Վանաձորցի ընտանիքն ապավինում է Աստծուն ու մարդկային բարությանը

Հուլիսի 5, 2007



Գայանե Աբրահամյան

 

10-ամյա Հեղինեն գրկել է մորն ու համբուրում է, կարծես ուզում է մխիթարել մորն ու կիսել նրա հոգսերն ու ցավը:

Մայրը թաքուն սրբում է արցունքներն ու կամաց ասում. «Անտեր հոգսերից էրեխեքովս էլ չեմ ուրախանամ: Իմ լույսն են, բայց հենց ուտելու ժամը գալիս ա, ու գիտեմ, որ սոված են մնալու, քիչ ա մնում` կախվեմ»,- ասում է 4 երեխաների մայր 42-ամյա Էմման:

Լուսանկարներում Էմմա Լորյանն առողջ, եռանդուն ու գեղեցիկ կին է: Բայց նկարների կնոջից քիչ բան է մնացել:

Կյանքը բարի չի գտնվել նաև նրա ամուսնու` Հայկի նկատմամբ. ժամանակին Վանաձորի լավագույն զոդողը տառապում է քրոնիկական թոքաբորբից և կյանքի օրեցօր վատացող պայմաններից:

«Գիշերները շունչը կտրվում ա, ցավից ու մտածմունքից գլուխը վերմակի տակ ա մտցնում ու լաց լինում: Ա’յ Հայկ, ասում եմ, լավ կլինի, Աստված մի դուռ կբացի, կառողջանանք, կաշխատենք, մեր էրեխեքն էլ մի օր կուշտ կլինեն, բայց հուսահատ ա»,- ասում է Էմման:

Էմմայի խոսքերով` դիմել են բժիշկների, դեղերի համար փող չեն խնայել, բայց տան խոնավությունից թոքաբորբն անընդհատ կրկնվում է:

«Այդ տան մեջ անհնար է չհիվանդանալ,- ասում է տեղամասային բժիշկ Անահիտ Վարդանյանը: — Չկա այդպիսի ամիս, որ նրանց տանը մեկն անգինա կամ հարբուխ չունենա: Ցրտից ու խոնավությունից բոլորի առողջությունն էլ վատ է, դրան նպաստում է նաև թերսնումը, ինչը բավական լուրջ խնդիրներ կարող է առաջացնել»:

Նրանց կյանքը նույնքան դժգույն է, որքան ծխից ու խոնավությունից խունացած տունը, որտեղ լավ են հիշում 18 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժը:

88-ի արհավիրքը Լորյանների տունը չքանդեց, բայց այնքան ճաքեր առաջացրեց, որ տունն ամեն օր կարող է փլվել:

«Մենք էս պատուհաններին չենք մոտենում. որ քամի ա լինում, էս պատը նենց ա շարժվում, որ վախում ենք: Էս ճաքից էլ առաջ դուրսն էրևում էր»,- ամաչելով ասում է Հեղինեն:

Մի քանի տարի շարունակ Էմման և Հայկը ընտանիքը պահում էին անտառից ցախ հավաքելով ու վաճառելով: «Ծառ չէինք կտրում, թափված ճյուղերը հավաքում էին, փոքր կապոցներ սարքում ու ծախում, օրվա ուտելու փողը հանում էինք, բայց հիմա արգելում են, ու անգամ մեր տունը տաքացնելու փետ չենք կարում բերենք»,- ասում է Էմման:

Անցյալ տարի ամուսիններով ընկերոջ մեքենայով բարձրանում են անտառ, որ տունը տաքացնելու համար ձմեռվա փայտ բերեն:

«Ես իմ կոտրած ձեռով, Հայկս ջերմության մեջ վառվելով` մի քիչ փետ հավաքեցինք, հասանք տուն` միլիցեքը դեմներս կտրեցին, թե` ծառ եք կտրել, ակտ ենք գրելու: Ախր, երկուսիս վրա էլ ուժ չկա, մենք ի վիճակի՞ ենք ծառ կտրելու: Էդ որ սաղ կրում ու ծախում են, փող շինում, իմ երեխեքը պտի ցրտից մեռնե՞ն»,- լալիս է Էմման:

Մի ամբողջ օր Էմմային ու Հայկին պահում են ոստիկանության բաժնում, փայտը բռնագրավում և 70000 ($190) դրամի ակտ գրում:

«Լավ էր` գոնե միլպետը խղճով մարդ էր, ասաց` որ ակտը գրված է, արդեն չեմ կարող հանել, բայց ամենաքիչ տուգանքը գրեց: Տանս ինչ ունեի` վաճառեցի, 30000-ը ($80) մուծեցի: Մի անգամ էկան տուն, որ տան ապրանքը բռնագրավեն որպես փոխհատուցում, իրենք էլ ամաչեցին, ասին` էս տնից ի՞նչ տանենք»,- պատմում է Էմման:

Լորյանների 6 հոգանոց ընտանիքի եկամուտն ամսական նպաստն է` 27000 ($70) դրամ, որ հազիվ բավականացնում է միայն հացին: Իսկ մնացած ուտելիքը Էմման հայթայթում է անտառից հատապտուղ քաղելով ու վաճառելով:

«Ձմեռն էլ բան չկա քաղելու, էտա Աստծո հույսով ապրում ենք»,- ասում է նա:

Էմման ու Հայկը, չնայած իրենց դժվարություններին, հյուրընկալել են հրդեհի հետևանքով անօթևան մնացած ամուսիններ Մարինեին ու Սանյային:

«Աղքատը կհասկանա աղքատին»,- ասում են ամուսինները:

«Էնքան բարի մարդիկ են. խեղճ Էմման իր հիվանդ էրեխեքին թողած` մի քանի գիշեր իմ կողքին էր. ամուսինս պրիստուպի մեջ էր, խեղճ աղջիկը իմ հետ հավասար չքնեց: Աստված տա` մենք կարողանանք գնալ Մոսկվա` ամուսնուս մոր մոտ, իրենց էլ կօգնենք»,- ասում է Մարինեն:

Էմման անընդհատ մտածում է ամուսնու առողջության մասին, հոգում նրա ու երեխաների մասին, բայց ինքն էլ լավ վիճակում չէ: Հարևանուհու պատմելով` հաճախ ուշագնաց է լինում:

Էմմայի ուրախությունը նրա երեխաներն են` 6-ամյա Վազգենը, 8-ամյա Գիգուշը, 10-ամյա Հեղինեն և 11-ամյա Հրանուշը: Հրանուշը երազում է բժշկուհի դառնալ, որ բուժի մորն ու հորը: Իսկ փոքրիկ Վազգենը, որ ծնվել է Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ասում է, որ դառնալու է նրա նման ուժեղ զինվոր:

«Ցավը հեչ, մենակ էրեխեքս սոված չմնան: Որ դպրոց եմ ճանապարհում ու մտածում, որ հեսա էլի համադասարանցիները կծաղրեն էրեխեքիս` թե ուրիշի շորեր եք հագնում, սիրտս մղկտում ա, չգիտեմ` գլուխս ո՞ւր թաղեմ»,- նորից աչքերը սրբելով ասում է Էմման:

Հեղինեն աղոթագիրքը ձեռքին պատուհանի մոտ կարդում է:

«Ես ամեն գիշեր աղոթում եմ, որ մամաս, պապաս առողջ լինեն, որ գնանք դպրոց` մեզ ձեռ չառնեն, որ վատ ենք հագնվում, ուրիշի շորեր ենք հագնում, որ գրքի փողը չենք տալիս: Նեղվում եմ, լացում եմ, բայց նենց, որ մաման չտեսնի ու ինքն էլ չնեղվի…»: