«Արեգնազան» կրթահամալիրը հերթական գործն է ձեռնարկել՝ վիրակապեր են կարում զինվորների համար։

Պաշտպանիչ գորգեր գործում են, տաք հագուստ հավաքում են, փափուկ ձեռագործ գուլպաներ ու գլխարկներ հյուսում են, անհատական նամակներ գրում են (ամեն մեկը՝ մի զինվորի բալասան), այսօր էլ, ուշքումիտքը մեր անգին տղաների հետ, վիրակապեր են կարում։

Միասին գնացինք, կտոր առանք, ու հիմա չափում-ձևում-կտրում-կարում են օրնիբուն։

Փաթեթներից մեկը գնաց Մայիլյան բժշկական կենտրոն, այնտեղից՝ Ստեփանակերտ և առաջնագծի զինվորներին։ ՈՄԱ-ից ևս կգան ու կտանելու այն, ինչ իրենց է անհրաժեշտ։ Մյուս երեք փաթեթները կգնան Շուշի և ևս երկու տարբեր ուղղություններով առաջնագիծ՝ զինվորներին։

Տղանե՛ր ջան, մեր անո՛ւշ տղաներ, մեր քա՛ղցր հերոսներ, մեր հո՛ւյս ու ապավեն, մեր պաշտպաննե՛ր ու մեր ապագա, ամեն ծալքի մեջ աղոթք ու մաղթանք կա, իմացե՛ք։

Իմացե՛ք, որ մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ այս վիրակապերը բացելու առիթ չունենաք։

Ձեր տաք ծոցերում, ձեր հզոր սրտերի վրա դրեք, սրանք վիրակապեր չեն, սիրո ծալ-ծալ նամակներ են․ դժվար գոյամարտի այս ծանր օրերին մեր աղոթքն ու հավատը թող բոլորիդ պահպանեն չարից, մոտեցնեն հաղթանակի ու խաղաղության թանկ պահը, ողջ-առողջ տուն դարձնեն ձեզ։

Սպասում ենք, կարոտում ենք, սիրում ենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով