Արփի Հարությունյան
Հակոբը դժբախտ պատահարից հետո այդպես էլ լիովին չապաքինվեց
Ընտանիքի միակ հույսն Աստվածն է կամ էլ Ձմեռ պապը
Հակոբ Պապոյանի ընտանիքին ավելի շատ դժբախտություն է ընկել, քան սպիտակցիների մեծ մասին: Իսկ դա շատ է` հաշվի առնելով, որ այստեղի ընտանիքների մեծ մասը դեռևս չի թոթափել 1988-ի երկրաշարժի աղետալի հետևանքները:
35-ամյա Հակոբը ապրել է երկու դժբախտություն, վերջինը` ընդամենը երկու տարի առաջ, և այն անդառնալիորեն փոխել է նրա կյանքը:
«88-ի սև օրը որ եկավ, էն ա, հաջորդ տարի ընդունվեցի պոլիտեխնիկ»,- հիշում է ընտանիքի հայրը`Հակոբ Պապոյանը, ու դրանով վերջանում է նրա` անցյալի վերհուշը. պատահարը նրանից խլեց ոչ միայն առողջությունն ու ընտանիքի անդորրը, այլև հիշողությունները, որոնք ինչքան էլ որ դառն են, այնքան էլ երանելի, քանի որ անցյալի շունչը թեև դառն էր, բայց ապագայի սրտի զարկերին թրթիռ էր տալիս:
2 տարի առաջ նա սովորական խոպանչի էր Ռուսաստանում, շինարարությունում էր աշխատում ու ամսական 100-200 դոլար ուղարկում Լոռու մարզի Սպիտակի շրջանի Շիրակամուտ (նախկին Նալբանդ) գյուղում ապրող իր ընտանիքին`2 երեխաներին ու կնոջը: Հակոբը մորն ու եղբորը կորցրել էր երկրաշարժի ժամանակ, իսկ հայրը հասցրել էր օգնել որդուն 4-5 տարում փլատակներից տուն շինել ու նոր հեռանալ կյանքից:
«Ժաժքից հետո ուշքի չէինք գալիս, բայց մի կերպ ոտքի կանգնեցինք,- պատմում է Հակոբի կինը` 32-ամյա Ալիսան: — Աշխատանք չկար, Հակոբն էլ ճարը կտրած մյուս սպիտակցիների պես գնաց Սամարա (Ռուսաստան)`փող աշխատելու: 2005-ին ես էլ էրեխեքիս հետ գնացի, մենակ չէր դիմանում: «ՄԱԶ»-ով ավազ էր տանում, հասցնում շինարարությանը: Մի օր էլ` էդ սև օրը, կալյոսը պրակոլ ա տալիս, իջնում ա, որ սարքի, ակը պայթում ա գլխին»:
20 օր Հակոբը կոմայի մեջ է մնում, որից հետո աստիճանաբար սկսում է բառեր արտաբերել ու մատները շարժել: Բարեկամ-հարևանով փող են հավաքում, ու Պապոյանների ընտանիքը վերադառնում է Հայաստան: Բայց Հակոբն այդպես էլ լիովին չի ապաքինվում:
Դժբախտ պատահարի հետևանքով Հակոբը հոգեկան խանգարում է ստանում` ընտանիքի հոգսը թողնելով Ալիսայի ուսերին:
Հակոբի վարքն անկանխատեսելի է: Նա ամբողջ օրն անցկացնում է տանը: Ու ոչ միայն չի կարողանում աշխատել, այլև ահ ու դողի մեջ է գցում դպրոցական երեխաներին, երբ սկսվում են նոպաները:
Ալիսան պատմում է, որ ամուսնու` անկողին ընկնելու տարին աղջիկը` 13-ամյա Սիրանուշը, դարձավ հարվածային, իսկ մինչ այդ 7 տարի գերազանցիկ էր դպրոցում: Հիմա Սիրանուշը երազում է ուսումը շարունակել բուհում, բայց, ինչպես մայրն է ասում, «բայց»-երը շատ են:
«Վերջերս Սիրանուշս ընկերուհու հետ եկավ, թե` մա’մ, դասընկերուհուս ծնունդն ա, մարդա 300 դրամ փող ենք հավաքում, կտա՞ս: Նենց ազդվեցի, մոտս չկար, որ տայի, բայց չուզեցի ընկերուհու մոտ ամոթով թողնեմ, շուտ տղուս ուղարկեցի, հարևանից բերեց… Էս պայմաններում ի՞նչ ուսման մասին ա խոսքը»,- ասում է Ալիսան, ում դեմքը, չնայած երիտասարդ տարիքին, կրում է հոգսերի դրոշմը:
Իսկ տան փոքրը`11-ամյա Կառլենը, այնքան էլ սեր չունի ուսման նկատմամբ, բայց աշխատասեր է, ինչպիսին ժամանակին հայրն էր: Ինչպես հարևաններն են ասում, «տղեն լրիվ խեղճ հորն ա քաշել… Հակոբի ամեն մատը ոսկի էր, մեկին մի հարցում «չէ» չէր ասի»:
Ընտանիքի հոգսն անդրադարձել է Ալիսայի առողջական վիճակի վրա:
«Գարնան բերան լեղապարկիս նոպան բռնեց: Ստամոքսի խոց ունեմ, կանացի օրգանների պրոբլեմներ»,- թվարկում է ընտանիքի մայրն ու միացնում գազի վառարանը, որը 10-15 րոպեից պիտի անջատի, թե չէ ամսվա վարձի տակից դուրս չի գա:
Կառլենը մորն օգնում է տնամերձ հողամասում, որի միակ բերքը` կարտոֆիլը, հազիվ հերիքում է ձմեռը հանելու համար:
«Հլը աշուն ա, բայց, դե, ցուրտ ա… 300 դոլար պարտք եմ արել, գազ եմ քաշել: Հենց զգում եմ, որ էրեխեքը մրսում են, սիրտս չի տանում, փեչը վառում եմ: Բայց հետո մտածում եմ` ախր, ո՞նց եմ վարձը տալու, ու անջատում եմ»,- բարձրաձայն մտորում է Ալիսան, ով փորձում է ամսական մոտ 24.000 դրամ (մոտ 75 դոլար) նպաստով գազի ու հոսանքի վարձ տալ, դեղ ու ալյուր առնել. մնացած կարիքներին` այլ սննդամթերքին, շոր ու կոշիկին, հազվադեպ է հերթ հասնում:
Այն հարցից, թե ի՞նչ կուզեին, որ Ձմեռ պապը բերի այս տարի, տան փոքրերը շիկնեցին, Կառլենը աչքերը լցրեց, չգիտես` ամոթի՞ց, թե՞ ցանկությունների ու կարիքների շարանից, որ դարձել է ընտանիքի անդավաճան ուղեկիցը:
Իսկ տան մայրն ինքը, երեխայի պես հրճվելով, պատասխանեց. «Կուզեի` էս տարի մի լավ նոր տարվա սեղան բերեր, որ էրեխեքս դիլխոր չըլնեն… Եսի~մ, է~, ասում են` Աստված որ մի դուռ փակում ա, մյուսն ա բացում»:
http://www.armenianow.com/hyesanta/2009/7975/hye_santa_2008_living_with_added_d