Ինչքան էլ աշխատենք, չի հերիքում

Հուլիսի 5, 2010


Ինչքան էլ աշխատենք, չի հերիքում

Սառա Խոջոյան

 

Ձմեռը Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում շուտ է սկսվում: Հոկտեմբերից Ամասիայի շրջանի Արեգնադեմ գյուղի բնակիչները սկսում են խորդանոցից հանել վառարաններն ու տուն բերել:

Ղուկասյանների բազմանդամ ընտանիքը, սակայն, խորդանոց գնալու հարկ չունի. նրանք վառարանն իրենց խոհանոց-միջանցքից ընդամենը տեղափոխելու են հյուրասենյակ-ննջարան:

Ամռանը վառարանը վառում են` ճաշ եփելու համար, ձմռանը` ճաշ եփելու ու տաքանալու: Երկու սենյականոց բնակարանը մրոտված է աթարի ծխից, որը միակ վառելիքն է:

Գյուղի խնդիրներն ավելի խիստ են արտահայտված 40-ամյա Հրանտի ու 37-ամյա Գոհարի ընտանիքում: Տարվա մեծ մասը վաստակի հնարավորություն չունեն, ապրում են 1988 թ. երկրաշարժից հետո վթարային դարձած, երբեք կոսմետիկ վերանորոգում չտեսած պատերի ներսում:

Տան ավագները` 18-ամյա Գուրգենն ու 17-ամյա Գարիկը, ապագա չեն տեսնում գյուղում, սպասում են` գնան բանակ, գան, որ գյուղի երիտասարդների մեծ մասի նման լքեն այն: Դպրոցականներ 15-ամյա Աստղիկի, 11-ամյա Գևորգի ու 6 տարեկան երկվորյակներ Աննայի ու Արմինեի միակ հետաքրքրությունը դասերն ու հեռուստացույցն են, որ գնել են տոկոսով վերցրած գումարով:

Տուն չունենալու հիմնական պատճառը Հրանտի փախստական լինելն է: Բաղրամյան գյուղում ապրող քրոջ տուն հյուր էր եկել, երբ պատերազմը սկսվեց, և չկարողացավ վերադառնալ տուն: Հանդիպեց Գոհարին, և նրանք ամուսնացան, երբ ինքը 21, իսկ Գոհարը 18 տարեկան էր:

Այդ ընթացքում Հրանտը ռազմական ջոկատում վարորդ է աշխատում, բայց վթարի ժամանակ վնասելով աչքը` զրկվում է աշխատանքից: Առանց աշխատանքի ու տան երիտասարդի ընտանիքը ստիպված տեղափոխվում է Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղ, որտեղ այն ժամանակ դեռ 5 անդամից բաղկացած ընտանիքի հայրը կոլխոզում կրկին վարորդ է աշխատում:

«Սկզբում, որ նոր էինք ամուսնացել, աշխատանք կար, էսքան երեխա չունեինք, յոլա էինք գնում: Ժամանակի հետ պայմանները վատացան, երեխաները շատացան…»,- պատմում է Հրանտը:

Վրա է հասնում հաջորդ ձախորդությունը:

«Մեծ տղաներս 4 ու 5 տարեկան էին, երբ հիվանդացան պոչկեքից: Մի քանի ամիս հիվանդանոցում էինք: Էլ հետ չդառանք Ծաղկուտ, ընդեղ ձմեռը ճամփեքը փակվում էին: Մենք էն պայմանով, որ Ամասիան ու հիվանդանոցը մոտիկ են, էկանք ստեղ, որ հանկարծ ցավեր սկսվեն, կամ ազոտը բարձրանա, արագ հասցնենք հիվանդանոց»,- հաջորդ ձախորդության պատմությունն է անում Գոհարը:

Ծաղկուտից տեղափոխվել են Արեգնադեմ 1996 թ.: «Սկզբից որ էկել էինք, ապրում էինք Քնար տատի տանը. համ իրան էինք խնամում, համ էլ ապրում էինք: Մարդը Ռուսաստան էր, որ եկավ, կնգան պիտի տաներ, տունը ծախեց, մենք էլ էկանք ստեղ ապրենք,- շարունակում է Գոհարը: — Բայց, դե, մի տեղ է մերը, սաղ իրար գլխու քնում ենք, իրար գլխու հելնում»:

Ապրում են 8 հոգով երկու սենյակում. ավագ տղաները քնում են չտաքացվող սենյակում, մնացած 6 հոգով` երկվորյակներն ու Գևորգը միասին, Աստղիկն ու ամուսիններով, քանի որ արդեն մեծ է, առանձին, վառարանով հյուրասենյակում: Այն առաստաղ չունի, մրոտված պատերն ու տանիքի մրոտված գերանները տեղ-տեղ փակում են հին ու նոր ծածկոցներով: Բայց այդ տունն էլ իրենց չի պատկանում, համայնքի սեփականությունն է:

Անցյալ տարի գյուղապետ Աղունիկ Հազրյանը համայնքի սեփականություն հանդիսացող մի ուրիշ տուն է հատկացրել նրանց, որ տեղափոխվեն: «Որ խոսում էինք տան մասին, ու Աստղիկն իմացավ` ինքը ջոկ սենյակ ա ունենալու, ուրախությանը չափ չկար»,- պատմում է Գոհարը:

Բայց Աստղիկի ուրախությունը իսկապես իրականություն դեռ չի դարձել, քանի որ տունը վերանորոգման կարիք ունի` հատակի ու պատուհանների փայտերը փտած են: Տունը երկու սենյակ է եղել, սակայն միջնապատը խարխուլ է եղել, և այն քանդել են: Հիմա այն մի մեծ սենյակ է, որը պետք է բաժանել 3-4 փոքր սենյակների:

«Շատ բան ենք ուզում, օրինակ, տան դիմացի քարից փայտանոցը շատ լավն է, փող ունենանք, պատենք, միացնենք տանը, շատ սիրուն, մեծ տուն կունենանք, համ էլ բոլորին սենյակներ կլինեն: Էրեխեքս ներկա դրությամբ հասունացած են, էրեխա է, բանակ գնաց-եկավ, մի տարի հետո` մյուսն է իրա հետևից, աղջիկներս էլ արդեն մեծ են, բայց ջոկ սենյակ չունին: Ոչ ուտելու տեղն ա հասկանալի, ոչ քնելու տեղը, ոչ նստելու տեղը»,- երազանքների ու իրականության մեջ է Գոհարը:

Վերջերս Հրանտը հարևաններից հին, բայց պիտանի մի քանի պատուհան է վերցրել, տեղադրել. «Սրանք մարդիկ գոմի պատուհան են դնում, բայց մենք ճար չունենք, եթե ներկենք, լավ կլինի, բայց պոլերն էլ են փտած, ուզում եմ քանդեմ, վերանորոգեմ, հնարավորություն չկա: Ուրիշները շինանյութ ունեն, բայց մարդ չկա, որ իրանց տունը սարքի, իսկ իմ ձեռից ամեն ինչ գալիս ա, բայց շինանյութ չունեմ, որ այս տունը վերանորոգեմ ու էրեխեքիս հանեմ էն տնից»:

Որպես փախստական Հրանտը դիմում է գրել պետությունից տուն ստանալու համար, բայց դեռ ոչինչ չի ստացել. «Մենք էն մարդիկ չենք, որ գնանք մարզպետարան դիմենք, պատգամավորներին, ասում են` հերթի մեջ եմ, սպասում եմ»:

«Սաղ կյանքիս միակ երազանքն ա եղել տուն ունենալ,- ասում է նա, — բայց, դե, էրեխիս աչքը ինձ շատ է ցավ պատճառում: Ասում են` կրնան ակնոցով դզեն, ես չեմ փորձել: Գնացի Ղուկասյան, ասեցին` տարեք Երևան, Երևանի էլ հալ չունենք»:

Աննային Երևան աչքի բժշկի տանելու համար մի հոգին առնվազն 4,000 դրամ (մոտ 12 դոլար) պետք է ծախսի ճանապարհին: Բայց ընտանիքի ծախսերի մեջ այդ 4,000 դրամը ոչ մի կերպ չի մտնում: Ընտանիքի ամսական նպաստը 47,500 դրամ (մոտ 115 դոլար) է:

Ամռանն ավելի հեշտ է. գնում են խոտ հնձելու` 15-20 օրում մոտ 35,000 դրամ աշխատելով:

Մասուրը մեկ կամ երկու շաբաթ են հավաքում` սեպտեմբերի վերջին: Այս տարի բերքը քիչ է եղել` 2,5 պարկ, մոտ 60 կգ, վաճառել են 80-150 դրամով կամ փոխանակել պոմիդորով ու կարտոֆիլով, վաստակել են ընդամենը 6000 դրամ:

Կարտոֆիլը ցանում են տնամերձում, Գոհարը հուսով է, որ այս տարվա ցանածը այս ձմեռը կհանի: «Գազար ու կաղամբ էլ էի ցանել, բայց ոչ մեկը չծլավ»,- կարծես ձախորդությունների պատմությունն է շարունակում նա:

«Ինչքան էլ աշխատենք` չի հերիքում: Ո՞նց կարող ա հերիքել, 4 երեխաները դպրոցական են, մենակ իրանց համար տետր-գրիչ առնելով որ մնա, չի հերիքի»,- սրտնեղում է Հրանտը:

18-ամյա Գուրգենը պատրաստվում է բանակ գնալ, բայց չգիտի` ինչ է անելու վերադարձին. «Չեմ կարող ասել` ինչ կլինի: Ստեղ պայմաններն էնպիսին են, որ պետք էլ չէ մնալ, ստեղ տեղ չէ, էլի, ոչ աշխատանք կա, ոչ ապրելաձև կա, ավելի ճիշտը` էն թարափներն էրթաս, որ մարդն ընդեղ գործ կրնա գտնել: Ստեղ հեչ բան էլ չես կրնա յոլա երթաս, թե չէ, որ գործ եղնի, գյուղում ավելի լավ է, կուզեմ ստեղ մնամ»:

http://www.armenianow.com/hyesanta/2009/9334/the_ghukasyans_not_enough_no