Մեր մասին


 

Աղքատության մեջ ապրող բազմաթիվ ընտանիքներ գուցե այդպես էլ չհայտնվեին հասարակության ուշադրության կենտրոնում, եթե 2004-ին “ArmeniaNow” օն-լայն շաբաթաթերթը չձեռնարկեր «Հայ Ձմեռ պապ» լրագրողական-բարեգործական ակցիան:

Ակցիայի «Ավելի լավ է օգնել ոմանց, քան անտեսել բոլորին»կարգախոսը հնարավորություն տվեց համախմբել մարդկանց ու առանձին կազմակերպությունների մեջ առկա այն ներուժը, որը չէր օգտագործվում մեծ խնդիրներ լուծելու անզորության պատճառով:

 

 

«Հայ Ձմեռ պապն» այդպիսով դարձավ ներհասարակական արձագանքման մեխանիզմ և մոտեցրեց ոչ թե բարերարին ու շահառուին, այլ

հասարակության լիիրավ անդամներին, ովքեր հանգամանքների բերումով ունեն սոցիալական տարբեր կարգավիճակներ: Ստանալով պետական գրանցում և դառնալով բարեգործական հիմնադրամ` «Հայ Ձմեռ պապը» յոթ տարվա ընթացքում մեծացրել է իր ընդգրկումը թե’ քարոզչության գործիքների բազմազանության, թե’ թիրախ-ընտանիքների ընտրության, թե’ գործընկերների շրջանակի ընդլայնման և թե’ ծառայությունների ապահովման առումներով: Առաջին տարվա «օն-լայն հրապարակումներ + տպագիր թերթոն» ձևաչափն ընդլայնվելով` ներգրավեց նաև հեռուստատեսային արտադրության և հեռարձակման միջոցներ: 2005 թվականից սկսած` Սուրբ Ծննդյան և Նոր տարվա նախաշեմին Հայաստանի երկու հեռուստաալիքներ ցուցադրում են լրագրողների ընտրած ընտանիքների մասին պատմող կարճ ֆիլմեր և անցած ժամանակաշրջանի հաշվետվությունը: Հանրային հեռուստաալիքն արբանյակային հեռարձակմամբ «Հայ Ձմեռ պապի» պատմությունները հասցնում է սփյուռքահայերին:

Թիրախ-ընտանիքների ընտրությունն ընդլայնվել է և’ աշխարհագրորեն, և’ կարիքների ծավալով: «Հայ Ձմեռ պապը» ձեռք է մեկնել Հայաստանի տասը մարզերի, Երևան քաղաքի և Լեռնային Ղարաբաղի կարիքավոր ավելի քան յոթանասուն ընտանիքի` լուծելով նրանց առջև կանգնած տարատեսակ խնդիրներ: Հիմնադրամը ոչ միայն վավերագրում է սոցիալական ծանր իրողությունները, այլև ներկայացնում է աղքատությունը հաղթահարելու համոզիչ օրինակներ:Այդ մոդելները հաջողվել են` շնորհիվ «Հայ Ձմեռ պապի» և գաղափարակից գործընկերների հետևողական համագործակցային աշխատանքի: «Հայ Ձմեռ պապի»համագործակցության շրջանակը ևս բազմազան է` մանկապարտեզներ, դպրոցներ, ուսանողական նախաձեռնություններ, հասարակական կազմակերպություններ, բարեգործական ֆոնդեր, պետական մարմիններ, բիզնես ձեռնարկություններ:

Մեծ կամ փոքր, կարևոր կամ անկարևոր, հնարավոր կամ անհնարին. այս բաժանումները բացառելով` «Հայ Ձմեռ պապն» իր ներկայացրած ընտանիքներից մեկի համար տուն է կառուցում, նորոգում մյուսի տան տանիքը, կթու կով հատկացնում, կազմակերպում երեխաների կամ ծնողների բուժումը, հոգում օժտված երեխաների կրթության մասին, գազաֆիկացնում մեկի բնակարանն ու մյուսի համար աշխատանք գտնում: Որոշ ընտանիքներ, ժամանակի ընթացքում ոտքի կանգնելով, իրենք են ձեռք մեկնում այլ անապահով ընտանիքների: Տարիների ընթացքում ամեն ինչ արվել է նվիրատուի և նվեր ընդունողի կարգավիճակները չընդգծելու համար: Որտեղ է ավարտվում բարոյական աջակցությունն ու որտեղ է սկսվում նյութական օգնությունը` դժվար է նկատել «Հայ Ձմեռ պապի» ծրագրերում, որովհետև դրանք միահյուսված են ու ներդաշնակ:

«Հայ Ձմեռ պապի» մշտական գործընկերները` Փարիզի «Դպրոցասեր» մանկապարտեզի սաները: Տարվա ընթացքում նրանց հանգանակած գումարներով Հայաստանի գյուղերի տարեկից երեխաները կովեր են նվեր ստանում և թարմ կաթ են խմում:

 

 

 

 

«Դպրոցասերի» օրինակին հետևել են Ժնևի «Թարգմանչաց» մանկապարտեզի սաները: Ֆրանսիացի և բելգիացի պստիկ բարերարներն ընդհանուր առմամբ 11 կով ու հորթ են նվիրել: Նկարում` հեռավոր Աքոռի գյուղի Կիրակոսյան ընտանիքի երեխաները «Մարկիզա» հորթուկի հետ:

 

 

 

Լեռնուհի Իսոյանը, օժանդակություն ստանալով «Հայ Ձմեռ պապից», ինքն էլ է բարեգործություն անում. նա տաք հագուստ է գործում և նվիրում դրա կարիքն ունեցող մարդկանց:

 

 

 

 

1.Պայթյունի հետևանքով վերջույթները կորցրած Մերի Կարապետյանը «Հայ Ձմեռ պապի» օժանդակությամբ պրոթեզավորվել և բարձրագույն կրթություն է ստացել,

 

 

 

 

 

2.Ուսանող կամավորներն օգնում են երկրաշարժի էպիկենտրոն Շիրակամուտ գյուղի բնակիչներին,

 

 

 

 

3.«Հայ Ձմեռ պապի» ներկայացրած Բաղդասարյանների բազմանդամ ընտանիքին երկհարկանի առանձնատուն է նվիրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը,

 

 

 

 

 

4.Բոստոնահայ համայնքի ուժերով ԱՄՆ-ում վիրահատվել է Դիանա Աթաբեկյանը:

 

 

 

 

«Բարեգործությունը մեծահոգություն չէ, այն յուրաքանչյուրիս պարտականությունն է» սկզբունքով «Հայ Ձմեռ պապը» կազմակերպում է նաև բարեսիրության մշակույթի քարոզչություն: 2011-ից հիմնադրամը կաշխատի տարբեր լրատվամիջոցների ներկայացրած ընտանիքների հետ` նպատակ ունենալով ստեղծել համահայկական լրագրողական բարեսիրական ցանց:

Կարապետյանների ընտանիքի սոցիալական առաջընթացը` շնորհիվ համագործակցային աշխատանքի և կորոպորատիվ պատասխանատվության

 

տնօրեն` Արմենուհի Պետրոսյան

hասցեն` Երևան 0002, Մաշտոցի 25, բն.18

hեռ.` (374 10) 532820, (374 93) 317913

e-mail: a2petros@yahoo.com

«ԱյԴի» բանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղ

հ/հ   11815000781300

«Կոնվերս բանկ» ՓԲԸ

հ/հ  19300  66890980100