2006-ին, երբ «Հայ Ձմեռ պապով» ներկայացրեցինք Լեռնուհու պատմությունը, նա երկու տղաների ու մոր հետ Երևանից նոր տեղափոխվել էր Կովսական։

Վահան Իշխանյան-Ռուբեն Մանգասարյան (լրագրող, լուսանկարիչ) և Տիգրան Պասկևիչյան-Արա Շիրինյան (հեղինակ, ռեժիսոր) հայտնի տանդեմների ներկայացրած հոդվածն ու ֆիլմն արագ տարածում գտան, Լեռնուհու ընտանիքով սկսեցին հետաքրքրվել բազմաթիվ երևելի անհատներ, կազմակերպություններ, նույնիսկ դեսպանատներ։ Զանգահարեց «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի տնօրեն Պարույր Ջամբազյանը, իր հիմնած «Հույսի ավանում» կահավորված մենատուն առաջարկեց, տղաների համար՝ մայրաքաղաքային ուսման և առաջընթացի շողշողուն հեռանկար․․․

Այնքան էի մտերմացել Լեռնուհու ու Կապանում հաստատված քրոջ՝ Լիլիթի հետ, որ հաջորդ օրն իսկ Կովսական սուրացի։ Բջջային հեռախոսներ դեռ չկային, Կովսականն էլ Արցախյան առաջին պատերազմից հետո նոր հառնում էր ավերակներից։ Ճանապարհին երևակայում էի, թե ինչպես պիտի կազմակերպեմ հարազատներիս տեղափոխությունը Երևան, «Հայ Ձմեռ պապի» գործընկերների ու կամավորների օժանդակությամբ ինչ հաճույքով պիտի զբաղվեմ քույրերի 4 տղաների կրթության ու կարիերայի հարցերով․․․
Կապանում՝ Լիլիթի մոտ, կարճատև դադար առա, ուրախ-ուրախ պատմեցի գայթակղիչ առաջարկի մասին․․․ Լիլիթի ծանր խոսքը՝ «Դու հավատում ես, որ Կովսականը կթողնի, Երևան կգա՞»։

Կովսական հասա, իրարից կարոտներս առանք, պատմեցի եղածն ու հորդորեցի իրերը հավաքել։ Լեռնուհին լեռնուհիական մի հայացք ձգեց վրաս (տես հոդվածի լուսանկարներն ու ֆիլմը) ու կրկնեց մի տարի առաջ Վահանին ասած նախադասությունը․ «Իմ վերքերը ստեղ են բուժվել, տղերքիս ստեղից պիտի բանակ ուղարկեմ ու ստեղ էլ մեռնեմ»:

Լեռնուհին մերժեց փափուկ կյանքի հեռանկարը․ իմ հայրենիքը Կովսականն է, Երևանում անելիք չունեմ։ Դեռ մի բան էլ հավելեց․ «Տղաներիս երես մի՛ տուր, պիտի տղամարդ մեծանան, իրենց երկրին տեր կանգնեն»։

․․․ Տեր կանգնեցին։ Տղամարդ ու տեր դարձան՝ չորսն էլ կրթություն ստացան, մասնակցեցին ապրիլյան քառօրյային, Նժդեհը վիրավորվեց, բայց ոտքի կանգնեց։ Ամուսնացավ, դուստր ունի։ Լեռնուհու երջանկությանը չափ չկար։

Պրոթեզները վարպետորեն օգտագործելով՝ տաք հագուստ էր հյուսում «Հայ Ձմեռ պապի» անապահով ընտանիքների համար՝ «փոքր նվեր իմ կողմից, թող չմրսեն»։
Իր լույսը բաժին-բաժին ուղարկում էր ուրիշներին։

Կովսականի իշխանությունները տուն
կառուցեցին Լեռնուհու ընտանիքի համար։ Օրնիբուն աշխատող, հողի հարգն իմացող, պատվի օրենքներով ապրող տղաները Ղարաբաղի ճանաչված ու հեղինակավոր երիտասարդները դարձան, Նժդեհն ընտանիքով նոր տուն տեղափոխվեց, կահավորեցին-բարեկարգեցին-գեղեցկացրեցին-շենացրեցին Կովսականը։ 4 հա նռան այգի ունեին, 2 հա արքայանարնջի, ցորենի դաշտեր, լիություն, աշխատանք․․․

Արցախյան ա՛յս գոյամարտի օրերին դաձյալ ռազմաճակատում էին։ Հազարավոր կյանքեր խլած ամեհի գոյամարտի օրերին ես վախենում էի հեռախոսը ձեռքս առնել, օրուգիշեր սպասում էի իրենց զանգերին։ Սակավախոս Լիլիթի կարճ հաղորդագրությունները կյանքի ապրեցնեղ հեռագրեր էին․ «10 օր լուր չունեինք, զանգեցին։ Լավ են, փա՛ռք Աստծու»։

․․․ 2 ժամում Կովսականի բնակչությունը տարհանեցին՝ հայտարարելով, որ ժամանակավոր բան է, վերադառնալու են։ Լեռնուհին Նարեկի հետ Օձուն եկավ, որտեղ էլ արդեն մի ամիս է՝ հաստատվել են։

Զանգում եմ Օձուն՝ Լեռնուհուն, հարցնում՝ ինչի կարիք ունեն։ Նույն զվարթ ձայնով ասում է․ «Լավ ենք, մի՛ անհանգստացիր, կաշխատենք, կապրենք։ Բայց Կովսականս շատ եմ կարոտում»։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի օժանդակությամբ Նարեկն ու Լեռնուհին կամաց-կամաց ինտեգրվում են համայնքային կյանքում․ վստահ եմ՝ Նարեկը շուտով իր մասնակցությունը կունենա մեր երկրի շինարարության ու նորացման հարցում՝ 2 մասնագիտություն, փորձ ու նվիրում ունի։

Զանգում եմ Կապան՝ Լիլիթին, ձայնը բեկվում է․ «Գիտես, 44 օր ինձ պահել եմ, նույնիսկ՝ երբ շաբաթներով տղերքից լուր չունեինք։ Բայց հիմա փլվեցի․ Լաչինս տվեցին»։

Մի ակնթարթ հետո ձայնի պողպատը վերականգնվում է․ «Փառք Աստծու, կաշխատանք, կապրենք»։

Leave a Reply

Your email address will not be published.