Լուսինե Մուսայելյան
Երեք որդի կորցրած մայրը հիմա էլ պայքարում է կողակցի մահվան դեմ:
Փոքրիկ սենյակի անկյունում մահճակալում պառկած, կաթետերներով միացված Լիպարիտ պապիկը` չնայած իր այդ վիճակին, փորձում է, հին սովորության համաձայն, հյուրին դիմավորել սիրած բանաստեղծական տողերի արտասանությամբ, սակայն տանջող ցավը նույնիսկ խոսելու ուժն է խլել…
80-ամյա Լիպարիտ պապիկի և 75-ամյա Նորա տատիկի ընտանիքը մեկն է Շուշիի այն բազմաթիվ ընտանիքներից, որոնք կիսել են քաղաքի ու էթնիկ զտումներից մազապուրծ եղած իրենց սերնդի ծանր ճակատագիրը:
Նրանք 1988 թվականին Բաքվից բռնի տեղահանվածներից են: Դեռևս Բաքվում ապրելու «այն անհոգ» տարիներին անբուժելի հիվանդությունից մահանում է նրանց դեռահաս տղան` այդպիսով խաչ քաշելով անհոգ տարիների վրա:
Շուշիում դժվարությամբ հաստատվելուց հետո սկսվում է Արցախյան պատերազմը, և նրանց երկու որդիները կամավոր միանում են պաշտպանության ուժերին:
«Մեկն ամուսնացած էր, երկու երեխա ուներ, իսկ մյուսը` ոչ: Մի օր երկուսով որոշեցին, որ գնում են հայրենիքը պաշտպանելու»,- պատմում է Նորա տատիկն ու լռում` երևի չցանկանալով շարունակել ողբերգական պատմությունը. երկու որդիները երկու տարվա ընթացքում բազմաթիվ անգամ վիրավորվելուց հետո զոհվում են` թողնելով ծնողներին միայնակ:
Պատերազմի ժամանակ Լիպարիտը Ստեփանակերտի հիվանդանոցներում կամավոր օգնում էր վիրավոր զինվորներին «ինչով կարող էր»:
Այժմ նրան օգնում է կինը, որը, ի տարբերություն իրեն` դեռ ոտքի վրա է:
«Ամեն անգամ գրկում եմ, զուգարան տանում կամ իջեցնում բակ, որպեսզի տաքսիով հիվանդանոց տանեմ` շատ հաճախ մոռանալով, որ ես էլ եմ վատ, թույլ»,- պատմում է Նորան:
Ծերունիներն ապրում են առանց օգնության: Երկու թոռները նրանց հետ հազվադեպ են հանդիպում. «Միայն մեկն է գալիս, էն էլ` փող խնդրելու` աղքատ են»: Նորան ու Լիպարիտն ապրում են 53.000 դրամ թոշակով, որից 20.000-ը տալիս են դեղորայքին:
Սակայն Նորան չի բողոքում փողի պակասից, ասում է` մի կերպ հերիքում է. նույնիսկ ամեն առավոտ կարողանում է ամուսնու համար թթվասեր ու հյութ գնել:
Նրանց երեք սենյականոց բնակարանի լույսերը վառվում են միայն մութը լրիվ ընկնելուց հետո` խնայելով էլեկտրաէներգիան:
Խոհանոց հիշեցնող սենյակում կախված ճերմակ սրբիչներն են միայն խոսում տանտիրուհու մասին, մնացած եղած-չեղածը չքավորության ապացույց են: Բաղնիքը «տեղափոխված» է պատշգամբ, «որովհետև փայտի վառարանն այնտեղ է հնարավոր լինում վառել», եթե, իհարկե, փայտ է լինում: Նորա տատիկն ասում է, որ այս տարվա լողանալու համար դեռ մի քանի կտոր փայտ կա:
Երեք սենյականոց բնակարանի մի սենյակում Լիպարիտ պապիկն է պառկած, իսկ մյուսում` կնոջ անկողինն ու գրադարանն է, որտեղ նա «օրական երկու ժամ կարողանում է առանձին լինել ու հանրագիտարան թերթել»:
«Առավոտից մինչև ուշ գիշեր ամուսինս երեխայի պես լացում է: Ցավին չի դիմանում: Նրա լացի ձայնից նույնիսկ հարևաններն են նեղվում, բողոքում: Ես էլ մի կերպ եմ դիմանում, բայց ի՞նչ անեմ: Տղաներիս կորցնելուց հետո սիրտս քար է դառել: Ես նրանից բացի ոչ ոք չունեմ…»:
Չորս տարի շարունակ ամուսնուն խնամելուց հետո կնոջ մոտ արյան հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել, իսկ վերջերս էլ սկլերոզ է հայտնաբերվել:
«Վախենում եմ բժշկի գնալ, որովհետև պիտի ասեն` բուժվի,- խոստովանում է Նորա տատիկն ու ավելացնում: — Ես որ գնամ բուժվելու, ո՞վ ա էս մարդուն տիրություն անելու»:
«Զարմանում եմ, թե այդքան ցավ տեսած մարդիկ ոնց են պահպանել իրենց բարությունն ու ժպիտը»,- ասում է հարևանությամբ ապրող Ջուլյան:
«Այն տարիներին, երբ երջանիկ ու բազմանդամ ընտանիք ունեի` աթեիստ էի: Իսկ այսօր միակ հույսս Աստված է: Հավատում եմ, որ ինձ չի մոռանա, ու ամուսինս` թեկուզ դեղերով, բայց մի օր ոտքի կկանգնի»,- ասում է Նորա տատիկը:
Ուրիշ ոչինչ Նորա տատիկը չի ուզում: Հա, մեկ էլ մի քիչ կարողանա փող խնայել` փայտ ձեռք բերելու համար, որ «գոնե շաբաթը մի անգամ` տասը րոպեում արագ լողանա»:
http://www.armenianow.com/hyesanta/2009/9344/past_and_present_elderly_couple_in