Հայրենասիրական հպարտություն

Հուլիսի 5, 2010


Հայրենասիրական հպարտություն

Վահան Իշխանյան

 

Դարպասի ճռռոցի վրա տան դուռը բացվեց, ու մի հղի կին դուրս եկավ` հետևից զինվորական հագուստով մի տղամարդ։ Մեզ տեսնելով՝ ժպիտը տարածվեց դեմքին ու ներս հրավիրեց՝ «էկե՛ք, էկե՛ք», էնպես, կարծես հարյուր տարվա բարեկամներ էինք, բայց իրար առաջին անգամ էինք տեսնում։ Ներսում աղքատություն ու ցուրտ, խունացած պատեր` հսկա ճաքերով, կոտրված ապակիներով պատշգամբ, մահճակալներ ու սեղան՝ աղքատիկ կերակուրով, թթու և կիսատ օղու շիշ։ «Նստե՛ք, նստե՛ք»,- ուրախ-ուրախ ասաց տանտերը։ Ու եթե հետը սկսեինք խմել, այդպես էլ չէր հարցնելու, թե ով ենք և ինչի ենք եկել: Ստիպված ես հարցրի. «Չե՞ք ուզում իմանալ, թե ովքեր ենք»։ «Ինչ կարևոր է»,- ասաց տանտերը։

Արմեն Ավետիսյանը` Աչաջուր գյուղում իր սխրանքներով հայտնի մարտիկը, 1988 թվականից (երբ Ղարաբաղյան պատերազմը սկսվեց) մինչև այսօր Վազաշեն գյուղի մերձակա սահմաններն է պաշտպանում, մասնակցել է Ղարաբաղյան ճակատի մարտերին Լաչինի միջանցքում։

Երկու անգամ վիրավորվել է, բեկորը թիկունքում է մնացել, մտադիր էլ չի հանել. «Թող մնա, որ էրկաթը թանկանա` ծախեմ»,- ծիծաղելով ասում է Արմենը։ «Իսկ նեղություն չի տալի՞ս»: «Հիմա արդեն չէ. թող մնա իմ մեջ հիշատակ պատերազմից, բոլորս անցավոր ենք, թող ես էլ էս հետս տանեմ էս աշխարհից»։

Ամսվա մեջ 14 օր զենքը ձեռքին զօրուգիշեր մարտական ծառայության է սահմանին, իսկ մյուս օրերը զորամասում է։ Ընտանիքի երեսը քիչ է տեսնում: Հիմա թույլտվություն էր վերցրել, որ երրորդ որդուն՝ Անդրանիկին ճանապարհի բանակ։

Վեց երեխաների հայր 44-ամյա Արմենի 20 տարվա հայրենիքին ծառայության գինը ծայր աղքատությունն է։ Շուտով յոթերորդ երեխան կծնվի։ Կինը՝ Մարիամը, մեկ տարի առաջ վիրահատություն է տարել, նրան այլևս հղիությունը հակացուցված էր, ասում է, որ բժիշկները վստահեցրել են, թե էլ չի հղիանա, սակայն սխալվել են։

Մարիամն ուզել է ազատվել պտղից, բայց բժիշկը չի թողել. «Մեջդ ամբողջ քրրքած է,- ասել է,- վտանգավոր է»։ Ծանր հղիությունը 7-րդ ամսից սկսած պետք է անցկացներ անկողնում, սակայն ինչպե՞ս. ամուսինը ծառայության է, իսկ ամբողջ ընտանիքի հոգսը նրա վրա է. չորրորդ տղան՝ 11-ամյա Արամը երիկամների սուր ցավեր է ունենում, մյուս երկուսն էլ փոքր են` 7-ամյա Արթուրն ու 2 տարեկան Ամալյան, որոնց խնամել է պետք։
Ավագ որդին՝ Արարատը, գաղութում է, Ղարաբաղում ծառայելիս հայաստանցի-ղարաբաղցի վեճի ժամանակ դանակահարել է, տուժողը ողջ է մնացել, բայց ինքը ստացել է 4,5 տարի, մնացել է 18 ամիս։

Մի քանի ամիս առաջ մյուս որդին է այցելել եղբորը, Արմենը չէր կարող, ծառայության է, իսկ Մարիամն ինչպե՞ս թողնի երեխաներին։ Ծնողները որդուն մեկ տարի չեն տեսել, իսկ երբ Երևանի Նուբարաշենի գաղութից Արարատին տեղափոխեցին Արթիկ, արդեն ուղղակի անհնար դարձավ այցելելը, միջոցներ էլ չկան գաղութ հասնելու։

Կսպասեն` տղան ազատվի` նոր տեսնեն։ Մարիամն ապրումների մեջ է. Արարատի երիկամները հիվանդ են, հիմա միայն դեղեր է խմում, բայց խնամքի կարիք ունի։ Արարատը ֆուտբոլիստ է եղել, եզրային հարձակվող, բայց կարիերայի ճանապարհ չի ունեցել, դիմել է ռազմական ակադեմիա, բայց ընդունելության քննությունները չի կարողացել հաջող հանձնել։

Զօրակոչի ժամանակ թոքերում կետեր են հայտնաբերել, տարել հիվանդանոց, բայց հետո, Արմենն ասում է, որ ինքը զինկոմին դիմել է, որ տղային բանակ տանեն. «Տղայիս ասի` մարդիկ ծառայել են, դու հանգիստ քնել ես, հիմա էլ դու գնա ծառայի, որ ուրիշները հանգիստ քնեն»։

Մյուս որդին` 21-ամյա Անուշավանը, նույնպես ծառայել է Ղարաբաղում և արդեն զորացրվել է։

Ո՞ւր կտանեն Անդրանիկին, էլի՞ Ղարաբաղ, ուր ծառայությունն ամենածանրն է համարվում. «Ուր կընկնի` կընկնի, Աստված իրա հետ։ Տղա ա ծնվել` պիտի ծառայի։ Ուրախությանս չափ չկա, տղա եմ ճամփու դնում [բանակ]»,- ուրախ ասում է Արմենը։ յոթերորդն էլ տղա է, անունը ինչ կդնեն` դեռ չեն որոշել, բայց հաստատ Ա-ով կսկսվի, ինչպես իր և բոլոր երեխաների անուն, ազգանուն, հայրանունը երեք Ա-եր են։

Առաջին անգամ Էս տարի սկսել էր տունը վերանորոգել, ընդարձակել, որպեսզի որդուն ամուսնացնի, ապրելու տեղ ունենան, բայց չհասցրեց, փողը չհերիքեց, ու տունը մնաց ցուրտ հոսանքների գերի։ Ձմռան ամիսներին կիջնեն ներքևի հարկը, որ հիմա հողե հատակով ու կոտրած ապակիներով, ծեփաթափ պատերով գոմ է հիշեցնում։

Դարպասի վերևով անցնում է գազատար խողովակը, բայց փող չկա, որ քաշեն ներս, ու ստիպված էլի ինչ-որ կերպ պիտի փայտ ճարեն ձմռանը տաքանալու համար։

Արմենի աշխատավարձը, պարգևատրումները գումարած, ամիսը 163 հազար դրամ (մոտ 525 դոլար) է։ Ուրիշ տեղից ոչ մի կոպեկ, ոչ մի օգնություն տուն չի մտնում։ Ամիսը 3 պարկ ալյուր են առնում, որը 36 հազար դրամ է կազմում, մի տուփ լվացքի փոշին 2 օր է դիմանում։

Արմենը մինչև 1998 թ. զորամասում վաշտի հրամանատար էր, էն ժամանակ աշխատավարձը չորս անգամ քիչ էր, և աղքատությունը նրան ստիպեց դուրս գալ բանակից ու մեկնել Ռուսաստան փող աշխատելու։ Վեց ամիս անց վերադարձավ պարտքերի մեջ. «Ասի` գնամ իմ բախտը փորձեմ, քաշվեցի, հետ եկա: Մի կով ունեի, էդ էլ ծախեցի, որ պարտքերիս տոկոսը փակեմ։ Ինձնից ի՞նչ խոպանչի, ախպեր ջան: Իմը զենքն ա, թուրք սպանելն ա, հայրենիք պահելն ա, ինձ էլ Աստված էդ կողմից ա տվել: Մեկին հարստություն ա տալի, մեքենա ա տալի, ինձ էլ էս՝ հայրենասիրության հիվանդությունը։ Ես էլ զենք սիրող տղա եմ. մի ջիպ կանգնացնեն ու մի TT պիստալետ, ТТ-ն կվերցնեմ: Ասում են` էդ ջիպով գիտե՞ս քանի պիստալետ կառնես, ասում եմ` ես հենց զենքը տեսնում եմ` գայթակղվում եմ, էլ չեմ նայում, թե կողքինն ինչ արժի»։

Ու երբ սահմանում 2003-ին սրվում է վիճակը, Արմենը այս անգամ պայմանագրային ծառայության է անցնում, ինչպես ասում են` «նայոմնիկ»։ Սահմանին 4 տարում 6 զինակից ընկեր է կորցրել, դիպուկահարները զգոն սպասում են, հենց զինվոր տեսնեն` խփեն։

Գյուղատնտեսության համար ո՛չ ժամանակ կա, ո՛չ տեղ։ 2 հազար մետր հողը հոսքի տակ է, անհնար մշակելու համար. «Փուլ ա եկել, չենք կարում տրակտոր գցենք, մեջը մտնենք, որտև հետը կթաղվենք»,- տխուր ասում է Մարիամը, որ Արմենի լավատեսությունը չունի։

Իջևան քաղաքի ճամփին վարորդը լսեց, որ Արմենից ենք խոսում ու շարունակեց. «Արմե՞նը։ Մի աստված տղա ա, մարզի մեջ տենց տղա չկա, առաջին օրից կանգնած ա ու կռվում ա, էն ա` գնահատող չկա»։

http://www.armenianow.com/hyesanta/2009/9338/patriot_pride_father_of_seven_says