Պայքար` ծնված ողբերգությունից

Հուլիսի 5, 2007



Գայանե Մկրտչյան

 

Սյունիքում բնությունը ասեղնագործել է անթերի: Լեռները մեղմիկ թիկնել են իրար: Նրանց հսկա լանջերին ծվարել են աշխարհից անտեղյակ փոքրիկ գյուղեր: Դրանցից մեկն էլ Դարբասն է, որն անսպասելիորեն հայտնվում է հերթական լեռնային ոլորանից հետո:

Դարբասում մարդկային ճակատագրերը նույնքան անթերի ու կատարյալ չեն, ինչպես բնությունը: Դժվար է ասել`բնությո՞ւնն էր թերացել, թե՞ ճակատագիրը, բայց Կարապետյանների ընտանիքում կատարվածը ցնցեց բոլորին:

 

«Էրեխոնցս ո՞նց պահեմ, էլ վիճակ չունեմ: Հեսա էրկու տարի ա, որ տղես, հարսս մեզ թողալ են ու քինացել: Տունդ առանց տղամարդ, առանց հարս ի՞նչ տուն: Մթնում ա ու լուսանում, մենակ էդ գիդամ»,- ասում է 83-ամյա Արշալույս Կարապետյանը:

 

Արշալույս տատը խուսափում է «մահանալ» բառից և դրա փոխարեն ասում` «քինացել»: Մոր լեզուն չի պտտվում պատմելու, որ հանկարծ հոգեկան խանգարում ստացած որդին` 46-ամյա Գագիկ Կարապետյանը, երեխաների ներկայությամբ սպանել է կնոջը` 36-ամյա Լուսինե Կիրակոսյանին, իսկ մեկ տարի անց մահացել հոգեբուժարանում:

 

Արշալույս տատը սև գլխաշորով ու սև գոգնոցով է: Սև է նաև ծեր կնոջ հոգում ու սրտում: Նա ցավից ու վշտից կուչ եկել, մի բուռ է դարձել, բայց շարունակում է կռիվ տալ ոչ միայն ապրելու, այլև ընտանիքն ապրեցնելու համար:

 

«Իրեք երեխաս եթիմ, վզները ծուռ մնացին: Իրենց տան մեջ հազիվ մի քանի տարի ապրեցին: Հիմա դռները փակած են, խարաբախանա ա: Տեր-տիրական չունենք: Որբացած քյորփեքիս հազիվ եմ պահում»,- ասում է Արշալույս տատը:

 

Երեխաները երեքն են` 15-ամյա Վրեժը, 13-ամյա Ռուբենը և 11-ամյա Հայկը: Դարբասում գյուղացիները շշուկով են խոսում Կարապետյանների մասին` հանկարծ ցավ չպատճառեն տղաներին: Ընտանիքի անդամներն աշխատում են եղածը մոռանալ, շրջել իրենց կյանքի այդ տխուր էջը, որը հիշողությունում կնքվել է հավերժորեն:

 

Վրեժը մեծի պես ընտանիքի հոգսը վերցրել է իր ուսերին: Իր մեջ ուժ է գտել պայքարել կյանքի դառնությունների դեմ: Իսկ Ռուբենն ու Հայկը միանգամից են մեծացել: Ջերմությունը, որ պետք է ստանային կորցրած ծնողներից, աշխատում են միմյանցից ստանալ, ինչը միակ ճանապարհն է դեպի ապագան:

 

Դարբասի դպրոցի տնօրենը` Վալերիկ Օհանյանը, ասում է, որ ծնողների հետ կատարված դժբախտությունից հետո երեխաները շատ փոխվեցին:

 

«Վրեժը մեր լավագույն աշակերտներից էր, հիմա փոխվել է: Հոգեկան ծանր ապրումները հերիք չէին, հիմա էլ պետք է պայքարեն ապրելու համար»,- ասում է Օհանյանը:

 

Դպրոցի որոշմամբ` ընտանիքի հոգսը թեթևացնելու համար Ռուբենին ու Հայկին մոր մահից հետո տեղափոխել են Սիսիանի թիվ 1 հատուկ գիշերօթիկ դպրոց:

 

«Ռուբենի նկարած նկարներում չկան ուրախ մանկական պատկերներ: Եթե տուն ենք նկարում, ապա նրա մոտ այդ տունը դատարկ է, մռայլ գույներով: Անգամ եղբայրներին չի նկարում,- ասում է գիշերօթիկի դաստիարակ Վարդուշ Սաֆյանը: — Խուսափում է ծնողներին նկարել, ասում է` բա որ վա՞տ ստացվի: Այսինքն` չի ուզում նրանց վատ տեսնել»:

 

Վրեժը տանը չէ, Արշալույս տատն ասում է, որ գյուղում անասուններին սար տանելու իրենց հերթն է, ու Վրեժն այսօր այդ գործին է: Ռուբենն ու Հայկը դույլերով ջուր են բերում, հետո վազում անտառ` ձմեռվա փայտ հավաքելու:

 

Բակում մի քանի գլուխ կաղամբ ու մի քանի դդում է դրված: Թաց ընկույզը փռել են գետնին չորանալու համար: Սա այն ամենն է, ինչ ընտանիքը կարողացել է պատրաստել ձմեռվա համար:

 

Ռուբենն ասում է, որ ընկույզի ու կաղամբի մի մասը փոխանակելու են Գորիսից եկած առևտրականների հետ, որոնք շոր ու կոշիկ են բերում:

 

Ձեռնափայտը ձեռքին դռնից դուրս է գալիս Գագիկի հայրը` 86-ամյա Ռուբեն Կարապետյանը: Նա Հայրենական պատերազմի առաջին կարգի հաշմանդամ է: Ընտանիքին պատած դժբախտությունից հետո նյարդային սուր ցնցում է տարել: Դժվարությամբ է քայլում, խոսում, ձեռքերն այնպես են դողում, որ Արշալույս տատն ինքն է ամուսնուն կերակրում:

 

Դժվարությամբ խոսելով` ասում է, որ տարին հաջող չէր, միայն կաղամբի բերքն էր լավ:

 

Ընտանիքի ամսական բյուջեն կազմված է ծերունիների թոշակից` 21000 դրամ: Արշալույս տատն ասում է, որ ամեն ամիս 4000 դրամ տալիս է լույսին, մնացածը` պարտքերին ու դատարկ նստում: Ծանոթ հացի փռից 100 հատ լավաշ են ամեն ամիս պարտքով վերցնում, որը հետո փակում են թոշակով:

 

Այսօր լավաշը վերջացել է: Բայց Արշալույս տատը երախտագիտությամբ ասում է, որ հարևանը վառարան ու ալյուր է տվել, որ հաց թխի:

 

Նա իր չորուկ ու սմքած մատներով կռիվ է տալիս հացի խմորի հետ, հետո լցնում թավան ու դնում ջեռոցը: Նրա ցամաքած աչքերը փայլում են, երբ տուն մտած թոռները հարձակվում են տաք-տաք հացի վրա: Տատը բողոքում է իրենց չարքաշ կյանքից, իսկ Ռուբենը հայացքով սաստում է նրան:

 

 

Ռուբենի մեջ տղամարդկային արժանապատվություն կա: Նա չի հանձնվում, ասում է, որ լավ է, ապրում են, ու մեծի նման պատմում, թե ինչպես պետք է սարքեն ծնողների գերեզմանն ու դրա համար որքան գումար պետք է հավաքեն:

 

«Մեր էն տանը ահագին տախտակ ունենք, 1 հատը 8000 դրամով ուզող կա: Մեկ էլ` անցյալ տարի տավարի միս ենք վաճառել ու փողը հավաքել: Էդ բոլորը որ հավաքենք, մի 60000 կլինի: Կհերիքի գերեզմանի բետոնը թափելու համար»:

 

Տղաների երազանքը ծնողների գերեզմանը սարքելն է: Մանկական երազանքներն ու խաղերը մնացել են ինչ-որ տեղ` անծանոթ հեռվում: Իսկ Հայկն ընդհանրապես քիչ է խոսում: Նա լեզվական արատ ունի: Մինչև մոր մահը Հայկը 4000 դրամ թոշակ էր ստանում, սակայն հիմա չկա մեկը, որ նրան կրկին տանի Երևան, և հատուկ հանձնաժողովը վերահաստատի տղայի հաշմանդամությունը:

 

13-ամյա Սեյրան Ղալումյանը Ռուբենի համադասարանցին է: Ասում է, որ իրար շատ են վստահում և նույնիսկ գաղտնիքներ ունեն:

 

«Ռուբենը սիրում է բրիլոկներ հավաքել, մեկ էլ երազում է վարորդ դառնալ` իրա պապայի նման: Բայց ես նաև զգում եմ, որ Ռուբենը շատ բաներ թաքցնում է: Ախր, իրենք մենակ են, լավ չեն ապրում, չգիտեն` ինչ անեն, ու ոչ մի օգնող էլ չունեն,- ասում է Սեյրանը: — Իսկ Հայկին գիտե՞ք ոնց ա տիրություն անում. ճաշարանում իրա բաժինը անգամ կարող ա չուտի ու տա ախպորը»,- պատմում է Սեյրանը:

 

Իմաստուն են Արշալույս տատի արցունքից ցամաքած աչքերը, բայց այդ իմաստությունը չի օգնում նրան ստեղծված իրավիճակից ելք գտնել: Ռուբեն պապն ասում է, որ լավ էր զոհվեր ճակատում, քան նման կյանքի արժանանար:

 

«Ես հիմա միայն մի կտոր հող եմ ուզում, ուրիշ ոչինչ»,- դողալով ասում է նա:

 

Դարբասում օրը մեղմորեն սահում է դեպի մայրամուտ: Ոչինչ, որ այսօր մի կտոր ցամաք հացով են պառկում քնելու, կարևորը` կարողանան դիմանալ, հետո լավ կլինի: Ռուբենն իր փոքրիկ ձեռքերով գրկել է Հայկին, տատին ու պապին: Արցունքները հոսում են նրա տղամարդ տղայական այտերով:

 

«Ես հավատում եմ, ամեն ինչ լավ կլինի»,- ասում է նա: