնաթաթից: «Հիմա աջ ոտքիս նյարդերը չեն գործում: Էն ժամանակ ես ինձ վիրավոր վիճակում մի կերպ շպրտեցի առվի մեջ: Սողում էի ու մտածում` մենակ թե ստեղ չմեռնեմ, գնամ, իմ հողի վրա մեռնեմ»:
Օգնության հասած ջոկատը Միշային ու էջմիածնեցի Սամոյին վիրավոր դուրս է բերում մարտադաշտից: «Հիվանդանոցի ճանապարհին Սամոն մահացավ: Երեսս լրիվ արյունով էր, փոշոտ էի, Նոյեմբերյանի հիվանդանոցում էլ ինձ չճանաչեցին: Երբ շտապ օգնության մեքենան կանգնեց հիվանդանոցի առաջ, բժիշկներից մեկը, տեսնելով արյունաշաղախ մարմինս, ասաց. «Սա էլ է դիակ»:
Ես ամեն ինչ գիտակցում էի, բայց չէի կարողանում խոսել; Ուժերս լարերով` կարողացա մի կերպ արտասանել մեր համագյուղացի քուժքրոջ անունը: Այդպես իմացան, որ ես չեմ զոհվել»:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրաբույժ Երվանդ Շմավոնյանը մի քանի ժամ վիրահատում է Միշային: Աջ թևն ուսիցս ներքև հեռացնում են: «Բժիշկները փրկեցին իմ կյանքը, շնորհակալ եմ»:
Միշան արագ-արագ պատմում է գլխով անցածը: Հին, մաշված բուֆետի վրա շրջանակի մեջ առնված նկար կա. Միշան է կնոջ հետ: Երկուսն էլ` երիտասարդ, գեղեցիկ, ժպտուն: Շրջանակն էլ զարդարել են արհեստական սպիտակ վարդով:
Միշայի կինը` 60-ամյա Հրանուշ Պետրոսյանը, պատմում է.
-Միշայի վիրավորվելու ժամանակ իմ ծննդավարում`Ալավերդիում էի գտնվում: Բարեկամներս ինձ բերեցին Նոյեմբերյան: Հիվանդանոցում նոր իմացա, որ Միշայի աջ ձեռքը կտրել են: Ամուսնուս քույրերն ինձ հարցրեցին` ամուսինդ արդեն հաշմանդամ է, տե՞ր ես: Այդ ժամանակ ավագ որդիս բանակում էր, փոքրը` 6 տարեկան: Ես ասացի` նման հարցեր պետք չի տալ:
Տիկին Հրանուշը ծանր ապրումներից շաքարախտով է հիվանդացել: Մեկուկես տարի առաջ անգիտակից վիճակում տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ երկու ինֆարկտ է անցկացրել: Մի ինֆարկտ էլ ունեցել է Կողբ գյուղում: Տիկին Հրանուշը երկրորդ կարգի հաշմանդամ է: Նրան խնամողը Միշան է: Օգնում է հագնվել, արյան ճնշումն է չափում: «Թեթև ձեռ ունի, լավ սրսկում է»,-ժպտում է կինը: Մի քանի անգամ Միշան նրա կյանքն արդեն փրկել է:
Ամեն ամիս ընտանեկան սուղ բյուջեից շուրջ 40 հազար դրամ ($ 111) ծախսվում է Հրանուշի դեղերի համար: Սակայն ընտանիքի համար ամենակարևորը մնում է բնակարանի հարցը: 2006թ. նոյեմբերին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այցելել էր տարածաշրջան: Բնակչության հետ հանդիպման ժամանակ Միշա Եգանյանը ՍերԺ Սարգսյանին հարց է ուղղում զոհված և վիրավոր ազատամարտիկներին բնակարաններով ապահովելու ծրագրի մասին:
-Սերժ Սարգսյանին պատմեցի, որ բնակարանի աջակցություն ստանալու համար 5 տարի շարունակ 36 փաստաթղթից բաղկացած փաթեթ եմ պատրաստում, Երևան ուղարկում, սակայն դրանք արդյունք չեն տալիս,- հիշում է Միշան:
Սերժ Սարգսյանը խոստացավ աջակցել, պաշտպանության նախարարությունը Միշա Եգանյանին հատկացրեց 3 միլիոն 600 հազար դրամ ($ 10000):
-Ուզում էի այդ գումարով Կողբում տուն գնել, բայց մեր չար բախտից այդ ընթացքում տները թանկացան: Այդքան գումարով մի խարխուլ կացարան կարող էի գնել: Որոշեցի միհարկանի տուն կառուցել: Սակայն շինանյութն էլ թանկացավ: Պատերը մի կերպ կանգնեցրի, տանիքը դրեցի,-ասում է երկրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկը:
Սակայն փետրվարյան ուժգին քամին պոկել է տան 12×15 մ մակերեսով թիթեղյա տանիքը և մոտ 20 մետր օդում պտտեցնելով` նետել հարևանի բակ: Բարեբախտաբար, ոչ ոք չի վնասվել: Փոթորիկը, ճիշտ է, ուժեղ է եղել, բայց տանիքը կառուցած վարպետներն էլ բարեխիղճ չեն աշխատել, լավ չեն ամրացրել:
Դեռևս 2009թ. Միշան դիմել է պաշտպանության նախարարություն, աջակցություն խնդրել կիսակառույց տունն ավարտելու համար, սակայն պատասխան է ստացել, որ պաշտպանության նախարարությունը զոհված և հաշմանդամ ազատամարտիկների տների վերանորոգման համար գումար չի հատկացնում:
9 մետրանոց վագոն-տնակում դժվար է երկու ընտանիքով ապրել:
-Գիշերները մետաղյա վագոնում ցուրտ է լինում-ասում է Միշայի որդու` Ավետիքի կինը, ով մեկ տարի առաջ Վանաձորից հարս է եկել:
Սակայն Միշան չի հուսահատվում, նա փառք է տալիս Աստծուն, որ ողջ է մնացել: Նա այժմ էլ պայքարում է. մի ձեռքով փայտ է կոտրում, բահով հող փորում, այծեր պահում: Նոր տարվա նախաշեմին Միշան «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի միջոցով բարերարներից յոթ ոչխար նվեր ստացավ: Միգուցե մեկ այլ կազմակերպություն էլ օգնի նրան կիսակառու՞յցն ավարտելու: