Ռուզաննա Ամիրաղյան
Էմմա և Գևորգ Մալխասյանների տունը քանդվեց ու վերացավ 1988-ի երկրաշարժի ժամանակ:
«Մեր տունը միշտ շեն է եղել: Ես շատ էի սիրում տարբեր համեղ բաներ պատրաստել ու հաճախ` օրը մի քանի անգամ»:
Երկրաշարժից հետո երրորդ երեխայով հղի Էմման երկու զավակների` Ֆրիդայի ու Սիրանուշի հետ տեղափոխվում է Ռուսաստան` Սոչի, որտեղ որոշ ժամանակ անց նրանց միանում են նաև Գևորգի ծնողները: Երկու տարի այնտեղ ապրելուց հետո ընտանիքը վերամիավորվում է Գյումրիում, որտեղ ընտանիքի նոր երեքսենյականոց բնակարանում ծնվում են երկու կրտսերները` Լուսինեն ու Հայկը:
Բայց երկրաշարժի ու Խորհրդային Միության փլուզման, դրանց հաջորդած պատերազմի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի արդյունքում Մալխասյան ամուսինները գործազուրկ են դառնում:
Բազմազավակ ընտանիքի վիճակն ավելի է վատթարանում, երբ ծանր հիվանդանում են Գևորգի տարեց ծնողները:
«Մենք աշխատանք չունեինք, իսկ երկու ծանր հիվանդ խնամելը մեծ ծախսեր էր պահանջում: Ստիպված վաճառեցինք բնակարանը, և ամուսնուս ծնողների մահվանից հետո այդ գումարը հազիվ բավականացրեց բոլոր պարտքերը մարելուն ու էս տնակն առնելու համար»,- ասում է Էմման:
Շատերի նման Գյումրիում Մալխասյաններն ապրում են երկուսենյականոց նեղ ու երկար, մութ ու ցուրտ մի տնակում, որտեղ Մալխասյանների հետ միասին ապաստան են գտել Ճիճու անունով կատուն ու չալ շնիկը:
«Անցյալ տարի էրեխեքի գրապահարաններն ենք վառել, որ կարողանանք մի քիչ տաքացնել տունը: Էստեղ գազ կա, բայց մենք չենք քաշում, որովհետև փող չունենք: Ճիշտ է, նախատեսված 40000 դրամը մեզնից չեն վերցնում, բայց 28-29 հազար դրամ պիտի վճարենք միացման համար ու մեկ էլ պիտի խողովակներ առնենք»:
«Անցյալ տարի քաղաքապետարանը տնակներում բնակվողներին տասը հազարական դրամ տրամադրեց ձմեռվա վառելիք գնելու համար, բայց այդքան գփողով ինչքա՞ն վառելիք կառնես»,- ասում է Էմման:
«Ոնց էլ լինի, ամսական երկու հազարից ավելի հոսանք չենք օգտագործում,- ասում է Էմման ու ավելացնում,- ի՞նչ անեմ, պիտի տեղավորվեմ: Ցուրտ որ լինում է, վերմակի տակից դուրս չենք գալիս»:
Հինգ ամիս առաջ Գևորգը մեկնել է Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Այս ընթացքում միայն մեկ անգամ է գումար ուղարկել ընտանիքին` հեռուստացույց գնելու համար:
«Էրեխեքը հեռուստացույց չունեին: Ուղարկեց, ասեց` էս հեռուստացույցի փողն է»,- ասում է Էմման:
Ու ընտանիքի կապը Գևորգի հետ ընդհատվեց:
Հիմա Մալխասյանների ամսական եկամուտը 29000 դրամ նպաստն է:
«Նպաստի հաշվին մոտիկ կրպակներից ապառիկ ենք վերցնում, հետո, որ նպաստը ստանում ենք, փողն ենք տալիս»,- ասում է Էմման:
«Որ ձեռքս պատահական գործ էընկնում, անում եմ: Պատվերով հագուստ են գործում: Բայց դա էլ շատ հաճախ չի լինում: Աղջիկս փորձեց աշխատանքի տեղավորվել. փոքրիկ խանութում վաճառող էր, մի երկու ամիս աշխատավարձ տվեցին, բայց հետո պակասորդ էին տվել ու ստիպել, որ վաճառողները փակեն պակասը: Նա էլ դուրս եկավ աշխատանքից»:
«Փոքրերս արդեն երկու շաբաթ դպրոց չեն գնում. շոր չունեն, կոշիկ չունեն: Չգիտեմ` ի՞նչ պիտի անեմ: Լուսինես հարցնում է. «Մինչև ե՞րբ պիտի սենց տանը նստենք»: Բայց ի՞նչ անեմ, ես էլ չգիտեմ»:
Երեխաներն եղած հագուստը հերթով են հագնում ու չեն բողոքում:
«Ամռանը գործ ընկավ ձեռքս, դպրոցի համար տետր-գրիչ առա, բայց դասագիրք էլ չունեն, որ դասի գնան: Միայն Հայկս ունի,- ասում է Էմման: — Բայց չէի ասի, որ շատ է սիրում դպրոց գնալ. մտքին միայն սպորտն է, շատ է սիրում սպորտը»:
Հայկը բռնցքամարտով է զբաղվում: Ու չնայած չունի սպորտային հանդերձանք, միևնույն է շարունակում է պարապել:
Մոր խոսքերով` Հայկը մի երազանք ունի` որ հայրը վերադառնա ու մեկ էլ «մեծանա, փող աշխատի ու լիքը-լիքը մեշոկներով ուտելիք բերի», որ մայրը նորից համեղ ճաշեր պատրաստի:
«Երբ մի քիչ փող եմ ունենում, միս եմ առնում ու խինկալի կամ պելմենի եմ սարքում, որ կարողանամ էրեխեքիս կշտացնել»,- ասում է Էմման, մինչ կրտսեր դուստրը` Լուսինեն, յուղի ու փոշու հաստ շերտով պատված գազայրոցի վրա կարտոֆիլ է տապակում:
Իսկ Անուշը բանաստեղծություններ է գրում: Բացում է մաշված մի տետր ու ապակու փոխարեն ցելոֆանապատ պատուհանների միջով ներս թափանցող սառը քամու սուլոցի ներքո կարդում.
Ապրե~լ…
լոկ միայն անիմաստ ապրել:
Բայց ինչի՞ համար
և լոկ ո՞ւմ համար,
Ապրե~լ…
Չեմ ժխտում ու դեռ ուզում եմ,
բայց առանց պատճառ,
լոկ միայն ապրե՞լ,
Ապրե~լ…
Վայե՞լք է միգուցե չապրած,
Ապրե~լ…
Սպասո՞ւմ է միգուցե մեռած,
Ապրե~լ…
Չեմ ժխտում,
բայց առանց պատճա՞ռ,
Միգուցե դու գաս ու դառնաս պատճառ:
Ապրե~լ…
Միգուցե ապրելո՞ւ համար,
Ապրել` քո սերը գտնելու համար
Ու լոկ միայն քեզ տրվելու համար,
Ապրե~լ…
Միգուցե և ճշտի համար:
Նա նույնպես երազում է հոր վերադարձի մասին…