27․12․2020-ին տեղի ունեցավ «Երեխաները՝ զինվորներին, սիրով և երախտագիտությամբ» խորագրով բարեգործական ցուցահանդեսի բացման արարողությունը։

Կազմակերպիչներ՝
– «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ` www.haysanta.am
– COWO Community Workspace՝ https://www.cowo.am/

Ցուցահանդեսի գաղափարը հասունացավ պատերազմի ընթացքում, երբ «Հայ Ձմեռ պապն» այցելեց Արցախից բռնահանված ընտանիքներին և սկսեց աշխատել երեխաների հետ։ Կործանարար պատերազմի արհավիրքները տեսած պստիկների հետ հանդիպումների, զրույցների, խաղերի ընթացքում հիմնադրամը փորձեց բարձրացնել նրանց տրամադրությունը և արվեստի ազդեցությամբ նպաստել երեխաների հոգեբանական վերականգնմանը։

Հադրութից, Շուշիից, Ստեփանակերտից, Մարտակերտից և Մարտունուց պատերազմի ժամանակ Երևան եկած երեխաների աշխատանքներն այնքան տպավորիչ էին, որ հիմնադրամը, խորհրդակցելով լոսանջելեսյան իր գործընկեր «Modest Fly Art» ստուդիոյի ղեկավար Իռեն Ծատուրյանի և ընկերների հետ, որոշեց հնարավորություն ստեղծել ցուցադրելու դրանք ու երեխաներին հնարավորություն տալու նյութականացնել պատերազմի վիրավորներին յուրովի օժանդակելու իրենց ցանկությունը։

Այս ծրագրին աջակցեցին նաև Հայաստանի տարբեր (հիմնականում սահմանամերձ) մարզերի գյուղերում «Հայ Ձմեռ պապի» բացած Հավեսին սենյակների սաները։

Տավուշի մարզի Վազաշեն, Վայոց Ձորի մարզի Խաչիկ, Գեղարքունիքի մարզի Լուսակունք, Արարատի մարզի Զորակ գյուղերում և Արմավիրի N 10 դպրոցում գործող Հավեսին սենյակների երեխաները նույնպես միացան գաղափարին՝ իրենց աշխատանքներն ուղարկելով Երևան։ «Հավեսին սենյակների ցանց» ծրագրի մաս կազմող այս հարթակներում երեխաներն աշխատում են կրթամշակութային հետաքրքիր ծրագրերով, հանդիպում են մայրաքաղաքի կրթահամալիրների իրենց հասակակիցների հետ, անվանի ստեղծագործողներից վարպետաց դասեր առնում։

Օվսաննա Բաբայանի ձեռագործ մինի-մոդելային հագուստի հավաքածուն նույնպես ցուցադրվեց՝ արժանանալով ներկաների հիացմունքին․«Հագցնել տոնածառը»․ այսպես վերնագրվեցին Ամանորի ծառը զարդարելու համար նախատեսված հյուսկեն խաղալիքները։

Ցուցահանդեսի գաղափարն իրականություն դարձավ COWO աշխատանոցի սիրալիր առաջարկով․ Մերգելյան ինստիտուտի բարձրահարկ շենքի վերին՝ բետոնի և ապակու համադրությամբ նոր շունչ առած հարկում տեղավորված IT ժամանակակից աշխատանոցը սիրով իր տարածքը տրամադրեց «Հայ Ձմեռ պապին»։

Երեխաների ստեղծագործությունների ցուցադրությունն սկսվեց տեր Եսայի քահանա Արթենյանի օրհնության խոսքով և Արցախյան պատերազմում զոհված հերոսների խնկելի հիշատակին նվիրված լռության րոպեով։ Ողջ միջոցառման ընթացքում ներկայացվում էին առաջնագծի զինվորների լուսանկարները, և նրանք իրենց վիրտուալ ներկայությամբ ոգեշնչում էին ցուցահանդեսի մասնակիցներին ու հյուրերին։

«Զինվորն է հայրենիքի սյունը»․ սա էր երեկոյի մտայնությունը, ա՛յս գաղափարն էր միավորել բոլոր ներկաներին։ CoWo-ի տնօրեն Արփի Կարապետյանն իր խոնարհումը բերեց Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված ազատամարտիկների թանկ հիշատակին և պատրաստակամություն հայտնեց զբաղվել վիրավոր զինվորների IT մասնագիտացմամբ։ Նա հաստատեց, որ CoWO-ն սիրով կաջակցի ցանկացած նման միջոցառման։

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթն իր բարձրարվեստ երաժշտական համարներով հարստացրեց երեկոն։ «Տաղարանի» խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մաեստրո Սեդրակ Երկանյանն իր խոսքում ընդգծեց արվեստի միջոցով ազգային դիմագծի հզորացման կարևորությունը։ Նա առաջարկեց հաճախ կազմակերպել այսօրինակ համատեղ միջոցառումներ։ Երաժիշտների հիասքաչ կատարումները հնչեցին ողջ երեկոյի ընթացքում։
«Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը շնորհակալական խոսք ուղղեց միջոցառման գործընկերներին և մասնակիցներն։ Նա ներկաներին փոխանցեց ՀՀ ժողովրդական արտիստ, հանրահայտ երգչուհի Հասմիկ Պապյանի զորակցությունը միջոցառման մասնակիցներին և բարի նշան համարեց այն, որ վիրավոր զինվորների բուժմանն աջակցելու նպատակով կազմակերպված մշակութային այս երեկոյի առաջին նվիրատուն իր բարեսիրական ձեռնարկումներով հայտնի աշխարհահռչակ սոպրանո երգչուհին է։ Շուրջ մեկ տարի առաջ Հայրենիքում վերջնականապես հաստատված տիկ․ Պապյանն այս անգամ միջոցառմանը ներկա չէր, բայց պատրաստակամություն էր արտահայտել հետագա համատեղ բարեգործական միջոցառումներ կազմակերպելու։

«Հայ Ձմեռ պապի» տնօրենը երախտիքի և խոնարհումի զգացումով պատմեց հիմնադրամի կայքը նախագծած, պատերազմի հերոս Էրիկ Գևորգյանի և Վազաշենի Հավեսին սենյակի սան, անհետ կորած համարվող Գևորգ Արաբաչյանի մասին։ Հայտարարվեց նաև հիմնադրամի որոշումը՝ Էրիկ Գևորգյանի դպրոցում նրա անունով դասասենյակ բացելու մասին։
Ներկա էին Էրիկի ընտանիքի անդամները և ընկերները, որոնք վերհիշեցին նրա կարճ, բայց շնորհաշատ կյանքի դրվագները։ Էրիկի ընտանիքը ևս իր ներդրումը կատարեց վիրավոր զինվորների առողջության վերականգնման գործում։

Ցուցադրվող աշխատանքների թվում էր Գևորգ Արաբաչյանի «Երկուսով» նկարը։ Վազաշենի Հավեսին սենյակի սան, կրթությունը Իջևանի համալսարանի կիրառական արվեստի ֆակուլտետում կիսատ թողած և բանակ մեկնած Գևորգի նկարը հուզեց բոլորին․ լուսնալույսի մեջ դյութական գետի ջրերով նավարկող երկուսը երիտասարդի երազանքների խտացման հրաշալի պահն էին հավերժացրել։
Միջոցառման հյուրերն էին Երևանում ապաստանած ղարաբաղցի երեխաներն իրենց ծնողների հետ։ Հենց նրանց ստեղծած 4 կոլաժներն էին ցուցահանդեսի հիմնական բևեռակետերը։ Երիտասարդ արվեստագետ Սյուզի Հակոբյանը սիրով հիշեց վարպետաց դասերի ընթացքում երեխաների հետ աշխատանքի դրվագները։ Երեխաներն իրենք էլ պատմեցին իրենց ստեղծագործությունների մասին․ «Սպիտակ Խաչ» նկարի հեղինակները՝ Յուլյան և Գառնիկը, քարերով հավաքել էր իրենց Սպիտակ Խաչ վանքը։ Նրանք հիշեցին, որ Վանք գյուղի իրենց դասարանով հաճախ էին բարձրանում սրբատեղի, հանգստանում ծառի հովին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր Նարինե Արզումանյանը․
«- Կարմիր ծաղիկները, – ասաց, – մեր զոհված զինվորներն են։
Երբ ուսուցիչը, առանց իմանալու, ասել էր՝ մի քիչ էլ ծաղիկ ավելացրու, հրաժարվել էր՝ չեմ ուզում, էդ մեր զոհված զինվորներն են։
Ճերմակ աղունիկներն էլ մեր ապրող զինվորներն են»։

․․․Ցուցահանդես-համերգի ողջ ընթացքում կարոտի ու վշտի վերապրում կար, բայց կար նաև նորացման անհրաժեշտության գիտակցում, գիտահեն մրցունակ տնտեսություն ստեղծելու և մշակութային զարթոնքով կյանքն արժանապատիվ կերպով շարունակելու վճռականություն։ Զարգացման ու հաղթանակների վճռականություն։
Երեկոն ավարտվեց «Քրամբս» հացթուխարանի կազմակերպած համեղ հյուրասիրությամբ։
Ցուցահանդեսը կտևի մինչև 2021 թ․ հունվարի 15-ը։ Նվիրատվություններից գոյացած ողջ գումարը կամբողջացվի և կփոխանցվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։
Նկարներ ձեռք բերելու և նվիրատվություններ կատարելու նպատակով բացվել է նաև առցանց հարթակ, որից կարող են օգտվել մեր արտասահմանցի հայրենակիցները․

https://business.facebook.com/products/catalogs/306235397427555/products?business_id=756367195230166

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ

«Կոնվերս բանկ» ՓԲԸ,
հ/հ 19300 66890980100

Ցուցահանդեսի բացման երեկոյի ընթացքում կատարված նվիրատվությունների հասույթը կազմեց 270000 դրամ։ Տիկ․ Պապյանի կատարած նվիրատվության հետ միասին գումարն այս պահին կազմում է 440000 դրամ։

Հադրութցի երեխաների «Բաբո-ձեդո» և «Սպիտակ Խաչ» նկարների համար նվիրատվություն կատարած բարերարները ցանկություն արտահայտեցին նկարները ևս տրամադրել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։

Երեխաների աշխատանքը, նվիրումը, սերը, ջերմությունն ու աղոթքը՝ զինվորներին։

Լուսանկարները՝ CoWo-ի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *