Գայանե Աբրահամյան

Հինգ ամսական Միքայելը պառկած է հին, երկաթե օրորոցում: Շորերն ու վերմակը նույնքան հին ու մաշված են, որքան բերանի դատարկ ծծակը, որ նա ագահորեն ծծում է, կարծես այն կարող է պատասխան տալ «Էսօ՞ր էլ եմ սոված մնալու» հարցին:

Այդ հարցը հուզում է նաև Միքայելի 4 եղբայրներին ու 6 քույրերին, բայց նրանք մի քիչ մեծ են` կդիմանան, իսկ մանկիկը` ոչ:

Հանապազօրյա հացը Սարգսյանների 13 հոգանոց ընտանիքը դժվարությամբ է հայթայթում: Եղածը կիսում են միմյանց միջև. նախ` փոքրերին. առաջինը Միքայելն է, հետո` 1,5 տարեկան Ալինան, 3 տարեկան Հակոբը, 5 տարեկան Մարինան, 7 տարեկան Մարգարիտան, 8 տարեկան Վաղարշակը, 9 տարեկան Վարդուհին, 11 տարեկան Անդրանիկը, 16 տարեկան Նաիրան, 18 տարեկան Սեդան և 20 տարեկան Սաշան:

Տասնմեկ երեխա, սուղ միջոցներ:

«Օրերով երեխեքս սոված են մնում, բայց ցույց չեն տալիս, ամաչում են, թե մի հարևան իմանա,- ասում է 38-ամյա մայրը` Սոնա Սարգսյանը: — Սուս ու փուս սպասում են, մինչև մի տեղից մի բան ճարենք:

Մեծը կդիմանա, փոքրին` չես բացատրի, որ աշխատանք չկա, նպաստը ուշացնում են, կլացի»:

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ապրող Սարգսյանների բազմանդամ ընտանիքը գոյությունը պահպանում է ամսական 40000 դրամ աղքատության նպաստով, որը բավականացնում է 2 պարկ ալյուրի, դրանից թխած հացն էլ հերիքում է ամենաշատը երկու շաբաթ:

{ai127702.jpg|right}«Որ մենակ ցամաք լավաշ ա լինում, էլի գոհ ենք: Մի քիչ հող ունենք, մի քիչ էլ կարտոլ ենք ունենում, բայց էրեխեքը թերսնված են մնում: Փոքրերս ամիսներով կաթի երես չեն տեսնում»:

Սննդի պակասից թերաճ են Միքայելն ու 1,5 տարեկան Ալինան, որը կշռում է մոտ 5 կգ` նորմայի կեսը: Թեև 17 ամսական է, բայց դեռ չի քայլում: 11-ամյա Անդրանիկի ատամները թափվում են, լնդերը ուռած ու բորբոքված են:

«Սովետի ժամանակ էս կնոջը հերոսուհու կոչում, տուն ու մեքենա կտային,- ասում է հարևանուհի Նվարդ Քոչարյանը: — Իշխանությունն աղաղակում ա` քիչ ենք, երեխա ունեցեք: էս էղածի մասին հո՞գ ա տանում, որ ունենան: 11 երեխա սոված, տկլոր, ամիսներով դպրոց չեն գնում կոշիկ չունենալու պատճառով: Էս կյա՞նք ա»:

Ամենամեծ խնդիրը գործազրկությունն է: Ընտանիքի հայրը` Սողոմոն Սարգսյանը, ժամանակին վարորդ է եղել, բայց կոլտնտեսության վերացումից հետո անգործ է մնացել:

 

«Աշխատանք չկա, ինչ էլ լինի` կանեմ, բայց չկա: Գյուղի միակ գործը անասուն պահելն ու հող մշակելն է, թե էդ չունես` ոտ ու ձեռդ կտրած են, ոնց որ իմը»,- ասում է Սարգսյանը:

«Մի տարով գնացի Ռուսաստան, ստրուկի պես աշխատացրին, խաբեցին ու մի տարվա փողը չտվեցին: Հետ գալու փող էլ չունեի: Էլ դրանից հետո ո՞նց թողնեմ 11 երեխուս հիվանդ կնոջս հույսին ու գնամ, բա որ չկարենա՞մ հետ գալ»,- ասում է նա:

{ai127703.jpg|left}Բացի հացի խնդրից, Սարգսյանների ընտանիքն ապրում է ամեն օր փողոցում հայտնվելու վախով: 10 տարի առաջ` երկրորդ տղայի ծնվելուց հետո, ամբողջովին քանդվեց տան հողաշեն կտուրը, շտապ տեղափոխվեցին Սողոմոնի եղբոր տուն` նորը կառուցելու հույսով, բայց առ այսօր անտուն են:

«Էս տանը մենք հյուր ենք, մեր անկյունը չունենք, անընդհատ վեճ ու կռվի մեջ, տեգրս ասում ա` դուրս էկեք, որ ես ամուսնանամ: Ինքն էլ մեղք չունի, 40 տարեկան ա, մեր պատճառով չի պսակվում»,- ասում է Սոնան:

11 երեխաներից ամեն մեկն իր երազանքն ունի. Նաիրան ու Իրինան երազում են կրթություն ստանալու մասին, Վարդուհին ուզում է դպրոցական գեղեցիկ պայուսակ ու մազերով տիկնիկ:

Մեծ աչուկներով ու ցրտից կարմրած թշիկներով փոքրիկ Դավթի ամենամեծ երազանքը «մեծ-մեծ շոկոլադն ա, որ հա ուտեմ` չպրծնի, քուրիկներիս տամ, ապերիկներիս տամ, բայց չպրծնի…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով