Հաշմանդամ ազատամատիկը չի հուսահատվում

Հուլիսի 5, 2011



Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

www.tesankyun.am

 

Ճանապարհը ոլորապտույտ բարձրանում է Կողբ գյուղի բարձունք: Գյուղի ծայրին տեղադրված վագոն-տնակը վերափոխված է երկու փոքրիկ բնի` խուց-միջանցքով:

 

63-ամյա Միշա Եգանյանն իր կնոջ և որդու ընտանիքի հետ տասնամյակների իր վաստակած կյանքն է անցկացնում այս պայմաններում:

 

— 4 տղա ունեմ, երկուսը հիմա պայմանագրային ծառայողներ են: Ապրում են մեկը Կողբում` հորական տատի տանը, երկուսը` նույնպես Կողբում են, վարձով: Մի տղաս էլ` մեզ հետ, դոմիկում է,-ասում է Միշան:

 

Նրա աջ ձեռքը ուսից անդամահատված է: 20 տարի առաջ Նոյեմբերյանի սահմանագոտում է կորցրել.

— Վանաձոր քաղաքում երթուղային ավտոբուս էի վարում: 1988-ին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, վերադարձա սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջան, հայրենի Կողբ: «Կրազ» ստացա, փախստականներին անշահախնդիր Նոյեմբերյանի տարածաշրջան էի փոխադրում:

 

1990թ. օգոստոսին Բաղանիս-Այրում գյուղում վիրավորվում է: Մանրամասն հիշում ու հանգամանորեն պատմում է դեպքերը: «Ադրբեջանցիք նահանջել էին, թվում էր` լքել էին գյուղը: Սակայն անսպասելիորեն երեք կողմից շրջապատման մեջ ընկանք, սկսեցին ուժեղ կրակել: Ջոկատի 28 հոգուց 10 զոհ, 8 վիրավոր տվեցինք: Հարթ տեղանքում իմ «Կրազը» լավ թիրախ էր  դիպուկահարների համար:  Պաշտպանվելու համար  բոլորս մեքենայի տակ մտանք, ես  տեղավորվեցի շրջանակի արանքը: Որտեղից որտեղ գնդակներից մեկը կպավ  շարժչին, մեքենան շարժվեց: Էդ էլ հերիք չէր` աջ անիվը փամփուշտից պայթեց: «Կրազը» կախվեց ճանապարհի եզրին, անդունդի վրա: Ուժեղ կրակի տակ դուրս թռա մեքենայից: Ադրբեջանցու գնդակը պոկեց  աջ ձեռքիս 3 մատը:  Ուզում էի  թաքնվել ճամփի կողքի ջրատար առվում, բայց այդ պահին գնդակը կպավ աջ թևիս: Պայթող տեսակի  էր, ոսկորս ջարդեց: Մի ուրիշ գնդակ էլ խոցեց կուրծքս»:

 

Փոքրամարմին, շարժուն Միշան ցույց է տալիս իր խեղված մարմինը: Կուրծքը պատված է սպիներով, ուսից մի քանի սանտիմետր ներքև ձեռքն ավարտվում է: Ծառի կոտրված ճյուղի է նման:

 

Պատմում է, որ  վիրավորվել է նաև աջ ազդրից ու ոտնաթաթից: «Հիմա աջ ոտքիս նյարդերը չեն գործում: Էն ժամանակ ես ինձ վիրավոր վիճակում մի կերպ շպրտեցի առվի մեջ: Սողում էի ու մտածում` մենակ թե ստեղ չմեռնեմ, գնամ, իմ հողի վրա մեռնեմ»:

 

Օգնության հասած ջոկատը Միշային ու էջմիածնեցի Սամոյին վիրավոր դուրս է բերում մարտադաշտից: «Հիվանդանոցի ճանապարհին Սամոն մահացավ: Երեսս լրիվ արյունով էր, փոշոտ էի, Նոյեմբերյանի հիվանդանոցում էլ ինձ չճանաչեցին: Երբ շտապ օգնության մեքենան կանգնեց հիվանդանոցի առաջ, բժիշկներից  մեկը, տեսնելով արյունաշաղախ մարմինս, ասաց. «Սա էլ է դիակ»:

Ես ամեն ինչ գիտակցում էի, բայց չէի կարողանում խոսել; Ուժերս լարերով` կարողացա մի կերպ արտասանել մեր համագյուղացի քուժքրոջ անունը: Այդպես իմացան, որ ես չեմ զոհվել»:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրաբույժ Երվանդ Շմավոնյանը մի քանի ժամ վիրահատում է Միշային: Աջ թևն ուսիցս ներքև հեռացնում են: «Բժիշկները փրկեցին իմ կյանքը, շնորհակալ եմ»:

 

Միշան արագ-արագ պատմում է գլխով անցածը: Հին, մաշված բուֆետի վրա շրջանակի մեջ առնված նկար կա. Միշան է կնոջ հետ: Երկուսն էլ` երիտասարդ, գեղեցիկ, ժպտուն: Շրջանակն էլ զարդարել են արհեստական սպիտակ վարդով:

 

Միշայի կինը` 60-ամյա Հրանուշ Պետրոսյանը, պատմում է.

-Միշայի վիրավորվելու ժամանակ իմ ծննդավարում`Ալավերդիում էի գտնվում: Բարեկամներս ինձ բերեցին Նոյեմբերյան: Հիվանդանոցում նոր իմացա, որ Միշայի աջ ձեռքը կտրել են: Ամուսնուս քույրերն ինձ  հարցրեցին` ամուսինդ արդեն հաշմանդամ է, տե՞ր ես: Այդ ժամանակ ավագ որդիս բանակում էր, փոքրը` 6 տարեկան: Ես ասացի` նման հարցեր պետք չի տալ:

 

Տիկին Հրանուշը ծանր ապրումներից շաքարախտով է հիվանդացել: Մեկուկես տարի առաջ անգիտակից վիճակում տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ երկու ինֆարկտ է անցկացրել: Մի ինֆարկտ էլ ունեցել է Կողբ գյուղում: Տիկին Հրանուշը երկրորդ կարգի հաշմանդամ է: Նրան խնամողը Միշան է: Օգնում է հագնվել, արյան ճնշումն է չափում: «Թեթև ձեռ ունի, լավ սրսկում է»,-ժպտում է կինը: Մի քանի անգամ Միշան նրա կյանքն արդեն փրկել է:

 

Ամեն ամիս ընտանեկան սուղ բյուջեից շուրջ 40 հազար դրամ ($ 111) ծախսվում է Հրանուշի դեղերի համար: Սակայն ընտանիքի համար ամենակարևորը  մնում է բնակարանի հարցը: 2006թ. նոյեմբերին պաշտպանության  նախարար Սերժ Սարգսյանն այցելել էր տարածաշրջան: Բնակչության հետ հանդիպման ժամանակ Միշա Եգանյանը ՍերԺ Սարգսյանին հարց է ուղղում զոհված և վիրավոր ազատամարտիկներին բնակարաններով ապահովելու ծրագրի մասին:

 

-Սերժ Սարգսյանին պատմեցի, որ բնակարանի աջակցություն ստանալու համար 5 տարի շարունակ 36 փաստաթղթից բաղկացած փաթեթ եմ պատրաստում, Երևան ուղարկում, սակայն դրանք  արդյունք չեն տալիս,- հիշում  է Միշան:

 

Սերժ Սարգսյանը խոստացավ աջակցել, պաշտպանության նախարարությունը Միշա Եգանյանին հատկացրեց 3 միլիոն 600 հազար դրամ ($ 10000):

 

-Ուզում էի այդ գումարով Կողբում տուն գնել, բայց մեր չար  բախտից այդ ընթացքում տները թանկացան: Այդքան գումարով մի խարխուլ կացարան կարող էի գնել: Որոշեցի միհարկանի տուն  կառուցել: Սակայն շինանյութն էլ թանկացավ: Պատերը մի կերպ կանգնեցրի, տանիքը դրեցի,-ասում է երկրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկը:

 

Սակայն  փետրվարյան ուժգին քամին պոկել է տան 12×15 մ մակերեսով  թիթեղյա տանիքը և մոտ 20 մետր օդում պտտեցնելով` նետել հարևանի բակ: Բարեբախտաբար, ոչ ոք չի վնասվել: Փոթորիկը, ճիշտ է, ուժեղ է եղել, բայց տանիքը կառուցած վարպետներն էլ բարեխիղճ չեն աշխատել, լավ չեն ամրացրել:

 

Դեռևս 2009թ. Միշան դիմել է պաշտպանության նախարարություն, աջակցություն խնդրել կիսակառույց տունն ավարտելու համար, սակայն պատասխան է ստացել, որ պաշտպանության նախարարությունը զոհված և հաշմանդամ ազատամարտիկների տների վերանորոգման համար գումար չի հատկացնում:

 

9 մետրանոց վագոն-տնակում դժվար է երկու ընտանիքով ապրել:

-Գիշերները մետաղյա վագոնում ցուրտ է լինում-ասում է Միշայի որդու` Ավետիքի կինը, ով մեկ տարի առաջ Վանաձորից հարս է եկել:

 

Սակայն Միշան չի հուսահատվում, նա փառք է տալիս Աստծուն, որ ողջ է մնացել: Նա այժմ էլ պայքարում է. մի ձեռքով փայտ է կոտրում, բահով հող փորում, այծեր պահում: Նոր տարվա նախաշեմին Միշան «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի միջոցով բարերարներից յոթ ոչխար նվեր ստացավ: Միգուցե մեկ այլ կազմակերպություն էլ օգնի նրան կիսակառու՞յցն ավարտելու: