Միայնակ մայր, մեկ սենյակ և բազմաթիվ հոգսեր

Հուլիսի 5, 2007



Սուրեն Մուսայելյան

Նորապատ գյուղի նախկին բամբակի գործարանին պատկանող հանրակացարանի կիսաքանդ մասնաշենքում դաժան պայմաններում ապրում է 12 ընտանիք:

Սակայն բոլոր բնակիչները միաբերան ասում են, որ ամենաողբալի վիճակում է միայնակ մայր Հասմիկ Հովհաննիսյանն իր երկու որդիներով:

 

41-ամյա Հասմիկը 12-ամյա Վազգենի և 14-ամյա Շահենի հետ ամենաերկարն է ապրում այս շենքում` արդեն 6 տարի:

 

Ծագումով Երևանից Հասմիկը 1991 թվականին ամուսնացել է Բաքվից փախստական Միխայիլ Հովհաննիսյանի հետ և տեղափոխվել Արմավիրի մարզ, որտեղ բնակություն են հաստատել հանրակացարանում: Սակայն 4 տարի անց ամուսինը լքել է նրան` մեկնելով արտագնա աշխատանքի: Այդ ժամանակվանից ամուսնուց ոչ մի տեղեկություն չունեն: Հասմիկն ասում է, որ միակ բանը, որ նա թողել է երեխաների համար, փախստականի գրքույկն էր, որի մեջ նշված էին Շահենի և Վազգենի անունները: Սկզբում ընտանիքը կարողանում էր ստանալ օգնություն` օգտվելով այդ հնարավորությունից: Բայց այդ օգնությունն այլևս հասանելի չէ:

 

Հովհաննիսյաններին բաժին ընկած մոտ 40 քմ մակերեսով սենյակը զրկված է ամենատարրական պայմաններից. մի քանի տարի արդեն հոսանքազրկված է և ոչ թե, որ պարտք ունեն կամ հաշվիչ չունեն, այլ այն պարզ պատճառով, որ չեն կարողանում փոխել ժամանակին վնասված հոսանքի լարը (պետք է գնել մոտ 50 մետր լար և էլեկտրիկ-վարպետ կանչել` այն անցկացնելու համար):

 

Ջուրը դույլով բերում են դրսից, բայց այն օգտագործելն էլ է դժվար, քանի որ դրա համար ոչ մի թաս ու տաշտ չունեն: Իսկ 12 ընտանիքներին սպասարկող ընդհանուր զուգարանը գտնվում է երկրորդ հարկում:

 

Հովհաննիսյանների ամսական եկամուտը կազմում է 25500 դրամ (8500 դրամ` երեխաների նպաստը և 17000 դրամ` «Փարոս» ծրագրից):

 

«Ինչպե՞ս կարող եմ այս պայմաններում մեծացնել և դաստիարակել երեխաներիս,- գանգատվում է Հասմիկը: — Լույս չունենք, երեխաները գալիս են դպրոցից ու չեն կարողանում դասերով զբաղվել: Ստիպված ընկնում են փողոցից փողոց»:

 

Տաք անկողնու խնդիր էլ ունեն: Հասմիկն ասում է, որ գիշերները տաքանալու համար իրար գրկած են քնում:

 

«Ամռանը դեռ մի կերպ կարելի է դիմանալ, բայց ձմռանն այստեղ ընդհանրապես ապրել չի լինում: Մեկ-մեկ ստիպված գնում ենք հարևանի տուն` տաքանալու»,- ասում է Հասմիկը:

 

Սենյակի դուռն էլ մի կարգին կողպեք չունի: Հասմիկն ասում է, որ իրեն միշտ անապահով է զգում. «Ով ուզի` կարող է մտնել»:

 

Ձմռանը Հասմիկը ստիպված է աղբի միջից վառելիք հայթայթել, որ մի կերպ սենյակը տաքացնի:

 

«Ես շատ կուզենայի գոնե ձմռանը մի տեղ վարձել, որ կարողանայինք մի ձմեռ էլ յոլա գնալ»,- ասում է Հասմիկը և խոստովանում, որ ֆինանսական սուղ պայմանների պատճառով հնարավորություն չունի ամսական 5000-7000 դրամ հատկացնել` մոտակայքում մի սենյակ վարձելու համար:

 

Ընտանիքը մշտապես թերսնվում է, քանի որ չնչին եկամուտը չի բավականացնում նույնիսկ ուտելիքի և տարրական հիգիենայի պարագաների համար: Այս տարի Հասմիկը մի քանի անգամ օրավարձով գնացել է դաշտ` բերք հավաքելու: «Այստեղ աշխատանքի շատ քիչ հնարավորություն կա»,- ասում է նա:

 

Վազգենը գնում է գիշերօթիկ դպրոց, շատ անգամ` որ «տանը» չմնա: Իսկ ամռանը ստիպված է մոտակա շուկայում աշխատանք որոնել: Մայրն ասում է, որ ֆիզիկական աշխատանքից չի նեղվում: 200-300 դրամով մանր-մունր գործեր է անում:

 

«Այս պայմաններում նա շատ ագրեսիվ է դառնում, չի լսում ինձ,- ասում է Հասմիկը: — Ես անհանգստանում եմ իմ երեխաների ճակատագրի համար: Ի վերջո, այս երկրի համար երկու զինվոր եմ մեծացնում, իսկ պետությունը մեզ չի հիշում»:

 

Շահենը, որը երկար տարիներ ապրել է Երևանում` քեռու ընտանիքում, մորական տատի մահից հետո վերադարձել է մոր մոտ: Այժմ սովորում է Երևանի «Հ. Կոջոյան» կրթահամալիրում (արվեստի դպրոցում) և արդեն մոտ մեկուկես տարի աջակցություն է ստանում «Օրրան» բարեգործական կազմակերպության կողմից:

 

Շահենը մանկուց երազել է նկարիչ դառնալ: Դասախոսները հավաստում են, որ նա նկարչական տաղանդ ունի: Ամեն օր հաճախում է կենտրոն, որտեղ մասնակցում է պարապմունքներին, ճաշում այլ երեխաների հետ, օգնություն ստանում կազմակերպության աշխատակիցների կողմից:

 

«Մենք ընդունում ենք միայն քաղաքի երեխաներին, բայց Շահենի համար բացառություն ենք արել»,- ասում է «Օրրանի» սոցիալական աշխատող Անահիտ Չաքրյանը:

 

«Օրրանը» հոգում է Շահենի տրանսպորտային ծախսերը ամեն օր մարզից Երևան գալու համար, օգնում է նաև հագուստով:

 

Կազմակերպության հոգեբան Նարինե Ավագյանն առանձնացնում է Շահենին այլ երեխաներից թե’ տաղանդով, թե’ կարիքների առումով. «Ամենից շատ նա ընկերների, ջերմ վերաբերմունքի կարիք ունի»:

 

Հոգեբանը բնութագրում է Շահենին որպես ինքնամփոփ երեխա, բայց ասում է, որ «Օրրանում» նա գտել է մի միջավայր, որտեղ քիչ թե շատ շփվում է հասակակիցների հետ:

 

Ավագյանի հավաստմամբ` Շահենը վերջերս է սկսել խոսել կենցաղային դժվարությունների մասին:

 

Հոգեբանն ասում է, որ, ի տարբերություն այլ երեխաների, Շահենն այն մարդկանցից է, ում երազանքները շատ ավելի վերացական բնույթ ունեն: Նա նկարում է և ուզում է նկարել, թեև հոգեբանի խոսքերով` սևն ու սպիտակը դեռ գերիշխում են նրա գործերում:

 

«Ուզում եմ մասնագիտանալ նկարչության մեջ, բայց երևի չզբաղվեմ, որովհետև նկարիչները չեն կարողանում ապահովել ընտանիքը: Անպայման երկրորդ մասնագիտություն կընտրեմ»,- ասում է Շահենը` տեսնելով, թե ինչպես են ապրում արվեստի մարդիկ այսօրվա Հայաստանում:

 

«Ես կուզենայի, որ ոչ թե ինչ-որ նյութական բան ինձ տրվի, այլ մի հնարավորություն, որ ինքս ստեղծեմ, օրինակ` որ սովորեմ կտավի վրա նկարել»,- ասում է Շահենը: