«Սովորական մարդիկ»

Հուլիսի 5, 2006


«Սովորական մարդիկ»

Գայանե Մկրտչյան

Լաուրայի հնամաշ կոշիկները ցեխի ու թրիքի մեջ կորած են: Վազելիս մտածում էր միայն շուտ տուն հասնելու մասին: Ամսվա մեջ այս մեկ օրը նրան անհամբերությամբ սպասում են վեց երեխաները, սկեսուրն ու ամուսինը:

«Մամ, մամ, պիրե՞լ ես մեր հուզած կանֆետը»,- միաբերան հարցնում են մեծ ու փոքր, ու առանց մոր պատասխանին սպասելու` հարձակվում կոշիկներից ավելի մաշված պայուսակի վրա:

Դա այն երջանիկ օրն է, երբ Լաուրան գնում է երեխաների նպաստը ստանալու: 45-ամյա կնոջ անհանգիստ հայացքը, որը թափառում է հեռուներում, պատմում է նրա կյանքի ու ընտանիքի մասին: Հարցերն ավելորդ են ավելին բացահայտելու համար:

Լաուրայի ամուսինը`48-ամյա Վոլոդյա Շիրինյանը, իր անցած կյանքը բաժանում է երկու շրջանի` «սովորական մարդիկ» և «փախստականներ»: Սովորական էին, երբ մոր` 76-ամյա Նորա Գյուրջյանի հետ ապրում էին Ադրբեջանի Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում: Պատերազմը ստիպեց անցնել հաջորդ փուլ, որտեղ կոչվելու էին փախստականներ:

«1989-ից կռվում էի Ասկերանի գնդում: Մայրս ժամանակավորապես ապրում էր Ստեփանակերտում: 1994-ին ամուսնացա Լաուրայի հետ, և տեղափոխվեցինք Մարտակերտ»,- պատմում է Վոլոդյան:

Շիրինյաններն ապրում են Մարտակերտի արվարձաններից մեկում` փախստականների համար կառուցված հատուկ թաղամասում:

«Շատերը չդիմացան ու քինացին Ռուսաստան, շատերն էլ վախից ստեղան տեղափոխվեցին: Հի՞նչ ենք գիդում, կարող ա նորից սկսի կռիվը, սահմանը հրես հա»,-ասում է Նորա մայրիկը:

Ամուսինները հաշվում են պարտքերը: Յոլա չեն գնում երեխաների 23000 դրամ նպաստով և Նորա մայրիկի 8000 դրամ կենսաթոշակով:

«Ապրանքներն ապառիկ վերցնում ենք խանութից ու մի գլուխ գրվում, արդեն 83000 պարտք ենք: Ամիսը մենակ երկու մեշոկ ալուր հաց ենք թխում: Շոր ու կոշիկի մասին էլ մոռացել ենք, էտա` ինչ տալիս են հարևան, բարեկամ, հագնում ենք»,- ասում է Լաուրան:

Ընտանիքում ոչ մեկը չի աշխատում: Վոլոդյան երիկամներից հիվանդ է, Լաուրան վերջին երեք երեխաներին կեսարյան հատումով է ունեցել: Հետվիրահատական շրջանում ծանր աշխատանքի պատճառով ստացել է ստամոքսի ճողվածք: Նորա մայրիկը հայտարարում է, որ տան առողջն էլի ինքն է ու «հրեխանց» համար պատրաստ է ցանկացած աշխատանք անել: Ամռանը գնում է ուրիշների հողամասերում օրավարձով աշխատում`1000 կամ 2000 դրամով:

3-ամյա Գայանեն ծանոթացնում է իրենց տանը: Փոքրիկը դժվարությամբ է քայլում: Նրան խանգարում են պատառոտված ոտնամանները, որոնք տարբեր են: Արանքներից երևում են փոքրիկի սպիտակ ոտնաթաթերը:

Ննջասենյակ կոչվածի պատուհանների ապակիներին փոխարինում են ստվարաթուղթն ու պոլիէթիլենը: Դրանից գորշ սենյակն ավելի է մթնում: Անհույս խավարում փայլփլում են Գայանեի աչքերը: Նա ասում է, որ բոլորով միասին քնում են երեք հին մահճակալներին:

Դպրոցից տուն են վերադառնում 10-ամյա Մերին, 9-ամյա Նունեն և 8-ամյա Լուսինեն: Մոտենում է Նորայրը և խնդրում հորը գրկել իրեն: Տղան դժվարությամբ է ձեռքերը բարձրացնում:

Դժբախտությունը թակեց առանց այն էլ դժվար կյանքով ապրող ընտանիքի դուռը, երբ Նորայրը երկու տարեկան էր: Նա ընկնում է եռացրած կաթի մեջ և մարմնի ձախ` սրտի կողմում այրվածքներ ստանում:

«Աստծո օգնությամբ երեխաս փրկվեց,- ասում է մայրը: — Հիմա էլ պետք է երկրորդ վիրահատությունն անենք, բայց ո՞նց էս չունեցած հալներիս:

Հաշմանդամության կարգ տալու համար էլ 50000 դրամ են ուզում»:

Ընտանիքի ամենամեծ հոգսը ձմեռն է: Մի մեքենա փայտը 50000 դրամ է: Նրանց համար դա երազանք է: Նորա մայրիկն ասում է, որ շրջապատում անտառ չկա, թէ չէ «խոխանց» համար փայտ կհավաքեր:

Լաուրան ասում է, որ մի տուն երեխա պահելը դժվար է ու չգիտեն` ինչպես շարունակեն ապրել: Ապրում են Մարտակերտում, որը պատերազմից առավել տուժած շրջաններից է:

ԼՂՀ-ում երրորդ երեխայից հետո պետությունը ավանդ է հատկացնում, որը փոխանցվում է բանկ: Չորրորդ երեխային տրվում է 1000 դոլար, հինգերորդին` 1500, վեցերորդին` 2000: Այդ գումարից հնարավոր է օգտվել միայն երեխայի 18 տարին լրանալուց հետո: Մինչև այդ ծնողները ամեն ամիս ստանում են գումարի տոկոսները: Երեք երեխայի համար Շիրինյանները ստանում են 10000 դրամ ու իրենք իրենց հարցնում. «Բայց, դե, դրանով հի՞նչ կանես»:

Ամանորի գիշերը Շիրինյանների տանը ճոխ սեղան չեն գցում ու երեխաները նվերներ չեն ստանում: Անջատում են լույսերն ու անկողին մտնում: Հին թե նոր տարի` միևնույն է, դրանից նրանց կյանքում ոչինչ չի փոխվում:

Վերջերս էլ մարդասիրական մի կազմակերպություն Շիրինյաններին կով է նվիրել, որը, համաձայն պայմանագրի, մեկ ու կես տարի չպետք է մորթեն կամ ծախեն: Թե որ կազմակերպությունից են ստացել, չեն կարողանում անունն ասել:

Պատուհանի գոգին փոշու մեջ կորած տետրեր ու գրքեր են: Մերին ասում է. «Հայրիկինն են, նա համ անգլերեն, համ էլ հնդկերեն գիտի»: Վոլոդյան բացում է գրքերն ու կարդում: Ցույց է տալիս հինդիից արված թարգմանությունները: Ասում է` սովորել է ինքնակրթությամբ, երբ «սովորական մարդիկ էին»:

{ai127803.jpg|left}«Ես հոռետես մարդ եմ, չնայած բանաստեղծություններս այլ բան են ասում: Բայց, դե, կյանքը էս ի՞նչ է անում մեզ հետ: Ինչի՞ն հավատամ, ինչի՞ վրա հույս դնեմ»,- ասում է նա ու կարդում կորցրած հույսերի մասին բանաստեղծությունը.

Հույսը ցնորք է անդեմանորոշբայց հույսը կյանքի շունչ է կենարար,

Չենք կարող պարզել այն որպես դրոշսակայն ելուստ է հույսը փրկարար,

Հույսը միշտ մերն էմեր արյան մեջ էաշխարհ է գալիս ծննդյան ճիչում,

Մեզ հետ ապրում էմեկզորեղմեկթույլու մեծ սիրո պես մեզ հետ հանգում:

Նորա տատը խոստովանում է, որ Վոլոդյան դարդից մեկ-մեկ խմում է: Այդ ժամանակ վերցնում է գրիչն ու գրում:

«Անուժ եմ ընտանիքս պահելու համար: Երբ արյունս փոթորկվում է երակներումս, հոգուս կուտակվածը ափ եմ հանում ու գրում: Սպիտակ թղթերը հոգուս ափերն են, որտեղ ծնվում են բանաստեղծությունները»,- ասում է նա:

Նունեն բացում է բանաստեղծությունների տետրն ու կարդում. «Մաս առաջին.

Լույսը հույս էդուրս կհանի դժոխքից,

Լույսը հույս էմիշտ ուղեկից է կողքից»: