Ես որ չանեմ, ո՞վ կանի

Հուլիսի 5, 2006


Ես որ չանեմ, ո՞վ կանի

Ռուզաննա Ամիրաղյան

«Իմ մամաս հիվանդ ա. խնդրում եմ` չզարմանաք ու չնեղանաք, եթե սկսի բարձր խոսել կամ հայհոյել: Չնեղանաք, ինքը հոգեկան հիվանդ ա, էլի, իմ մաման…»:

14-ամյա Պետրոս Ավչիևը մոր` Աննա Ավչիևայի հետ ապրում է Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակելի շենքերից մեկում:

«Ես ինչքան առաջ եմ գնացել, բոլորը մեր հարևանների ու ընկերներիս շնորհիվ: Իրանք մեզ մեկ-մեկ ուտելու բան են տալիս, շոր, կոշիկ, ամեն ինչ, ամեն ինչ, էլի… Բայց, մեկ ա, ես որ չանեմ, ո՞վ կանի»:

«Հա, իմ բալիկս որ չլիներ, ի՞նչ էինք անելու,- արձագանքում է Աննան` գիրկն առնելով փոքրիկ շնիկին, որին Տուզիկ է կոչում: — Ո՞վ, դո՞ւ ես աշխատում: Հը՞, Պետո»,- անսպասելի վերադառնալով իրականություն, թե, ընդհակառակը, դրանից կտրվելով` զարմանում է Աննան:

«Մամ ջան, հլը մի րոպե սուս,- բարակ, բայց արդեն կոտրվող ձայնով մորը խստորեն ընդհատում է Պետրոսը: — Ես եմ, էլի, բերում դեղերը, մամայիս խմացնում: Խառնում եմ սուրճի մեջ ու խմացնում մամայիս»:

Աննան, որ որդու նախատինքից փոքր-ինչ մտահոգված անշարժ նստած է, բարձրացնում է աչքերը. «Ես դեղ չեմ խմում»:

«Խմում ես,- առարկում է որդին: — Խառնում եմ քո սուրճի մեջ, խմում ես»:

«Բայց ես հիվանդ չեմ, Պետո: Գիտես, մաման որ սենց ա, բան չի՞ հասկանում»,- Աննան խոժոռ նայում է Պետոյին` շարունակելով շոյել իր Տուզիկին:

Աննա Ավչիևան տառապում է շիզոֆրենիայից: Նա պարբերաբար բուժվում է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում, սակայն ժխտում է իր հիվանդ լինելն ու հրաժարվում բուժում ստանալուց:

Պետրոսի մայրը տղայի ապագա հոր հետ ծանոթացել է Մասիսում, և չնայած նա ամուսնացած էր ու երեխա ուներ, որոշում է երեխա ունենալ ու մենակ մեծացնել նրան:

Ժամանակի ընթացքում Աննան դառնում է հոգեկան հիվանդ, և ընտանիքի ամբողջ հոգսն ընկնում է փոքրիկ Պետրոսի ուսերին:

«Հիմա աշխատում եմ ինտերնետ կապում: Ես ու ընկերս տներով գնում ենք փողերը հավաքում, հետո ամսվա վերջում ստանում ենք մեր մասը: Ամսական միջինը 5000 դրամ գալիս ա, էլի»,- ասում է Պետրոսը:

Հիմնական եկամուտը, այդուհանդերձ, աղքատության ընտանեկան նպաստն է, մոր հիվանդության թոշակը, «Փարոսից» ստացվող նպաստը, ինչպես նաև գումարները, որը Պետրոսի դիմումներից հետո պարբերաբար հատկացնում է Մասիսի քաղաքապետը:

Այս գումարները բավարարում են միայն ընտանիքի ծախսերի մի մասը հոգալուն և մորը խնամելուն:

«Ես շատ եմ սիրում սովորել: Բայց, դե, հիմա չեմ կարող դպրոց գնալ: Համ էլ ինձ հանել են դպրոցից,- ափսոսանքով ասում է Պետրոսը, որը դպրոց հաճախելու ոչ մի գրենական պիտույք չունի: — Էս բոթասներս ընկերս ա տվել: Ես էլ որ դպրոց չէի գնում, իմ սաղ տետրերս տվեցի մեր հարևանին, իրան սևագրեր էին պետք»:

«Չէի հասցնում, մի ամիս առաջ զանգեցին, ասեցին` եթե չես գալու դպրոց, արի, փաստաթղթերդ տար»:

«Մինչև հինգերորդ դասարան լավ եմ սովորել: Բայց համ էլ չեմ ուզում գնամ, որովհետև, երբ դասարանով փող ենք հավաքում, ես չեմ կարում էդ փողը տամ, էրեխեքը ինձ վրա ծիծաղում են կամ էլ մեղքում: Դրա համար էլ չեմ գնում»:

«Բայց, դե, սովորել շատ եմ ուզում: Եթե հասցնեմ, շատ կուզեմ ավարտեմ դպրոցը, հետո էլ ուզում եմ վարսավիրի գործ սովորեմ: Ինձ խոսք են տվել տանեն Մոսկվա, որ աշխատեմ, մեզ պահեմ: Դրա համար պիտի սովորեմ, էլի,- ասում է Պետրոսը: — Մասիսի սպորտդպրոցում սովորացնում են, էլի, ես իմացել եմ, ամիսը հազար դրամով»:

http://www.armenianow.com/?action=viewArticle&IID=1061&CID=1450&AID=1285&lng=arm