Լեռնուհու վերածնունդը

Հուլիսի 5, 2006


Լեռնուհու վերածնունդը

Վահան Իշխանյան

«Ես արդեն քայլում եմ, ես արդեն հաշմանդամ չեմ»,- այս խոսքերն է ասում Լեռնուհին, երբ առաջին անգամ պրոտեզներ է հագնում ոտքերին ու աջ ձեռքին ու սկսում քայլել:
Լեռնուհի Իսոյանը ծնվել է 1968 թվականին: Վերածնվել է Քաշաթաղում (նախկին Լաչինի շրջան), որտեղ 2000 թվականին նոր ոտքեր ու ձեռք է ստացել: Ու նաև աշխատանք` դպրոցի գրադարանում:
1995 թվականի մութ ու ցուրտ ձմռանը Լեռնուհին ամուսնու` Սամվելի, և երկու ու չորս տարեկան որդիների հետ ապրում էր Թումանյանի շրջանի Հագվի գյուղում: Տանը լույս չկար: Լեռնուհին վառում է շամպայնի շշի վրայի պատրույգը` չիմանալով, որ ամուսինը մեջն ամոնալ է լցրել: Շիշը պայթում է:
Ամուսինը, նկատելով, որ կինը վառել է պատրույգը, բղավում է. «Պայթում ա, դուրս քցի»: Տեսնելով, որ չի հասցնում շիշը դուրս գցել` Լեռնուհին մարմնով փակում է շիշը, որ պաշտպանի երեխաներին: Պայթյունի հետևանքով կորցնում է երկու ոտքը և աջ ձեռքը:
Կորցնում է նաև ամուսնուն. նա լքում է կնոջը:
«Հիվանդանոցում պառկած` խնդրեցի` գոնե երեխաներին տեր կանգնի, մինչև ապաքինվեմ: Ասեց` ես քո համար «նյանկա» չեմ»,- ցավով ասում է Լեռնուհին:
Երևանի Էրեբունի թաղամասի միանման անհրապույր շենքերից մեկի իններորդ հարկում այսպես անցնում է երեք մղձավանջային տարի: Լեռնուհին հիշում է. «Հայելու մեջ նայում էի ինձ, որ աչքերս սովորեն: Կին եմ ու էդպիսի վիճակում: Օտար մարդու ներկայությունից ընկճվում էի:
Երեխաներն իմ խնամքի կարիքն ունեին: Գիտեի` մարդ եմ, պիտի էս վիճակից դուրս գամ, բայց ինչպե՞ս: Երեք տարի մարդու էրես չեմ տեսել, բալկոն դուրս չեմ եկել, որ ինձ չտեսնեն: Հաշմանդամներին միշտ խղճացել եմ ու չէի ուզում, որ հիմա էլ ինձ խղճան: Նույնիսկ կալանավորները հույս ունեն, որ մի օր բանտից դուրս կգան, իսկ ես անհույս գամված էի իմ բանտին»:
Չորս հոգանոց ընտանիքը (ներառյալ Լեռնուհու մայրը` Ռոզան) մնացել էր Լեռնուհու 2500 դրամ հաշմանդամության թոշակի հույսին, որ նույնիսկ չէր հերիքում էլեկտրականության վարձին: Երեխաները խնամքի կարիք ունեին, իսկ ինքն անօգնական գամված էր սայլակին: Երեխաներին կամ փողոց պիտի գցեր, որ փող մուրան, կամ մանկատուն տար, որ գոնե սոված չմնան: Լեռնուհին լավ է հասկանում այն ծնողներին, որոնք անելանելի վիճակից մղված` երեխաներին փող մուրալու են ուղարկում: Սակայն ինքն այդ սահմանը չանցավ:
Ուժ գործադրելով` տան գործերն էր անում, սայլակով ավլում տունը, մի ձեռքով ճաշ եփում:
Օգնության համար դիմում է շատերին, սակայն ապարդյուն: Քայլելու նրա վերջին հույսերն սպանում են Երևանի բժիշկները. ասում են, որ պրոտեզավորելն անիմաստ է: «Բժիշկն ասում էր` դու չես կարող քայլել, 9-րդ հարկում քո ինչի՞ն է պետք պրոտեզ, սայլակը հերիք ա»: Հետո ակնարկում են, որ եթե մաղարիչ անի, հնարավոր է պրոտեզավորել: Սակայն Լեռնուհին վճարելու հնարավորություն չուներ:
1998 թվականին Լեռնուհին քրոջ խորհրդով տեղափոխվում է Բերձոր (քույրը վաղ էր տեղափոխվել): Ուզում էր մի կերպ փրկել ընտանիքը, իսկ վերաբնակներին տրվող արտոնությունները ձգում են նրան (Ղարաբաղի կառավարությունը նպաստներ է տալիս նախկին ադրբեջանական տարածքներում բնակություն հաստատող հայերին):
«Հեքիաթ էինք կարդում, «Հենզելն ու Գրետելն» էր կարծեմ. հերոսներն ասում են` գնանք, մեռնելուց լավ կլինի: Բայց շատ ավելի լավ եղավ, մենք փրկվեցինք»,- ասում է Լեռնուհին:
Նա այլևս իր տեսքից չէր ամաչում: Նոր միջավայրում չկային մարդիկ, ովքեր ճանաչեին նրան մինչև դժբախտ պատահարը: Պատերազմ տեսած այդ երկրում բոլորն էլ սովոր են հաշմանդամներին…
«Դուրս էի գալիս բալկոն, լվացք փռում,- պատմում է Լեռնուհին: — Թող մտածեն` ազատամարտիկ եմ»:
Շրջանի բուժմիավորման տնօրեն Արցախ Բունիաթյանը վստահեցնում է, որ կքայլի, Ստեփանակերտի համապատասխան կենտրոնում նրան պրոտեզներ կդնեն:
«Որ տանում էին Ստեփանակերտ, կարծում էի, որ անհնար է պրոտեզ դնեն, կասեն` անհույս ա, ինչպես ասեցին Երևանում: Բայց ոչ, նայեցին ու ասեցին` կքայլես»: Բունիաթյանը հետևում է, որ պրոտեզները հասցնեն մարտի 8-ին` որպես նվեր Լեռնուհուն: Դա մարտի 2-ին տեղի ունեցած պատահարից 5 տարի հետո էր:
Լեռնուհին հիշում է առաջին օրը. «Չէի պատկերացնում, որ ոտքի վրա կանգնածը ես եմ: Հասկացա, որ կյանքս շարունակվում է… Շուրջս մի շնիկ էր պտտվում: Ուրախությունը մենակ չէի կարողանում տանել, զանգում էի հարազատներիս, որ գան ու կիսեն ուրախությունս»:
Բժիշկներն ասել էին, որ կքայլի երկու ձեռնափայտով, սակայն Լեռնուհին ճիգ է գործադրում և քայլում մեկով:
Սայլակը նետում է խորդանոց, որ էլ աչքին չերևա. «Սայլակի անունը չեմ ուզում լսել: Առաջարկեցին նորը` չէ, ի՞նչ սայլակ, հազիվ եմ ազատվել»:
Վակունիսում իրականանում է նրա երկրորդ երազանքը. աշխատանք է ստանում գյուղի դպրոցի գրադարանում: Սակայն գրադարան բացելու համար անհրաժեշտ էին գրքեր, որոնք չկային: Բերձորցիները հավաքում են 500 գիրք ու նվիրում գրադարանին:
Լեռնուհու որդիներն առավոտյան արդեն առանց նախաճաշի չեն մնում: Ընտանիքն ապահովված է Լեռնուհու 13000 դրամ աշխատավարձով և 7000 դրամ թոշակով:
Բայց պարզապես գոյատևելը բավական չէր նպատակասլաց, «հաշմանդամ», միայնակ մորը: Նա որոշում է հյուսք և ձեռագործ սովորել:
«Սովորեցնողը ասում էր` չես կարող մի ձեռքով, բայց ես չլսեցի,- ասում է Լեռնուհին: — Մտքիս դրել էի սովորել ու սովորեցի»:
Հիմա Բերձորի, Վակունիսի ու Կովսականի նրա ընկերների տներում Լեռնուհու ձեռագործ աշխատանքներն են` սփռոցներ, գուլպաներ, սվիտերներ, ժիլետներ:
«Ուրիշները մի գործը մի շաբաթում են գործում, ես երկուսում կգործեմ»:
Նա աջ բազուկով պահում է կծիկը, իսկ ձախով հյուսում: Լեռնուհին աջլիկ էր, բայց հետզհետե աջի ուժը փոխանցվեց ձախին:
Երազում է նաև գորգ գործել, միայն թե դազգահ չունի:
Լեռնուհին կարծում է, որ եթե վարպետները մի տարում են գործում, ինքը երեքում կգործի: Մոր հետ հավասար անում է տան գործերը, ճաշ պատրաստում, մուրաբա ու պահածոներ եփում ու իր ձեռքով փակում:
Այս տարվա գարնանը Քաշաթաղի իշխանությունները տեղափոխեցին Լեռնուհու ընտանիքը Կովսական, որտեղ հիվանդանոց կա: Հիմա նա բժիշկների հսկողության տակ է. շաքարը երբեմն բարձրանում է:
Տեղափոխեցին նաև աշխատանքը` գրքերով հանդերձ, ու Լեռնուհին դարձավ դպրոցի գրադարանավարը: Մայրն էլ աշխատանքի անցավ հիվանդանոցում` որպես աման լվացող:
Մի սենյակում գրադարանն է, մահճակալները, խոհանոցը: Գրադարանը տանն է, որովհետև դպրոցը շատ հեռու է:
Արդեն մոտ հիսուն ընթերցող ունի: Բժիշկ Վլադիմիր Լալայանը գրքերի մեկ երրորդը կարդացել է, դրանց ազդեցության տակ սկսել բանաստեղծություններ գրել:
«Կովսականում մի երկու ընտանիք գիրք ուներ, բոլորը կարդացել էի,- ասում է նա,- էլ կարդալու բան չունեի: Լավ էր` Լեռնուհու գրադարանը հասավ: Շատ լավ կլինի, որ ավելանան գրքերը»:
Հիմա Լեռնուհին անընդհատ գրադարանից է խոսում: Եթե մեկը հարցնի` ինչի՞ կարիք ունես, կասի` միայն գրքերի:
Անցյալը չի ուզում հիշել:
«Էնքան էի սիրում Երևանը, բայց որ հաշմանդամ տեղափոխվեցի, էլ չէի սիրում: Դուրս էի նայում` ծառերը կտրված, ճիշտ ինձ նման…»:
Քաշաթաղը, որ ինքն էլ է ապաքինվում պատերազմի վերքերից, հարազատ տուն դարձավ Լեռնուհու ու նրա որդիների համար:
«Ինձ ստեղ առողջ մարդու նման են վերաբերվում,- ասում է Լեռնուհին: — Երևանում բարեկամները կարող են չճանաչել իրար, իսկ ստեղ անծանոթ մարդիկ ուզում են իրար օգնել: Շատերն ուզում են ինձ այցելել, գրադարանն են պատճառ բռնում»:
«Իմ վերքերը ստեղ են բուժվել, տղերքիս ստեղից պիտի բանակ ուղարկեմ ու ստեղ էլ մեռնեմ»:
Տանը հեռուստացույց ու ռադիո չկա, աշխարհի անցուդարձից կտրված են: Սակայն հիմա, երբ Լեռնուհու երկու երազանքը կատարվել է (ոտքերն ու աշխատանքը), նա ասում է, որ երրորդը «չափից ավելի կլինի»: