3-րդ հավեսին սենյակ

Փետրվարի 29, 2020



                                                                        3-ՐԴ ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԸ_27.09.2018.

 

Արարատի մարզի Զորակ համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցում բացվեց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ծրագրերից մեկի` «ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ցանց» նախագծի 3-րդ սենյակը:

Համայնքը յուրահատուկ պատմություն ունի. միայն մեկ բնիկ ընտանիք կա, մնացածները եկվորներ են ու փախստականներ: Դպրոցում ներառական կրթության մեջ ընդգրկված է 20 աշակերտ: Շենքը նորոգման լուրջ կարիք է զգում: Խնդիրներն անվերջ են, բայց տնօրեն Տիգրան Բաբախանյանն ու դպրոցի ուսուցչական կոլեկտիվը համատեղ փորձում են ելքեր գտնել:

Զորակի ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ-ում ևս, ինչպես նախորդ երկուսում, երեխաները ներդաշնակ զարգացման հնարավորություն են ստանալու, հանդիպելու են ստեղծարար մարդկանց, Երևանի և այլ քաղաքների ու գյուղերի իրենց հասակակիցներին, սովորելու և սովորեցնելու են:
Այս հարցում հաստատակամ են «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը, «Արվեստը` սահմանին» խմբի արվեստագետները, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն ու ուսուցիչները, հիմնադրամի շատ գաղափարակից բարեկամներ:

Զորակի նախագիծն իրականանում է Focus on Children Now կազմակերպության և Ավետյան ընտանիքի հովանավորությամբ: Այն կրելու է կյանքից վաղաժամ հեռացած Անահիտ Ավետյանի անունը:

Նախկին ավերակ դասասենյակը նորոգվել է, սիրուն վարագույրները կախվել են, թարմություն բուրող նկարակալներն ու աթոռները, նկարչության պարագաները սպասում են երեխաներին…

Մնում է աշխատել ու բովանդակությամբ լցնել ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԸ:

Լուսանկարները` Narara Muradyan-ի, Anahit Kalantaryan-ի, Armen Hovakimyan-ի, «Հայ Ձմեռ պապ» ԲՀ-ի: