Լուսինե Մուսայելյան

«…Զարմանում եմ` ոնց ենք ողջ մնացել»,- ասում է Էլեոնորան` հիշելով անցյալի սարսափները

Էլեոնորան ու նրա որդին Շուշի գալու առաջին օրը

«Գերության ժամանակ` ծեծ, քաղց, ծաղրուծանակ, գերությունից հետո` մուրացկանություն, չքավորություն. սա է իմ մտապատկերում Շուշին»,- արտասուքն աչքերին պատմում է 53 -ամյա Էլեոնորան, ով 1994 թվականից տղայի հետ ապրում է Շուշիում:

Էլեոնորան ու նրա որդին` Դմիտրին, շուրջ երկու տարի եղել են գերության մեջ:

«1988 թվականին` Դիմայի ծնվելուց մի քանի ամիս հետո, ամուսինս մեկնեց Ռուսաստան` հարազատների մոտ: Այդ ընթացքում սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Շարունակում էինք ապրել Բաքվում, քանի որ կրում էինք ազգությամբ ռուս ամուսնուս ազգանունը: Բայց սպասում էի ամուսնուս վերադարձին, որպեսզի որոշեինք` մնա՞նք, թե՞ հեռանանք»,- պատմում է Էլեոնորան ու ավելացնում, որ երկար սպասելուց հետո` 1992 թվականին, Բաքվում հայտնաբերում են իր հայ լինելն ու մի գիշեր ծեծում են դուռը, իրեն ու որդուն գիշերազգեստներով ձերբակալում ու տանում…

Էլեոնորա Բուլգակովան ու նրա փոքրիկ որդին հայտնվում են սկզբից ադրբեջանցի, այնուհետև ռուս ՕՄՕՆ-ականների ձեռքում:

«Հիմա որ երբեմն հիշում եմ, թե ինձ ու որդուս ինչեր են արել, զարմանում եմ` ոնց ենք ողջ մնացել: Առավոտից մինչև ուշ գիշեր մեզ սոված էին պահում ու ձեռքի տակ ընկածով էլ ծեծում»,- ճակատի սպին ցույց տալով` պատմում է Էլեոնորան:

Երկու տարի տարբեր բանտերում, այդ թվում` Շուշիի բանտում տանջվելուց հետո` 1994 թվականին Աղդամում նրանց փոխանակում են ադրբեջանցի գերիների հետ:

«Փոխանակելուց հետո Ստեփանակերտում տասնյակ փախստականների հետ տեղավորեցին ինչ-որ մանկապարտեզում: Շուշին ազատագրելուց հետո մեզ այստեղ տուն տվեցին, ու սկսեցինք ապրել»:

Էլեոնորայի 3-սենյականոց բնակարանում 1994-ից հետո գրեթե բան չի փոխվել: Պատուհանների կոտրված ապակիներին փոխարինում է ցելոֆանը, որն, իբր, պիտի պաշտպանի նրանց Շուշիի սառնամանիքներից: Արդեն 3 ամիս է, ինչ բնակարանի էլեկտրաէներգիան անջատել են` 5000 դրամ պարտքի պատճառով: Միակ ջեռուցիչը փայտի վառարանն է, որն էլ, սակայն, խողովակ չունենալու պատճառով, դրված է բացօթյա պատշգամբում: Դե, իսկ գազի մասին Էլեոնորան չի էլ երազում:

Նրանց բնակարանի միակ կահույքը երկու մահճակալն է, սեղանը, աթոռներն ու դույլերը:

Չնայած աղքատիկ կահավորանքին` բնակարանը մաքուր ու կոկիկ տեսք ունի:

Շուշիում տիրող համատարած աղքատությունը, ցուրտն ու սովը ստիպեցին փոքրիկ Դիմային մուրացկան դառնալ: «Աղաչում-պաղատում էի, որ չգնար, բայց էլի գնում էր: Ասում էր` մամ, տանը մրսում եմ, համ էլ` մենակ չեմ կարողանում խաղալ, ուզում եմ բակի երեխեքի հետ խաղալ: Իջնում էր բակ, միանում մի քանի երեխաների ու գնում եկեղեցու բակը` մուրացկանություն անելու: Ու եթե մյուսներն այդ հավաքած փողով ծամոն ու կոնֆետ էին առնում, ինքը բերում էր, տալիս ինձ ու պահանջում համով, տաք կերակուր»,- արտասվախառը հիշում է Էլեոնորան ու ավելացնում, որ տուն պահողը Դիման էր, իսկ իր պարտականությունը միայն անտառից փայտ բերելն ու կերակուր եփելն էր:

Հիմա 20-ամյա Դմիտրի Բուլգակովը ծառայում է ԼՂՀ պաշտպանության բանակում:

«Չնայած Դիմայիս անօրեն են բանակ տարել, բայց ես ուրախ եմ, որ նա ծառայում է: Սա իր մոր հայրենիքն է` ուրեմն պիտի ծառայի: Հետո ինչ, որ հայրը ռուս է: Նա ամեն դեպքում իրեն հայ է համարում: Իր շնորհիվ է, որ ես հայերեն գրել-կարդալ եմ սովորել»,- հպարտությամբ ասում է Էլեոնորան:

Ամուսնու մասին տեղեկություն չունեն: «Անհայտ կորել է»,- այսպես են ասում: Բայց Էլեոնորան ասում է, որ մինչև օրս դուռը չի փակում. մեկ էլ տեսար` մի օր հայտնվեց:

Զինվորի մոր կյանքում ոչինչ չի փոխվել, և առաջվա պես էլի կարող է օրերով քաղցած մնալ: Մեկ-մեկ էլ անտառ է գնում, բայց այլևս առաջվա պես ոչ թե փայտ, այլ ճյուղեր բերելու, քանի որ ուժերը չեն ներում:

«Երբ 7 ամսից Դիմաս բանակից գա, ուզում եմ` տունս էս վիճակում չտեսնի: Նա բանակից հետո որոշել է համալսարան ընդունվել, չեմ ուզում էլի հոգսերի մեջ խրվի, մեղք է: Ես էս 7 ամիսները մի կերպ յոլա կգնամ»:

Ըստ «ԼՂՀ փախստականներ» ՀԿ նախագահ Սարասար Սարյանի` Էլեոնորան չունի ռազմագերու կարգավիճակ: Այս մասին հոգալն այսօր առաջնային խնդիր է: Պատերազմի և գերության գողգոթայով անցած, վատառողջ կինը չունի նաև հաշմանդամության կարգ, թեև առողջությունը և հոգեվիճակը վերականգնելու համար բուժումներ է ընդունել: Ավելին` նա թոշակ էլ չի ստանում և մի կերպ ծայրը ծայրին է հասցնում միայն հասարակական կազմակերպության կողմից ժամանակ առ ժամանակ առաջարկվող աշխատանքի դիմաց չնչին վարձատրությամբ:

«Հարևաններս ասում են` եթե ուզում ես աշխատանքի տեղավորվել, պիտի մազերդ ներկես, ատամներդ սարքես: Եթե էդ ամենի համար փող ունենայի, էլ ինչո՞ւ պիտի աշխատանք փնտրեի»,- ասում է Էլեոնորան:

Ինձ հրաժեշտ տալուց հետո տեսա, թե ինչպես սկսեց հավաքել իր պատշգամբի տակի աղբը, ծառերից թափված տերևները: Հետո վառեց տերևները, նստեց կրակի մոտ ու սկսեց մատները տաքացնել: Կարծես ուզում էր հասկացնել, որ պատրաստ է նույնիսկ փողոցները մաքրել: Սակայն նրան այդ աշխատանքն էլ չեն տալիս:

http://www.armenianow.com/hyesanta/2009/7983/hyesanta_2008_in_captivity_in_shus

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով