Մարիամ Բադալյան

 

7-ամյա Մերին ամուր փաթաթվել է մոր պարանոցին:

«Իմ մամաս ա»,- ասում է նա ու համբուրում մոր այտը: Աջ ձեռքին հացի կտոր է, մեջը` շաքարավազ: Հարևաններն են տվել. գիտեն, որ Մերին քաղցր շատ է սիրում:

37-ամյա Թամար Սանթրոսյանի մեծացած ակնաբիբերով թախծոտ աչքերը խուլ կայծկլտացին` մատնելով սրտի թրթիռը:

«Հա, բալես, գնա խաղա»,- ասաց նա աղջկան:

Մերին ու մայրն ապրում են հանրակացարանի խունացած պատերով 12 քմ մի սենյակում, որի մի ծայրից մյուսը հասնելու համար բավական է երեք քայլ անել: Թամարն ամեն ինչ արել է շուք տալու համար իր փոքրիկ «տանը». վառ դեղին ծածկոցով հին մահճակալը, որը սենյակի մյուս մասից բաժանվում է ալ կարմիր վարագույրով, Թամարի սենյակի գլխավոր զարդարանքն է: Սենյակի կահավորանքը լրացնում են հնամաշ պահարանը, երկու աթոռ, մի փոքրիկ սեղան ու հեռուստացույց:

Մերին Թամարի միակ ուրախությունն է: Թամարը մեծացել է մանկատանը, ինչպես ինքն է ասում` սոված, ծեծ ու ջարդի մեջ, մոր քնքշանքի կարոտ:

«Ամոթ էլ ա ասել` հաց էինք գողանում: Մեզ սոված էին պահում, իսկ մենք գիտեինք, որ հացը իրանց տներն են տանում, դրա համար էլ գողանում էինք ու զուգարանում թաքուն ուտում»:

Մանկատնից դուրս եկավ, երբ 15 տարեկան էր: Հանրակացարանում սենյակ տվեցին: 1998-ին ամուսնացավ: Սենյակը հանձնեց ու գնաց ամուսնու տուն: Բայց Թամարի երջանկությունը երկար չտևեց: Արդեն Մերիով հղի էր, երբ սկեսուրն իմացավ, որ մանկատանն է մեծացել:

«Հարութին ասեց` էս որբին ո՞ւր ես բերել, մեզ անտեր մարդ պետք չի, տար»: Ու Թամարը մնաց փողոցում: «Տղու հետ փող էր ուղարկել, որ երեխուց ազատվեմ, բայց ես տենց բան անող չէի»:

Սոված, անօթևան Թամարը դռնեդուռ էր ընկել: Մերին վեց ամսական էր, երբ նրան հանձնեց մանկատուն: Ինքն էլ չէր հավատում, որ կարող է անել այն, ինչը սեփական մաշկի վրա էր զգացել ու ողջ կյանքում դատապարտել էր:

«Երեխուս պայմանագրով տվի, որ մի տարի հետո հետ եմ վերցնելու: Հույս ունեի մինչև էդ սենյակ ստանալ,- պատմում է նա, ու ձայնը դողում է: – Իններորդ մասիվում իմ նման մի խեղճ կին գտա, որ բուդկայում էր ապրում: Հողամաս էր նայում: Հետը ապրեցի, մինչև սենյակ ձեռքս ընկավ»:

Մերիին հետ է վերցնում: 6000 դրամ աղքատության նպաստ է ստանում, մեկ-մեկ էլ տուն մաքրելու են կանչում:

«Մերիին հետս էի տանում, ո՞ւր թողնեի: Մի կերպ ապրեցինք»:

Թամարն այլևս նպաստ չի ստանում. հանրակացարանի պարետը որոշեց, որ նրա ստացած ամսական 25000 դրամը լիուլի բավական է մոր ու աղջկա համար, և «Փարոսին» գրություն ուղարկեց, որ Թամարն աշխատանք ունի:

«Էդ անաստվածի էրեսից մենակ էդ 9500 դրամից չզրկվեցի, այլ շատ ուրիշ արտոնություններից,- ասում է Թամարը: – էս տարի էրեխես դպրոց գնաց: Իրան «Փարոսով» 20000 դրամ էր հասնելու, չստացանք: Զոռով եմ ուղարկել, լաց ու կոծով. փոքր ա, բայց խելքը հասնում ա, ամաչում ա ճղված կոշիկներով գնալ»:

Թամարի աշխատած փողը հազիվ բավականացնում է ճանապարհածախսին ու սննդին: Ամեն օր, բացի կիրակի օրերից, 200 դրամ է ծախսում աշխատանքի գնալ-գալու համար: Արաբկիրի համայնքում 3 շենքի մուտքերն է մաքրում: Էլեկտրաէներգիայի վարձը ամսական կազմում է 600-700 դրամ, իսկ ձմռանը, երբ էլեկտրական վառարան են միացնում, ավելի շատ` մոտ 4000:

«Էս էրեխուն ես դեռ շոր-կոշիկ առած չկամ, ուրիշների տվածով ա մեծանում,- ասում է նա ու ավելացնում, որ տան եղած-չեղածն էլ են նրանք տվել: – Կաթ, մածուն, միրգ` տենց բաներ չեմ կարողանում առնել, շատ թանկ են: Փողը հազիվ հացի ու ձավարեղենի ա հերիքում»:

«Ես լավ ասեղնագործում էի,- ասում է նա: – Նույնիսկ մի անգամ մրցանակ եմ ստացել` 25 ռուբլի, բայց աչքերս հիմա լավ չեն տեսնում, էլ ասեղ չեմ կարում բռնել»:

Թամարի երկու աչքն էլ վիրահատված է: Խպիպ (զոբ) էլ ունի, որի պատճառով երեկոները կոկորդն ու աչքերն անտանելի ցավում են: Վիրահատություն են առաջարկել, բայց չի կարող գնալ:

«Վախենում եմ բժշկի գնամ. բա որ ասեն` աչքերդ էլի պետք ա վիրահատել, որտեղի՞ց փող ճարեմ»:

Թամարը հացը շատ հաճախ խանութից պարտքով է վերցնում:

«Նոյեմբերի 24-ին Մերիի ծննդյան օրն էր,- պատմում է հարևանուհին` Գայանեն: – Մերին անհամբեր սպասում էր, հարցրեց` մամ, բա տորթ չե՞ս թխելու, բա ինձ նվեր չե՞ս առնելու: Բայց դա էլ անցավ սովորական օրերի նման. փող չունեին»:

Թամարը գիտի, որ երեխայի ծննդյան օրը նվեր ստանալ նշանակում է ծնող ունենալ, մանկություն ունենալ, ու դրա համար էլ շատ դառնացավ, որ այդ օրն աղջկա համար ոչինչ չկարողացավ անել: Բայց, այդուհանդերձ, գտնում է, որ Մերին ավելի երջանիկ մանկություն ունի, քան ինքը:

«Իմ մանկությունը Մերիի մանկության հետ չես համեմատի,- ասում է Թամարը: – Մերին մայր ունի, որ իրա կարեցածի չափ տեր է կանգնում նրան: Իսկ մենք ի՞նչ էինք. ով հասնում` խփում էր: Չէ, չես համեմատի: Գիշերը էրեխուս կփաթաթվեմ ու ինձ կթվա` ամեն պրոբլեմ լուծված է: Ես ու Մերին, չնայած դառն օրեր շատ ենք տեսնում, բայց մենակ չենք. ես Մերիին ունեմ, իսկ ինքը` ինձ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *