Մարիաննա Գրիգորյան

 

Նա իր փոքրիկ ձեռքերով զգուշորեն վերցնում է կտորը` չադրայի նման փաթաթում դեմքին և սկսում դանդաղ հարդարել մազերը` վերև, ներքև, ցաքուցրիվ….

Դեմքին փաթաթված կտորը սահում է, աղջիկը կրկին փորձում ծածկել դեմքի մի մասը:

«Ես սենց սիրուն եմ,- ասում է 8-ամյա Դիանան : — Ուզում եմ սիրուն լինել»:

Լորետան` Դիանայի մայրը, սենյակի մի անկյունում նստած տխուր նայում է աղջկան, հետո արագ մոտենում հին խորհրդային հեռուստացույցին, վրայից վերցնում Դիանայի լուսանկարը:

«Տես` ինչ սիրուն բալիկ ա …,- տխուր, երանելի ժպիտը դեմքին ասում է մայրը` մոտեցնելով լուսանկարը,- էս անցյալ տարվա նկար ա, մինչև էդ դեպքը»:

2007-ի դեկտեմբերի 19-ն էր:

«….Տեսքս կլոր օղակ է, ասես մատանու ակ է…»,- արտասանում էր Դիանան`ուրախ ու զվարթ ձնեմարդի իր ճերմակ հանդերձանքով` Թաիրով գյուղի առաջին դասարանցիների ամանորյա տոնական հանդեսին:

«Որպեսզի «իսկական» լինի, Դիանային տակից հարսի շոր էինք հագցրել ու վրայից բամբակներով իսկական ձնեմարդ սարքել»,- պատմում է Լորետան:

Տոնական ցերեկույթը դեռ չէր ավարտվել, և առաջին դասարանցիներն իրենց զանազան կերպարներով ու բազմագույն հանդերձներով սպասում էին Ձմեռ պապիկին, երբ դահլիճում անասելի աղմուկ բարձրացավ:

Բոլոր սկսեցին ահաբեկված ճչալ, իսկ ձնեմարդի ճերմակ շորը մի քանի վայրկյանում կուլ գնաց բենգալյան կրակից թռած կայծից բռնկված կրակին:

«Երեխես բոցերի մեջ վառվում էր,- պատմում է Լորետան: — Շորը լրիվ վառվեց, հալվեց: Մաշկը վառվեց, կախվեց: Ոչ մեկը ռիսկ չէր անում մոտենալ: Ես չեմ հիշում` ինչ էր կատարվում…Ինձ հետո պատմեցին, որ ես էդ պահին գոռում էի ու կրակներն էի երեխուս վրայից պոկում, թափում»:

Դիանա Աթաբեկյանին` ուսուցիչների, ծնողների, գյուղացիների և հարազատների բազմամարդ ամբոխի ուղեկցությամբ տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք:

«Ինձ անզգայացնող դեղեր էին սրսկել, քնաբեր,- հիշում է Լորետան: — Հետո պատմեցին, որ հիվանդանոցը լեփ-լեցուն էր, բայց ես բան չէի զգում: Ոչինչ չէի լսում, ոչինչ չէի տեսնում: Ոնց որ մղձավանջի մեջ»:

«Արյուն էր պետք: Մարդիկ ով ինչով կարող էր` օգնում էին: Ես հիշում եմ մենակ, որ ասեցին` [աղջիկս] անհույս ա: Վերջ: Էդ մղձավանջն ու «անհույսը»: Ուրիշ ոչ մի բան էլ չեմ հիշում»,- ասում է Լորետան:

«Ջերմային այրվածք (բոցով) դեմքի, որովայնի, երկու վերջույթների, շեքի և ազդրերի շրջանում: Այրվածքային հիվանդություն»,- նշված է Դիանայի հիվանդության էպիկրիզում:

Բժիշկները սկսեցին պայքարել երեխայի կյանքի համար և գրեթե մեկ ամիս շարունակ Աթաբեկյաններին հույս չէին տալիս, թե երեխան կհաղթահարի ճգնաժամն ու ողջ կմնա:

«Դիանայիս մարմնի 45 տոկոսն այրվել էր: Երկրորդ-երրորդ աստիճանի այրվածքներ: Ասում էին` հույս չկա: Ու մինչև հիմա էլ շատ բժիշկներն ապշած են, թե երեխան ոնց փրկվեց,- պատմում է Լորետան: — Երեք վիրահատություն տարավ ու, փա՜ռք Աստծո, ողջ մնաց: Բայց էն, ինչ որ մենք ապրեցինք, բառերով չեմ կարա պատմեմ»:

Լորետան պատմում է, որ Դիանան երկար ժամանակ անգիտակից վիճակում է եղել:

«Դեմքը վառված էր: Չէր կարողանում խոսել: Չէր էլ լացում: Անընդհատ դեղերի ազդեցության տակ էր, ցնցումների մեջ էր, քնի մեջ գոռում էր` վառվում եմ, վառվում եմ…»,- պատմում է Լորետան:

Որոշ ժամանակ հիվանդանոցում մնալուց հետո Դիանայի ծնողները` Լորետան և Մասիսը, որոնք կյանքում բազմաթիվ դժվարություններ ու դառնություններ էին տեսել, երեխային տեղափոխեցին «տուն»:

Տարիներ առաջ սոցիալական ծայրահեղ վիճակը Գորիսից Թաիրով (Երևանի մոտ գտնվող գյուղ) բերեց Աթաբեկյանների ընտանիքին:

Ընտանիքի հայրը` 42-ամյա Մասիսը, վաստակում է բանվորությամբ:

Գորիսում ես բուժաշխատող էի, բայց ո՛չ տուն ունեինք, ո՛չ հող: Մի խոսքով` ահավոր էինք ապրում,- պատմում է Լորետան,- և ստիպված տեղափոխվեցինք»:

Երևանում նրանք որոշ ժամանակ ապաստան գտան ընկերների տանը, ապա 2003 թ. տեղափոխվեցին Թաիրով:

Թաիրովում ծնվեց Աթաբեկյանների երկրորդ աղջիկը` Միլենան:

«Շատ վատ էինք ապրում ու մտածում, որ չենք կարող երկրորդ երեխային մեծացնել, բայց նույնիսկ բժշկի գնալու, աբորտի փող չեմ ունեցել ու շատ երջանիկ եմ, որ չեմ ունեցել»,- փոքր աղջկան` 4-ամյա Միլենային է գրկում Լորետան:

Աթաբեկյաններն ապրում են փոշոտ ճանապարհի մոտ` ժանգոտ ու հին մի մետաղյա տնակում:

«Սա ամենաէժանն ա, դրա համար ենք ստեղ եկել,- ասում է Լորետան: — Մինչև դոմիկ տեղափոխվելը տանն էինք ապրում, և ամբողջ գիշեր անքուն էինք անցկացնում, որ երեխեքին պաշտպանենք կարիճներից: Միլենայիս կարիճը կծել էր: Էս դոմիկին 20 հազար դրամ (մոտ 65 դոլար) վարձ ենք տալիս: Ավելի էժան ոչ մի բան չես գտնի»:

Մետաղյա տնակի պատերի հնամաշ պաստառը տեղ-տեղ պոկված է: Մի քանի հին խաղալիքները, խորհրդային ժամանակներից մնացած հին մի սեղանը, բազմոցը, պահարանն ու հին հեռուստացույցը «հյուրասենյակի» գույքն են:

Նեղ միջանցքը տանում է դեպի փոքրիկ ննջարան, ուր երկու հին մահճակալի վրա քնում են աղջիկները, Լորետան ու ամուսինը: Տնակում տարրական կենցաղային պայմաններ չկան: Չկան խոհանոց, ջուր, սանհանգույց:

«Երբ հիվանդանոցից Դիանայի հետ վերադարձանք տուն, բոլորը մեզ օգնում էին, սակայն վիճակներս շատ ծանր էր: Արդեն գժվում էինք»,- պատմում է Լորետան:

Տուն վերադառնալով` Աթաբեկյանների հոգեբանական և սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեցող ընտանիքը սկսում է կենտրոնացնել բոլոր ջանքերը Դիանայի ապաքինման համար:

«Ձմեռ էր, ցուրտ, բայց մենք ամբողջ օրը տաքացնում էինք տունը, քանի որ Դիանաս շոր չէր կարող հագնել. դեղեր էր խմում, քսուքներ էինք քսում մարմնին»,- պատմում է Լորետան:

Ամսական հոսանքի համար վճարելով գրեթե 70.000 դրամ (մոտ 230 դոլար), այնքան, որքան ընտանիքի բյուջեն է, Աթաբեկյանները հաղթահարում են ճգնաժամը բարեկամների, հարազատների ու ընկերների ակտիվ օգնությամբ:

«Մենք լիքը խնդիրներ ունենք,- ասում է Լորետան` չկորցնելով աչքերի փայլն ու լավատեսությունը: — Երեխայի մարմինն աճում է, մաշկ չկա, մարմինը չի շնչում, մասաժներ են պետք, լող: Մկանները լրիվ կուչ են եկել, պլաստիկ վիրահատություն է անհրաժեշտ, բայց Հայաստանում նման վիրահատություն չեն անում: Մենք էլ հնարավորություն չունենք ինքնուրույն բոլոր խնդիրները լուծեք»:

Լորետան երախտագիտությամբ է հիշատակում «Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի անունը, որի հիմնադիր Սեդա Ղազարյանը դժբախտ դեպքից մինչ օրս շարունակական շոշափելի օգնություն է ցուցաբերում Դիանային ու նրա ընտանքին:
Այդուամենայնիվ, ընտանիքի կարիքները տակավին շատ են:

Դիանան բարձրացնում է շորերը. քթից մինչև ներքև մարմինը այրվածքներից մգացած է, այրվածքներն իջնում են վզից որովայնով ու մեջքով մինչև շեքը, ոտքերը, տարածվում ձեռքերով: Աջ ձեռքը հաշմված է:

Աղջիկը ձեռքերով շոշափում է մարմինը, սկսում քորել ոտքերը, փորը, սրտնեղում է անհարմարությունից, բայց փորձում է ժպտալ:

«Այս ձմեռը չգիտենք, թե ինչպես ենք հաղթահարելու: Աշխատանք չկա, հույս էլ չկա, թե կլինի,- ասում է Լորետան: — Էն ճանապարհը, որ մենք ենք անցել, ոչ մեկը չի հասկանա…Ես ու ամուսինս օրերով նստում էինք սեղանի երկու կողմերում ու ոչ մի բառ չէինք խոսում: Մենք ուզում ենք աշխատել, մեր ձեռքերով ստեղծել մեր երեխու ապագան, որ տեսնենք Դիանայիս սիրուն ժպիտը… »:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով