Բաղդասայաններ

Հուլիսի 5, 2007



Արիս Ղազինյան

 

Ի տարբերություն «մեծ սպիտակի»` «լանդրաս» տեսակի խոզը աչքի չի ընկնում սուր հոտառությամբ. նա ավելի նման է Սյունյաց անտառների  «կենդանի գութան» իր վայրի ցեղակցին. ինչպես վարազը` գիտի սրել ոչ միայն ականջները, այլև ժանիքները: Հավանաբար հենց թույլ հոտառությունն էր ստիպում վաղուց ընտելացված լանդրասին ինքնամոռաց քչփորել ծառի ստորոտը` բնազդաբար կողմնորոշված լինելով դեպի Հանապազօրյա Կաղինը: Սակայն ավաղ… Խոզը անգրագետ էր, ուստիև` անզոր գիտակցելու սովորական մի բան` պատառոտվելիք ծառը ոչ մի դեպքում կաղնի լինել չէր կարող: Այն թխկի էր, քանզի գյուղը, ուր նա ընդամենը 10 օր առաջ քշվել էր Մինջևանից, ոչ թե Կաղնուտ էր կոչվում, այլ Թխկուտ:

 

Հարկ է հավանաբար նշել, որ ստեղծված պայմաններում նույնիսկ գրաճանաչությունը չէր փրկի կամակոր խոզուկին. բանն այն է, որ անգամ 2003 թվականին լույս տեսած Հայկական համառոտ հանրագիտարանում այս բնակավայրը չի նշված Սյունիքի մարզի վարչատարածքային բաժանման և ոչ մի ցուցակում: Ուստի, խոզի անտեղյակությունն իրավամբ ներելի էր, առավելևս, որ քչփորվող թխկենու տակ նա որոնում էր ոչ միայն կաղին, այլև Հույս. լանդրասի հավատը իրոք պատսպարված է խոնավ  սևահողում:

 

Յոթ տասնամյակ առաջ նույն այս խոնավ սևահողի վրա անանուն գյուղացու ձեռքերով կառուցվել է մի տուն, որն այսօր Հայաստան աշխարհի թերևս առավել թշվառ օջախներից մեկն է: Անհայտ շինարարը, որն անտարակույս, նույնպես ուներ հավատ և հույս, այսօր ինքն է սևահող: Ինչպես գյուղը, որը թեպետ նշված չէ  Հայկական համառոտ հանրագիտարանում, սակայն հակառակ տրամաբանության, այնուամենայնիվ գոյություն ունի: Ոմանք սա կոչում են վիրտուալ իրականություն…

 

Ինչևէ, քանի դեռ Թխկուտը չի կազմում առանձին վարչատարածքային միավոր, նպատակահարմար է այն վերանվանել Փյունիկ. համենայնդեպս, յուրաքանչյուր թխկենուն այստեղ բաժին է ընկնում մոխրից հառնած երկու օջախ: Մարտուն Բաղդասարյանի ընտանիքը այդ օջախներից մեկն է. նրան բաժին է հասնում կես թխկի, որի տակ էլ հիմար խոզուկը  ամեն օր կաղին է փնտրում:

 

Ի դեպ, ծառերի մասին. Մեղրիի լեռնաշղթայի լանջերին ծվարած այս գյուղը դիմավորում է իր եզակի այցելուներին կանաչ, վիթխարի մի ընկուզենիով, որի տակ, սակայն, հնարավոր չէ տեսնել իրենց հասակի կարգով ծալպատակ շրջան կազմած և քեֆ անող պապերին, գյուղի տերերին: Թխկուտում չկա ալեհեր քեֆչի, գյուղի ավանդույթը փոքր-ինչ այլ է` այստեղ վերածնվող Հայրենիքի ջահել անտունիներն են խրատում իրենց զավակներին` «Ապրե’ք, երեխե’ք, բայց մեզ պես չապրեք»:

 

Հայաստան աշխարհի ջահել ղարիբներից է  43-ամյա Մարտուն Բաղդասարյանը. դեռ 10 տարի առաջ նա կնոջ` Հովակիմյան Ալվարդի և 5 երեխաների հետ բնակվում էր Կապանում: «Հիսուսի տարիքն էր, — կատակում է այսօր Մարտունը. – իհարկե, ուսմունք չէի ստեղծել և ալիքների վրայով քայլել նույնպես սովոր չէի: Ավելին, ինքս դարձա զոհը անցումային ժամանակաշրջանի տարաբնույթ ալիքների, որոնք հատկապես խորամանկ են փչում Սյունաց լեռնանցքներում: Ալիքներն այստեղ իրոք փչում են…»:

Մինջևան տեղափոխվելու գաղափարը ծնվեց համատարած գործազրկության ամենակուլ հորձանքում և նման էր ճակատագրի կողմից նետված փրկարար օղակի. 1996–ին պետական ամբիոններից դեռ խրախուսվում էր ազատագրված տարածքներում վերաբնակեցման ծրագիրը, և հատկապես բազմազավակ ընտանիքներին խոստացվում էին տանիք, հող, զբաղվածություն, արտոնություններ…

 

«Մարիամը 9 տարեկան էր, Ռոզան` 6, երկվորյակներ Մերին և Մանուկը` 3, իսկ Մելինեն նորածին էր… Ահա այս պայմաններում մենք որոշում ընդունեցինք տեղափոխվել Մինջևան, — խոստովանում է Ալվարդը: Ապա ժպտալով` հայացքն ուղղում ամուսնուն. — Ալիքներն այստեղ իրոք փչում են…»:

 

«Մինջևան տեղափոխվելու գաղափարը ծնվեց գործազրկության հորձանքում և նման էր ճակատագրի կողմից նետված փրկարար օղակի, — նշում է Մարտուն Բաղդասարյանը: – Այդ օղակը շուտով քիչ մնաց խեղդի մեզ, այն վերածվել էր հանգույցի»: Խոստացված հողաբաժինն, իհարկե, հատկացվեց բազմազավակ ընտանիքին, սակայն տարածքը իսպառ ջրազուրկ էր և օգտագործման պիտանի չէր: Ուստի խորամանկ ճակատագիրն առաջարկում է Մարտունին միակ լուծումը` դառնալ վարձու մշակ և իր ռանչպարի երգը կատարել ներգաղթած մյուս կարապների (տվյալ դեպքում, թերևս առավել տեղին է` անճոռնի ճուտիկների) հետ:

 

Ճուտիկների մասին. Մինջևանում Բաղդասարյանների օջախում ծնվեցին Մարինեն և Մելանյան, որոնք այսօր համապատասխանաբար 5 և 2 տարեկան են:  Սեզոնային մշակի անշնորհակալ աշխատանքն անշուշտ անկարող էր երաշխավորել 9 հոգանոց երիտասարդ ընտանիքի մարդավայել կեցությունը, առավելևս, որ երեխաներից հինգն արդեն դպրոցականներ էին  նույն այն դպրոցում, որտեղ Ալվարդ Հովակիմյանը հավաքարարուհի էր` 5000 դրամ աշխատավարձով: Ի դեպ, նրա անունով էլ ընտանիքի հաշին փոխանցվում է  մեկ կով, և անասնավարկ գրանցվում` 120 000 դրամ 10 տարի մարման ժամկետով: Կովը շուտով սատկում է…

 

Պղտոր ջուրը, որը շռայլորեն ծեծվում էր պետական ամբիոններից, ավաղ, անկարող էր ոռոգել Բաղդասարյանների հողամասը: «Մինջևանում երեխաների կենսագրությունը չափվում էր դույլերով` ով քանի դույլ ջուր էր կրում տուն», — խոստովանում է Ալվարդը…

 

Թխկուտ տեղափոխվելու գաղափարը ծնվեց համատարած գործազրկության հորձանքում և դարձյալ նման էր փրկարար օղակի. 2006–ին պետական ամբիոններից այլևս չէր խրախուսվում ազատագրված տարածքներում վերաբնակեցման ծրագիրը, և հատկապես բազմազավակ ընտանիքներին չէր խոստացվում տանիք, հող, զբաղվածություն, արտոնություններ…

 

Այս անգամ ճակատագիրը Մարտուն Բաղդասարյանին առաջարկեց արդեն նոր տարբերակ` աշխատանք հարևան Այգեձորի ոսկու հանքերում: Երբեմնի վարձու մշակի տասնամյա խնայողությունները հնարավորություն տվեցին նրան ոչ միայն գնել 15 այծ և 3 խոզ, այլև շահել շատերի վստահությունը. «Կարծում եմ, շուտով կփակենք նաև անասնավարկը Բերձորում, — նշում է  Մարտունը, – միայն այդ դեպքում Ալվարդը կարող է դուրս գալ վարչականորեն Բերձորին ենթակա Մինջևանի գրանցումից»:

 

Այսքանով թերևս սահմանափակվում է այս օջախի իրատեսությունը. խոստացված աշխատանքը դեռ սոսկ «ոսկե երազանք է», իսկ 9 հոգանոց ընտանիքը, որն անցած 10 տարիների ընթացքում ունակ գտնվեց ամեն օր ձեռնոց նետել համատարած պորտաբուծությանը և պահպանվել որպես առողջ ու կենդանի բջիջ` այսօր զուրկ է տանիքից: Յոթ տասնամյակ առաջ անանուն գյուղացու ձեռքերով կառուցված տունը, թերևս, Հայաստան աշխարհի առավել թշվառ շինություններից է:  Մինչդեռ անգամ այս վաղուց լքված փլատակը գնելու համար Բաղդասարյաններից պահանջվում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար. սա բազմազակ մեկ հայ ընտանիքի ոդիսականի գինն է…

 

…Ուստի, խոզի անտեղյակությունն իրավամբ ներելի է. առավելևս, որ քչփորվող թխկենու տակ նա որոնում է ոչ միայն կաղին, այլև Հույս. լանդրասի հավատը իրոք պատսպարված է խոնավ  սևահողում: Ոմանք, իհարկե, մեծ վերապահումով կմոտենան նման որակավորումներին` գերադասելով անխոնջ խոզի հոգու մարտկոցն անվանել բնազդ: Գուցե…Սակայն, պետք է գիտենալ, որ Թխկուտում հավատն ու բնազդը չափազանց նման են միմյանց. որպես հոգեվիճակ… և որպես կացութաձև…