Գայանե Մկրտչյան, Անահիտ Հայրապետյան
Ընտանիքը երախտապարտ է, որ գոնե այս տունն ունի
Սիրուն են, չէ՞
«Այս պատերը արքայություն են մեզ համար»
Լեռան գագաթին ծվարած ու մայրամուտի շողերով շաղախված գյուղը նմանվում է ոսկեզօծ պսակի: Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում աշունն իր իրավունքների մեջ է: Ջերմ արևը շոյում է գյուղի բերքառատ այգիները: Գեղարդի թիկունքում ասես շուրջպար են բռնել Գեղամա լեռնաշղթայի հսկա լեռները:
Գյուղում ամեն ինչ կատարյալ է, անթերի: Սակայն աշնան արբշիռ գույները խունանում են, երբ սկսում եմ փնտրել Սենիկ Կարապետյանի տունը:
Գյուղացիներն ասում են, որ տունը գյուղի ծայրին է: Մինչև հասնում ենք Սենիկենց տուն, գյուղն ամբողջովին թաղվում է մթության մեջ: Ուղեկցող գյուղացիներից մեկը ցույց է տալիս խավարի մեջ առկայծող լույսն ու ասում. «Հենա Սենոյենց տունը»:
Հեռվում լույսի մեջ ողողված փոքրիկ պատուհան է երևում: Պատուհանի մոտ փոքրիկ աղջկա դեմք է երևում: Նրա աչքերը շողշողում են զույգ աստղերի պես: Նկատելով մոտեցող անծանոթներին` նա վազում է դեպի դուռը: Վայրկյաններ անց մեզ դիմավորում է 39-ամյա Սենիկի վեց հոգանոց ընտանիքն ու ներս հրավիրում:
«Սա մեր կացարանն է, համեցեք,- ժպտալով ասում է տանտերն ու կնոջը հայացքով հասկացնում, որ սեղան գցի: — Տասնմեկ տարի դոմիկում ապրելուց հետո առաջին ձմեռն է, որ անցկացնում ենք քարե պատերի մեջ»:
Սենիկենց նոր կացարանն ընդամենը 20 քմ է: Քարե չորս պատերն առանց կարգին տանիքի են. տանիքը ծածկել են, ինչ ձեռքներն ընկել է`տախտակի մանր-մունր կտորներ, երկաթե թիթեղներ, ստվարաթուղթ:
«Այս պատերը արքայություն են մեզ համար,- ասում է Սենիկի կինը` 38-ամյա Կարինե Կարապետյանը: — Ճիշտ է, որ գիշերը պառկում ենք, ոնց որ դրսում լինենք` չորս կողմից քամին էնպես է փչում: Բայց, դե, ի՞նչ արած»:
Չորս երկաթե մահճակալ, հեռուստացույց, հին պահարան, սեղան ու մի քանի աթոռ: Փոքրիկ կացարանում ուտում են, քնում և հյուր ընդունում: Նաև լողանում ու լվացք անում: Մահճակալներից մեկին տեղավորվել են երեխաները: 16-ամյա Ալինան արագ-արագ սուրճ է պատրաստում: Սեղանին հայտնվում են խնձոր, տանձ, ընկույզ:
«Օգտվեք, խնդրեմ,- ասում է Ալինան: — Մեր ընտանիքի աշխատանքի արդյունքն է»:
Սենիկն ասում է, որ հիմա բերքահավաքի շրջան է, ընտանիքով գնում են գյուղացիների այգիներում աշխատելու: Մեկ օրվա համար վճարում են 2000 դրամ կամ մի քիչ ավելի: Նաև խնձոր ու ընկույզ են տալիս: Կարինեն պատմում է, թե ամուսինն ինչ դժվարությամբ է ընկույզի ծառերը բարձրանում ու թափ տալիս:
«Աստված չանի` Սենիկին մի բան լինի, կորած ենք»,- ասում է նա:
1993 թվականին Սենիկը սեփական հողամասի գրավի դիմաց պետությունից 20.000 ռուբլի վարկ է վերցնում տուն կառուցելու համար: Սակայն երբ Հայաստանն անցնում է ազգային դրամի, Սենիկի վերցրած գումարի տոկոսներն այնքան են ավելանում, որ, վաճառելով հողամասը` նա հազիվ կարողանում է բանկի պարտքը փակել:
1996-ից Կարապետյանների ընտանիքն ապրում էր վագոն-տնակում: Երեք երեխաները` Ալինան, Սարգիսն ու Անին, ծնվել են վագոն-տնակում: Թուֆենկյան հիմնադրամի շնորհիվ մի քանի ամիս է, ինչ նրանց ընտանիքը 1250 քմ հողամաս ունի: Սենիկն ասում է, որ խորհրդային տարիներին այդ հողամասը գյուղի սովխոզինն էր, այդտեղ ձմեռվա անասնակեր էին պահում: Իսկ 20 քմ տարածքն էլ նախկին պահակատունն էր:
Սենիկն ու Կարինեն պատմում են հոգսերից ու դժվարություններից, բայց ընտանիքում մի տեսակ ուրախություն է տիրում: Նեղության մեջ լինելով հանդերձ` չեն նեղվում, իրենք իրենց հույս են տալիս ու այդ հույսով շարունակում ապրել:
«Մեր հարստությունը մեր չորս երեխաներն են: Դժվար է պահելը, բայց նրանց սոված չեմ թողնում, բա իմ ձեռքերն ինչի՞ համար են»,- ասում է հայրը:
Ընտանիքի միակ եկամուտը 30.000 դրամ նպաստն է, որից 22.000 դրամն ամեն ամիս տալիս են երկու պարկ ալյուրին: 1500 դրամ մուծում են էլեկտրաէներգիայի վարձ, իսկ մնացած 6500-ի ձեռքը «կրակն են ընկնում»: Չգիտեն` ինչից սկսեն ու ինչով վերջացնեն:
Կացարանի միակ վառ գույները 10-ամյա Անիի պատրաստած պլաստիլինե խաղալիքներն են: Նա սառած մատներով վարպետորեն երկու վարդ է պատրաստում ու ասում. «Սիրուն են, չէ՞»: Աղջիկն այնքան բարձր է շնչում, որ ակամայից ուշադրություն է գրավում: Մայրը ցույց է տալիս Անիի ուժեղ արտահայտված նշագեղձերը: Նշագեղձերի բորբոքված վիճակից Անին տառապում է նաև սրտի արատից: Վերջին բուժումն աղջիկը ստացել է անցյալ աշնանը Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցում:
«Բժիշկներն ասացին, որ Անիի նշագեղձերն անպայման պետք է հեռացվեն` հետագայում բարդություններից խուսափելու համար, բայց չենք կարող մեզ թույլ տալ բժշկի դիմել »,- ասում է Կարինեն:
Սենիկը նաև ասաց, որ կինը տառապում է էպիլեպսիայից:
«Եթե Կարինեն առողջ լիներ, ես կմեկնեի արտագնա աշխատանքի, գումար կվաստակեի ու կգայի` տունս կսարքեի,- ասում է Սենիկը: — Հաճախակի ուշաթափվում է, երեխաներին չեմ կարող մենակ նրա հույսին թողնել»:
Կարինեն երբեք չի բուժվել: Միակ բուժհիմնարկը, որտեղ վատանալու դեպքում հասցնում են նրան, Գառնու հիվանդանոցն է: Այնտեղ հանգստացնող են ներարկում ու հետ բերում:
Սենիկենց այցելում ենք նաև հաջորդ առավոտյան: 12-ամյա Սարգիսը տանը չէ: Եղբայրը`Ալիկը, ասում է, որ գնացել է ձոր ալոճ հավաքելու: Շուտով Սարգիսը գալիս է կարմիր ալոճով լիքը ցելոֆանե տոպրակը ձեռքին ու հյուրասիրում մեզ: Նրա այտերն իր հավաքած ալոճի պես կարմիր են:
Սենիկն առաջարկում է ցույց տալ նոր կառուցվող տան հիմքերը: Ալիկն ասում է, որ տանը հիմքը գցելիս «լիքը» մանրադրամ է լցրել, որպեսզի շատ փող ունենան: Իսկ Կարինեն ավելացնում է. «Ես էլ կոնֆետ եմ լցրել, որ նոր տանը երջանիկ ու առողջ ապրենք»:
Կարինեն փորձում է քաջալերել ամուսնուն. «Փառք աստծո, որ մեր հողի վրա ենք արդեն, հո էսպես չե՞նք մնա, գարնանը ծառեր կդնենք, ու մի 5 տարուց բերք կտան»:
Միակ խնդիրն այն է, որ նոյեմբերից գյուղում դադարում են ամեն տեսակի աշխատանքները, ու նրանք ստիպված նստում են տանն ու սպասում գարնան բացվելուն:
Սենիկը շոյում է տան հիմքի պատերն ու արցունքների միջից ասում. «Հիմա մի նպատակ ունեմ` կարողանամ տունս կառուցել: Ուզում եմ` երեխաներս մի քիչ մարդավայել կյանքով ապրեն: Ու դրա համար ամեն ինչ կանեմ»,- ասում է նա:
http://www.armenianow.com/hy/hyesanta/2009/7972/hye_santa_2008_a_family_a_foundat