Սիրանույշ Գևորգյան
Տասնամյա Սամվելիկն ամոթից փափուկ խաղալիքով փակում է դեմքը ու կուչ գալիս մահճակալի վրա, երբ նրա մայրը` Մարգարիտա Մուրադյանը, հանդիմանում է նրան դասերին շատ ուշադրություն չդարձնելու համար, թեև նա դպրոցում լավ է սովորում: Սամվելի ավագ եղբայրը` Մանվելը, և քույրը` Թամարան, դրսում խաղում են իրենց հասակակիցների հետ Կոնդի ոլոր-մոլոր, քանդված ու նեղլիկ փողոցներում:
Կոնդը, որտեղ ապրում է Մուրադյանների հինգ հոգանոց ընտանիքը (երեք երեխա, մայրը և տատը), Երևանի ամենահին ու ամենաանբարեկարգ թաղամասերից է: Մուրադյանների տուն հասնելու համար պետք է հաղթահարել ահագին վերելքը, հետո անցնել ծուռումուռ փողոցներն ու նեղլիկ նրբանցքները: Իսկ տունն ընդամենը մի փոքրիկ սենյակ է, որն ընտանիքին ծառայում է և’ որպես ննջարան, և’ հյուրասենյակ, և’ խոհանոց: Իրար կողքի դրված երկու մահճակալների վրա քնում են երեք երեխաներն ու մայրը, իսկ Օվսաննա տատիկը քնում է բազմոցին: Սենյակը խոնավ է ու գորշ. գորշ, ինչպես երեք երեխաների մայր 37-ամյա Մարգարիտայի կյանքը:
Նրա նիհարիկ ուսերին են ծանրացած երեք երեխաների և սկեսրոջ խնամքը: Վերջին մի քանի ամիսներին նրանց կյանքն ավելի է դժվարացել, քանի որ Մարգարիտան գործազուրկ է դարձել: Նախկինում ռեստորանում օրավարձով (օրական 1000 դրամ) աման է լվացել: Այժմ ընտանիքի եկամուտը պետությունից ստացվող 22 հազար դրամ սոցիալական նպաստն ու 12 հազար դրամ թոշակն է, որ ստանում են երեխաները` որպես միակողմանի ծնողազուրկներ:
«Հոգնել եմ պարտքով ապրելուց, սպասելուց, թե երբ են թոշակ ու նպաստ տալու, որ կուտակած պարտքերս ամսվա վերջում փակեմ»,- ասում է նա:
Կրթությամբ բուժքույր Մարգարիտան ասում է, որ հիմա իր համար դժվար է աշխատել մասնագիտությամբ, քանի որ շատ բան մոռացել է, բացի այդ, մասնագիտական գործունեությամբ զբաղվելու լիցենզիա չունի:
Մարգարիտայի ամուսինը` Վրեժը, մահացել է 2001 թվականին: Մուրադյանների կյանքը բավական դժվար է եղել նաև Վրեժի կենդանության օրոք, քանի որ նա մոլի հարբեցող է եղել: Հենց հարբած վիճակում էլ խեղդվել է: Բայց երբ դեռ չէր խմում, աշխատում էր Մերգելյան ինստիտուտում որպես արհեստավոր:
«Ձեռքից ամեն ինչ գալիս էր, շատ լավ արհեստավոր էր, էդ անտեր խմելը որ չլիներ…»,-հառաչում է կինը:
Մարգարիտան ասում է, որ երբ ամուսինն արդեն աշխատանք չուներ, հարևանների, ծանոթների համար էր տարբեր պատվերներ կատարում: Վերջիններս խուսափում էին նրան փողով վճարելուց, քանի որ անպայման աշխատած գումարով խմիչք կգներ: «Մարդիկ մտածում էին, որ ավելի լավ է երեխաների համար ինչ-որ բան գնեն կամ էլ գումարով չվճարեն, որովհետև գիտեին, որ պիտի դրանով հարբեր»,- ասում է նա:
Նրա սկեսուրը` 59-ամյա Օվսաննան, պատմում է, որ որդին խմիչքի համար տան իրերն էր վաճառում: Մի անգամ էլ տանիքի թիթեղներն է վաճառել` ընտանիքին թողնելով առանց ծածկի:
«Ոնց որ դրսում ապրեինք: Երեխաներիս անձրևի ժամանակ հարևանների տանն էի քնացնում»,- ասում է Մարգարիտան:
Տանիքի խնդիրը բարեբախտաբար լուծվել է թաղապետարանի օգնությամբ, որը 45 հազար դրամ է հատկացրել Մուրադյաններին:
«Զանգեցի Մանվելիս դպրոցի տնօրենին, ասացի` եկեք, տեսեք, թե ինչ պայմաններում է դաս պատրաստում ձեր աշակերտը: Հովանոցով մեր տուն եկավ, տեսավ… էնքան զանգեց սրան-նրան, որ վերջում գումար հատկացրին»,- ասում է Օվսաննան:
Օվսաննա տատիկը տրամվայի վագոնավար է աշխատել, հիմա այլևս չի կարող աշխատել: «Առողջություն չունեմ»,- ասում է նա:
Այս երկու կանանց գորշ կյանքում միակ լուսավոր կետը երեք երեխաներն են:
Մեծը` Մանվելը, 13 տարեկան է, Թամարան` 11, իսկ Սամվելիկը` 10: Նրանք տարբեր են իրարից, բայց երեքն էլ նույն վառվռուն աչքերն ունեն: Երեքն էլ 2000 թվականից հաճախում են «Օրրան» բարեգործական կազմակերպության երեխաների ցերեկային կենտրոն:
«Օրրանի» տնօրեն Հերիքնազ Հարությունյանն ասում է, որ Մուրադյանները կազմակերպության առաջին սաներից են: Շատ այլ երեխաներ, որ նրանց հետ են սկսել հաճախել «Օրրան», այլևս չեն գալիս, որովհետև նրանց ընտանիքների սոցիալական վիճակը բարելավվել է:
«Մուրադյանների ընտանիքում այս հինգ տարվա ընթացքում ոչ մի սոցիալական առաջընթաց չի եղել: Ես նույնիսկ կարծում եմ, որ գնալով ավելի է վատանում, որովհետև երեխաները մեծանում են, նրանց պահելն ավելի է դժվարանում»,- ասում է Հարությունյանը:
Սեղմեք այստեղ` «Հայ Ձմեռ պապ» ծրագրին ձեր նվիրատվությունն անելու համար
Մանվելը, որ իրեն արդեն մեծի պես է պահում, ականատես է եղել, թե ինչպես է մահացել հայրը:
«Նա իր կաշվի վրա զգացել է տան ծանր մթնոլորտը` և’ ծեծը, և’ այդ դժվար հարաբերությունները: Երկար ժամանակ շատ ինքնամփոփ էր, ոչ մեկի հետ չէր խոսում: Հիմա մեծացել է, ինքնավստահություն ձեռք բերել»,- ասում է հոգեբան Նարինե Ավագյանը:
Հոգեբանն ասում է, որ Մանվելի համար հիմա էլ շատ դժվար շրջան է:
«Ցավոք սրտի, Կոնդում շատ են հանցագործությունները, ռիսկի խմբի երեխաները: Նեղլիկ փողոցներն ու նրբանցքները նպաստում են դրան: Մանվելը և’ այնտեղի երեխաների հետ է շփվում, և’ «Օրրանի», ու դեռ ինքն էլ չի հասկանում, թե որն է ճիշտ: Ու շատ հաճախ չի արտահայտում այն, ինչ մտածում է, որովհետև վստահ չէ, որ իրեն ճիշտ կհասկանան երկու շրջապատում էլ»,- ասում է հոգեբանը:
Թամուշիկի սիրած զբաղմունքը երգելն ու պարելն է: «Եթե բոլտ ու գայկայով կպցրած լինեին թոռնիկիս, վաղուց քանդված կլիներ, էնքան, որ կոտրատում է իրեն»,- ժպտում է Օվսաննա տատիկը:
Փոքրիկ Սամվելիկն էլ սիրում է նկարել ու մուլտֆիլմեր նայել:
«Բայց ես չեմ էլ հասկանում, թե ինչու եմ սիրում մուլտֆիլմեր նայել,- մեծավարի ասում է Սամվելիկն ու եզրակացնում,- երևի գույների համար, ինձ գույներն են հետաքրքրում»:
Նարինե Ավագյանն ասում է, որ երբ երեխաներին հանձնարարում է տուն նկարել, երեքն էլ շատ գեղեցիկ ու մեծ տներ են նկարում:
«Ու այդ տների մեջ ամեն մեկն իր համար առանձին հարկ է վերցնում, որովհետև իսկապես դրա կարիքն ունեն»:
Տանը ևս մեկ սենյակ ավելացնելու մասին երազում է նաև երեխաների մայրը:
«Էս տունը շատ փոքր է մեզ համար: Էրեխեքս էլ մեծանում են ու սկսում են նեղվել, մանավանդ, երբ իրենց դասընկերներն են հյուր գալիս: Ուզում եմ գոնե մի սենյակ էլ կառուցել, բայց չգիտեմ` ինչպես»,- ասում է նա:
Հիմա ընտանիքը, թերևս, ամենաշատն աշխատանքի կարիք ունի: Մարգարիտան գերադասում է օրավարձով վարձատրվող աշխատանք ունենալ:
«Այդպես կկարողանամ և’ օրվա հացի խնդիրը լուծել, և’ կողքից էլի ինչ-որ հոգսեր հոգալ»:
Մշտական ծանր սոցիալական վիճակը հուսահատեցրել է 37-ամյա կնոջը: «Լավատեսությունս կորցրել եմ,- ասում է նա: — Առաջ շատ լավատես էի, հիմա միայն վատն եմ տեսնում: Առաջ երազում էի, որ էս կանեմ, էն կանեմ, սենց կլինի… Հիմա ուղղակի պետք է կարողանանք գոյատևել, ու չգիտեմ` ինչ եմ անելու: Բայց հլը որ երեխաներիս մեծացնեմ…»: