Անօթևան` հայրենի հողում

Հուլիսի 5, 2010


Անօթևան` հայրենի հողում

Լուսինե Մուսայելյան

 

Մարտակերտում ապրող Ղուլյանների երկու սենյականոց նկուղանման կացարանի միակ առավելությունն այն է, որ իրենցը ոչ թե հասարակ նկուղ է, այլ երկհարկանի, որտեղից կարողանում են «նույնիսկ» արևի ջերմությունը զգալ:

Նրանք այստեղ ապրում են վարձով: Պապական տունը, որտեղ ապրում էին, 1991 թվականին ադրբեջանցիներն այրել էին, ինչի պատճառով 47-ամյա Գառնիկ Ղուլյանն իր հինգ երեխաների, կնոջ ու զոքանչի հետ հայտնվել է փողոցում:

Մի քանի տարի այստեղ-այնտեղ ապրելուց հետո նրանց առաջարկել են ներկայիս կացարանը, որտեղ ապրելուց մինչև օրս, ինչպես Գառնիկի կինը` Հասմիկն է ասում, «մի լավ օր չեն տեսել»:

«Սկզբից այստեղ առանց վարձի էինք ապրում, քանի որ տանտերը պատերազմից փախած էր, և, պատերազմական տարիների չգրված օրենքով` իրավունք ունեինք անվճար ապրելու պատերազմից խուսափողի տանը»,- պատմում է Հասմիկն ու ավելացնում, որ այնտեղ տեղավորվելուց շատ չանցած տանտերը սկսեց Ռուսաստանից ամեն օր զանգահարել ու սպառնալ, որ եթե վարձը չվճարեն, «ավելի վատ կլինի»:

Մինչև Արցախյան շարժումը Ղուլյաններն ապրում էին Ռուսաստանում, բայց պատերազմը սկսելուն պես տեղափոխվեցին հայրենիք, «որպեսզի Գառնիկն իր եղբայրների հետ գնա հայրենիքը պաշտպանելու»:

Պատերազմը վերջանալուց հետո էլ Գառնիկը ծառայության է անցնում պաշտպանության բանակում: Մի քանի տարի ծառայելուց հետո ստիպված թոշակի է անցնում` պատերազմի ժամանակ ստացած մարմնական վնասվածքների հետևանքների պատճառով: Այժմ նա 3-րդ կարգի հաշմանդամ է:

Ղուլյանների ավագ որդին նույնպես ծառայել է բանակում, իսկ միջնեկը` 20-ամյա Գրիգորը, առողջական խնդիրների պատճառով մեկ տարի ծառայելուց և վեց ամիս Երևանի հիվանդանոցներում բուժվելուց հետո ազատվել է ծառայությունից: Այժմ նա էլ հոր պես հաշմանդամ է:

Սակայն Գրիգորին հաշմանդամության կարգ չեն տալիս, չնայած նրա ջերմությունը 38,5-ից չի իջնում, միշտ թույլ է և թոքերի հետ կապված խնդիրներ ունի:

Գառնիկն իր ու զոքանչի թոշակով, երկու անչափահաս երեխաներին պետության կողմից տրվող մի քանի հազար դրամ նպաստով երկու ուսանողի ուսման, տան վարձեր է մուծում, ինչպես նաև մեծ ընտանիքի ամենօրյա համեստ ապրուստը հոգում:«Սոված չենք, ոչ էլ տկլոր: Փոքրիկ հողամաս ունենք, որտեղից ինչ-որ բերք ենք ստանում: Իհարկե, պատահում է, որ պարտքով ենք սնվում»,- պատմում է Հասմիկը` մի բառ անգամ չնշելով այն մասին, որ պատուհաններին ապակու փոխարեն ցելոֆան է, որ մինչև օրս հեռուստացույց, ռադիո չունեն, որ մութն ընկնելուն պես քնում են և լույսը բացվելուն պես էլ արթնանում:

Ղուլյանների տան մի քանի երկաթե մահճակալներին, մի քանի աթոռներին ու սեղանին վերջերս ավելացել է մի փոքրիկ սեղան, որն իրենց մեծ որդու ձեռքի աշխատանքն է:

«Ձանձրույթի՞ց է, թե՞ տաղանդավոր լինելուց, որ երեխաներս ամեն մեկն ինչ-որ բան է փորձում արարել` այն ցանկությամբ, երևի, որ տանը մի դեկորացիա ավելանա. աղջիկս նկարում է, ստեղծագործում, տղաներս փայտագործությամբ են զբաղվում` փորագրում են, քանդակում»,- թախծոտ ժպիտը դեմքին պատմում է բազմազավակ մայրը:

«Ես ի՞նչ հայր եմ, որ չեմ կարողանում նույնիսկ մի վրձին գնել: Ես իմ գլուխը ո՞ր պատովը տամ, որ առողջությունս չի ներում աշխատել, որ էս քաղաքում տղաներիս համար մի գործ չեմ գտնում, որ ստիպված եմ ամեն երկուշաբթի չինովնիկների դռներն ընկել, աղաչել-պաղատել, որ օրենքի ու հնարավորության սահմաններում իմ պատերազմից ավերված տան գոնե տանիքը ծածկեն»,- գանգատվում է Գառնիկը:

Ռմբակոծությունից հրդեհված Ղուլյանների տունը վերականգնելու համար, իրենց ասելով` «պետությունը սահմանել է 30.000 դոլարի ծախս»: Ասում են` օգնության համար բազմիցս դիմել են տարբեր բարեգործական կազմակերպություններ, տեղական համապատասխան մարմիններ, սակայն ապարդյուն:

«Երեխաներիս զրույցի թեման հիմնականում սեփական տունն է, որովհետև դրանց հետ են կապում իրենց հետագա կյանքը: Տղաներիցս մեկն արդեն ընկերուհի ունի, ուզում է ամուսնանալ, բայց որտե՞ղ պիտի ապրի»,- աչքերը երեխաներից թաքցնելով սրտնեղած պատմում է Հասմիկը:

«Միշտ ինձ հարց եմ տալիս. որ իմ էսքան անելուց հետո ինձ հետ էսպես են վարվում, բոլորը դռները փակում են իմ առաջ, բա էս երեխաներին ո՞նց են վերաբերվելու: Էս ամենի լուծումն էն ա, որ հեռանամ էստեղից, հա, գնամ Ռուսաստան»,- վրդովմունքը մի կերպ զսպելով ասում է Գառնիկը:

Հասմիկը ամուսնուց թաքուն, արտասվախառն ասում է, որ ամուսինն ուզում է մեկից պարտք վերցնել, որպեսզի տեղափոխվեն Ռուսաստան. «Էս ամեն ինչը տեսնելուց հետո, էս հողերը ազատագրելուց հետո մենք ինչո՞ւ պիտի հեռանանք, բա ո՞ւմ համար ա ամուսինս էնքան արյուն թափել»:

Հինգ երեխաների ծնողների համար մի բան է միայն պարզ, որ կգա այն օրը, երբ կդադարեն սպառնալից նամակները Ռուսաստանից, երբ տան երազանքն իրականություն կդառնա, երբ իրենց սեփական պատուհաններից` ցելոֆանի փոխարեն ապակով պատված, կլսվեն երգ ու երաժշտության, ծիծաղի բարձր հնչյունները: Բայց արդյոք հայրենիքո՞ւմ կիրականան իրենց երազանքները` ծնողները դժվարանում են պատասխանել…

http://www.armenianow.com/hyesanta/2009/9340/no_home_in_the_homeland_for_who