Սառա Խոջոյան

 

Բյուրական գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան հարավ-արևելյան լանջին: Այն հանրահայտ դարձավ 1947 թվականին, երբ այստեղ` ծովի մակերևույթից 1500 մ բարձրության վրա, հիմնվեց աստղադիտարան:

Սակայն Բյուրականի բնակիչներն ավելի առօրյա հոգսեր ունեն, քան աստղեր դիտելը: Նրանք մշտական պայքար են տալիս բնության հետ:

Պայքարով լի է նաև Արտավազդ Սողոմոնյանի ընտանիքի կյանքը: Կարճահասակ, փոքրամարմին, դուրս ցցված այտոսկրերով Արտավազդին տեսնողը չի պատկերացնի, որ 1989-90 թվականներին նա Իջևանում պաշտպանել է Հայաստանի սահմանները:

Այնտեղ էլ հանդիպել է երկրորդ կնոջը` Թամարին: Առաջին ամուսնությունից Արտավազդը երեխա չուներ, իսկ Թամարի հետ 4 որդու հայր է դարձել:

Այստեղ 4 երեխա պահելն ավելի դժվար է, քան քարքարոտ հողում բերք աճեցնելը:

«Որ էրեխեքը փոքր էին, հեշտ էր: Հիմա մեծացել են, կարիքներն էլ` հետները»,- ասում է Արտավազդը:

Որդիներից երեք դպրոցական են: Դասագրքերի համար 11500 դրամ են ուզել, Արտավազդը կարողացել է տալ 6500-ը, տղաներից մեկի դասագրքերի գումարը դպրոցը զիջել է:

Արտավազդն անգործ է: Բյուրականի քարհանքում 50-ամյա վտիտ Արտավազդի համար աշխատանք չկա: Գյուղում անասնապահի աշխատանք էլ չկա, հերթով են անասունը տանում արոտ:

Միշտ այդպես չի եղել. խորհրդային տարիներին նա Բյուրականի գյուղտեխնիկայի մեխանիզատորն է եղել, տրակտորների պատասխանատուն, ծանրաքարշ է վարել: «Էն ժամանակ լավ էր»:

Անկախության առաջին տարիներին` 1993-95 թվականներին, գյուղի ջրբաշխն է եղել, աշխատավարձը կախված է եղել գյուղացիների առատաձեռնությունից ու տրամադրությունից: «Ում սրտով ինչքան անցնում էր, տալիս էր` 150, 200, 500 դրամ»:

Ասում է` անշնորհակալ աշխատանք էր, քանի որ Բյուրականում ոռոգման ջուրը քիչ է: «Էս մեկին էիր տալիս, էն մեկն էր նեղանում, էն մեկին էիր տալիս, էս մեկն էր նեղանում, ամեն ջուր անելը կռիվ-պատերազմ էր, դուրս էկա»:

Արտավազդը ցույց է տալիս իր 800 քմ հողակտորը. «Էս ա իմ հողամասը: Երևի գիտեք` հող ա, Տանձի, ընկույզի, սերկևիլի ծառեր ունեն, տան համար լոբի ու կարտոֆիլ են ցանում, բայց ինչ-որ բան վաճառելը բացառվում է. «Եթե 4 երեխուն սա կբավարարի, մնացածը` խնդրեմ, վաճառքի, բայց չի հերիքում»,- ասում է տան հայրը:

Ժողովուրդն իր ճիշտ խոսքերը կարծես միայն աղքատների համար հորինած լինի: «Կարկուտը ծեծված տեղին է խփում» ասացվածքը հենց Արտավազդի համար է. հերիք չէ` հողամասը բանի պետք չէ, այս տարի կովն ու հորթն էլ իրենց հերթին են ըմբոստացել:

«Էսօրվա իմ եկամուտը ունեցածս մի կովն ա, էն էլ էս տարի կաթ չի տալիս, չի ծնել, պիտի սպասենք մյուս ծնունդին»,- ասում է Արտավազդը:

«Էս տարի էրեխեքս պանրի ու կաթի կարոտ են մնալու»,- ասում է Թամարը:

Խանութում 80000 դրամ պարտք ունեն, բայց վստահում են, մթերք են տալիս: Իրենք էլ վճարում են, երբ ստանում են ամսական 29000 դրամ ընտանեկան նպաստը:

«Ամիսը 2 մեշոկ ալյուր ենք առնում, մեշոկը` 7500 դրամ: Լույսի փողն ենք մուծում`6000-7000 դրամ` նայած ամիս, որովհետև հոսանքով պլիտա ենք վառում, գազ քաշելու միջոցներ չունենք, մնացածը պարտքերն ենք տալիս»,- կարկամած ասում է Թամարը:

«Եթե «Փարոսը» չլիներ, սոված կմնային»,- ասում է Արտավազդի եղբոր կինը` Անահիտը:

«Հարազատներիս տնից եմ շոր ու կոշիկ բերում, որ գոնե ուրիշի հագած շորերով ապահովեմ, ի՞նչ անենք, ամաչելու բան չկա, էս տարի հագած հագուստով են դպրոց գնացել»,- ասում է նա:

14-ամյա Դավիթը սովորում է 8-րդ դասարանում: Արդեն մեծ է, թև ու թիկունք է հորը. նրա պարտականությունը հողամասից խոտ հավաքելն է:

12-ամյա Հայկը սովորում է 6-րդ դասարանում, 11-ամյա ժիր ու կայտառ Ավագը` 4-րդ:

Ավագը համարձակ է, կյանքից «ալբոմ, մատիտ, մեկ էլ ֆլոմ ու սումկա» է ուզում, ուրիշ ոչինչ ու խոստանում է, որ դրանից հետո լավ է սովորելու:

4-ամյա Տիգրանը դեռ փոքր է, շատ բան չի հասկանում: Չի տեսնում, օրինակ, որ իրենց տան` իր համար խաղալիք դարձած հեռուստացույցը հին է ու շարքից դուրս եկած:

Տիգրանի համար կարևոր չէ, որ իրենց չվերանորոգված տան երկու սենյակներում ու ինչ-որ տեղից հայթայթված ներկով նոր-նոր ներկված հատակով նախամուտքում մաշված կահույք է: Նրա համար կարևոր չէ, որ իրենք հին մահճակալների վրա են քնում, կարևորը` «մամայի ու պապայի, ապերների հետ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով