2-ՐԴ «ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ» ԲԱՑՈՒՄԸ _ ԱՐՄԱՎԻՐ. 12.07.2018.
https://www.youtube.com/
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ցանցային ծրագիրը նախատեսում է ընդգրկել հիմնականում սահմանամերձ հեռավոր գյուղերի դպրոցները, և հետագա սենյակները հենց այդ սկզբունքով են բացվելու։ Սակայն մեր այցն Արմավիրի թիվ 10 դպրոց և ծանոթությունը երեխաների հետ մտորելու առիթներ տվեց. 366 աշակերտներից 33-ը ներառական կրթություն ստացող երեխաներ են, 20 բազմանդամ ընտանիքների զավակներ երազում են ընդգրկվել իրենց հետաքրքրող ծրագրերի մեջ, բայց ընտանիքներն ի վիճակի չեն կատարելու նրանց ցանկությունները, կան նաև խնդրահարույց ընտանիքների երեխաներ, որոնք հատուկ հոգածության և ուշադրության կարիք ունեն։ Տվյալները ներկայացրեց տնօրեն Լիանա Հայրապետյանը մեր առաջին այցի ժամանակ.
Հենց երիտասարդ եռանդուն տնօրենի՝ համագործակցելու պատրաստակամությունը և «Հայ Ձմեռ պապի» մշտակա գործընկեր «Ֆոքըս օն չիլդրըն» (FCN) կազմակերպության զորակցությունն էլ խորացրեցին այս դպրոցում «ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ» բացելու մտադրությունը։ Հետագա քայլերը եկան հաստատելու այդ որոշման իրավացիությունը.
— հանդիպեցինք ծրագրի ստեղծագործական ավանգարդի՝ «Արվեստը՝ սահմանին» խմբի, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչների ու նոր գործընկեր «Արվեստի զարգացման աջակցում» ՀԿ-ի անդամների հետ, ներկայացրեցինք առաջարկը, հավանություն ստացանք.
— նախագիծը ներկայացրեցինք Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, նախնական համաձայնության եկանք հավեսին սենյակների ցանցային գործընկերության և փոխայցելությունների մասին.
https://www.facebook.com/
— FCN կազմակեպության տնօրեն Anahit Kalantaryan-ի հետ այցելեցինք Արմավիրի քաղաքապետ Davit Khudatyan-ին, ներկայացրեցինք նախագիծը, պայմանավորվեցինք համագործակցության մասին (հուսով եմ` պարոն քաղաքապետը մեզ կօգնի ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ համար համակարգիչներ ապահովելու հարցում, որոնցով կկազմակերպվեն գեղարվեստի, անիմացիայի, արվեստի պատմության և այլ առցանց դասընթացներ).
— Նագգաշյան ընտանիքից համաձայնություն ստացանք Արմավիրի սենյակը ևս Սևան Նագգաշյանի (Sevan Naghash) անունով կոչելու պատվին արժանացնելու համար: Ավելին` ընտանիքն իր ողջ կազմով ներկա էր սենյակի բացման արարողությանը:
… Արմավիրի ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ բացումը երեխաների հետ աշխատանքի միայն առաջին կեսքայլն է: Նախնական պայմանավորվածության համաձայն` տնօրենը հոգացել էր սենյակը նորոգելու մասին, ավելին` միջանցքում Սևանի կյանքի և գործունեության դրվագները ներկայացնող լուրջ ցուցադրություն էր կազմակերպել, իսկ կահավորման (նկարակալներ, խորանարդ-աթոռներ) համար ներդրում էր կատարել Focus on Cildren Now (FCN) կազմակերպությունը: Շնորհակալություն երկուսին էլ: Հուսով եմ` հետագա գործընկերությունն էլ նույնքան հաճելի ու օպերատիվ կլինի:
Հիմնական գործը դեռ առջևում է, և այդ մասին կլինեն նոր հրապարակումներ, նոր ալբոմներ:
Հաջողություն բոլորիս: Վստահ եմ` այս սենյակի երեխաների սրտերում էլ կծաղկեն արվեստի նկատմամբ Սևանի անհուն սերն ու խորազգացությունը, նրա հայրենաճանաչությունն ու նվիրումը:
Արարողությունը լուսաբանվել է «Երկիր Մեդիա» հեուստաընկերության տեսանյութով և «Մեդիամաքս» գործակալության ակնարկով: Շնորհակալություն Yerkir Media / ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ -ի նկարահանող խմբին, Գեղամ Մանուկյանին և Lusine Gharibyan-ին: Ստորև` նյութերի հղումները.