Պատերազմ։ Առաջնագիծ ու թիկունք։

Այս երեխաների հայրերն ու եղբայրները գոյամարտի են կանգնած։

ՖԱՈՒՆԱ համալիրի աշխատակիցները ջերմ հոգածությամբ ապաստան են տվել Արցախի տարբեր բնակավայրերից Երևան հասած այս ընտանիքներին։ Կերակրում են, զբաղեցնում, խաղում միասին՝ մի ընտանիք են դարձել։

«Հայ Ձմեռ պապի» առաջարկին՝ այցելել երեխաներին, նրանց նկարչական և այլ պարագաներ, գրքեր, ներկելու տետրեր, խաղեր նվիրել, աշխատել ու ընկերանալ հետները, արձագանքեցին գեղանկարիչներ Արմեն Խոջոյանն ու Աննա Ադիյանը։

Լոս Անջելեսի մեր գործընկեր «Modest Fly Art» ստուդիայի տնօրեն Իռեն Ծատուրյանն էլ իր ընկերների հետ սիրով ստանձնեց երեխաների նվերների հարցը։ Նրանց հանգանակած գումարով գնեցինք նկարչական պիտույքներ, խաղեր, գրքեր։

Փաստորեն՝ վարպետաց դաս՝ շարունակում ենք մեր Հավեսին սենյակների ծրագիրը, այս անգամ ոչ թե Հայաստանի սահմանամերձ գյուղերի, այլ Արցախից եկած երեխաների հետ։ Պստիկներն այնպիսի մղձավանջ են ապրել, որ ընկերության, խաղի ու արտթերապիայի մեր առաջարկը տեղին ստացվեց։

Մեզ միացավ նաև մեր հին բարեկամ Նելլի Մինասյան-Բաբախանյանը։ Ընկերների հետ մեծ քանակությամբ տաք հագուստ, խաղեր, փափուկ խաղալիքներ էին հավաքել, Նելլին էլ ողջ գիշեր տեսակ-տեսակ թխվածքներ էր պատրաստել՝ սիրով ու խաղաղության աղոթքով։

Շնորհակալություն բոլոր բարեգութ մարդկանց․ հայությունն այսօր բարոյականության բարձր շեմեր է սահմանում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։

Լավ օր ստացվեց։ Մամաներն ու տատիկ-պապիկներն էլ աննկատ միացան մեր նկարիչ երեխաներին ու հաճույքով մասնակցեցին պարապմունքին։ Մեջների չարաճճիները «հուշարարությամբ» էլ էին զբաղվում՝ ուսուցչից թաքուն նկարում էին իրենց երեխաների ալբոմներում։

Պայծառ օր ստացվեց։

Միգուցե հետագայում էլ՝ պատերազմից հետո, նրանց գյուղերում ու քաղաքներում էլ Հավեսին սենյակներ բացենք։

Խաղաղություն բոլորիս։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով