Գայանե Մկրտչյան
Առավոտ կանուխ, երբ Սյունյաց աշխարհի Տաթև գյուղը պաշարած ամպերը սկսում են հետ քաշվել, խոր աշնան գիրկն ընկած գյուղը սկսում է արթնանալ: Ամենուր կարմիր է, դեղին ու դարչնագույն: Տեղ-տեղ ծառերի ճյուղերին ձյուն կա, բայց նրանց կողքին շողում են հասած խնձորներն ու փորձում մի քանի օրով էլ երկարացնել աշունը Սյունյաց լեռներում:
Աշխարհի բան ու գործից անտեղյակ Տաթևում մարդիկ ապրում են իրենց հոգսերով ու խնդիրներով` աշնանացանը կհասցնե՞ն, թե՞ ոչ, անասնակերը կհերիքի՞ այս ձմեռ, թե՞ պակասություն կանի, եղանակը դեռ երկա՞ր տաք կմնա… ու ամեն ինչի պատասխանը վերջանում է հարցով:
«Ապրում են, էլի, յոլա են գնում: Դե, ի՞նչ անեն, իրենց էլ էս ա բախտ վիճակվել: Բայց ասեմ` լավն էն ա, որ վերջին տարիներին էլ գյուղը չեն լքում»,- ասում է գյուղապետն ու ցույց տալիս Խաչատրյանների խրճիթ տանող ճանապարհը:
Գյուղում ամեն ինչ այնքան գեղեցիկ է, որ չեն վախեցնում նույնիսկ ցեխոտ փողոցները, որտեղ կոշիկներդ մոռանում են քաղաքի բարեկեցության մասին: Նեղլիկ գյուղական փողոցները` երկարավուն պատշգամբով ինքնատիպ տներով, փոխարինում են մեկը մյուսին:
Գյուղի լռությունը խախտում է ինչ-որ տեղ փայտ ջարդող կացնի ձայնը: Ես գնում եմ այդ ուղղությամբ, դեռ չեմ մտել բակ, բայց հասկանում եմ, որ այստեղ է ապրում իմ որոնած ընտանիքը: Միջին տարիքի տղամարդն ուժեղ հարվածներով փայտը երկու կես է անում: Հետո ուղղում է ծռված գլխարկը, գլուխը վեր բարձրացնում, նկատում իմ հայացքը, ժպտում ու ներս հրավիրում:
Ժպիտին պատասխանում եմ ժպիտով, որի մեջ նաև բարև կա, ու ներս մտնում: Տղամարդն ընդառաջ է գալիս: Ես համառոտ բացատրում եմ այցիս նպատակն ու փորձում ներս գնալ: Զգում եմ, որ խուսափում է ներս հրավիրելուց, բայց ես փորձում եմ ամեն ինչ մեղմացել, նա տեղի է տալիս, ու ներս ենք մտնում:
Ներսում` հենց դռան մոտ, Չարժոկի կինը` 49-ամյա Գրետան, թասի մեջ լցված ամաններն է լվանում: Գետնին դրված է պարկով ալյուր, մի քանի գլուխ կաղամբ: Մի քայլ էլ եմ անում դեպի առաջ, դեռ տեղ կա ոտքս դնելու: Վառարանը կրակից շիկացել է, շիկնել են նաև Գրետայի այտերը, նա ամաչում է հյուր ընդունել:
«Ես անհարմար եմ զգում, բայց մեր ապրուստն էս ա»,- ասում է 57-ամյա Չարժոկը:
Հողից հատակ, հողից պատեր, գերաններով կապված առաստաղ, որի վրա դարձյալ հող է լցված: Պատերը զարդարում են թելի վրա շարված կարմիր տաքդեղի ու սխտորի համեստ շարուկները: Դուռը նման է հաստ ստվարաթղթի: Չորս մահճակալները խնամքով ծածկված են ծածկոցներով: Չքավորության կողքին մաքրություն է տիրում:
«Դե, սա իմ պապական տան թոնրատունն է եղել ժամանակին, հայրական տունս էլ քիչ այն կողմ է: Բայց ես ամուսնացա ու այնտեղից դուրս եկա, եղբայրս է այնտեղ ապրում ընտանիքով,- ասում է Չարժոկը, իսկ հետո` փորձելով իրենց կացարանն արդարացնել, ասում է: — Դե, մեր պապերը ժամանակին մի բան իմացել են, որ թոնրատներում են ապրել, հողե հատակին, ու դրա համար էլ այդքան առողջ են եղել»:
Չարժոկի 14-ամյա որդին` Դավիթը, դպրոցում է, իսկ մյուսը` 16-ամյա Նավասարդը` այգում, բայց տուն չի մտնում, անգամ մոր կանչելուց հետո:
«Գիտի, որ տանն օտար մարդ կա, ամաչում է ներս գալ: Անգամ ընկերներին տուն չի բերում: Դե, տղա երեխա է` նեղվում է, էլի»,- ասում է մայրը:
Խաչատրյանների ընտանիքն ապրում է Աստծուն ապավինելով: Ընտանեկան նպաստը հերիքում է ամսական մեկ պարկ ալյուրին, որն այսօր արժի 12.000 դրամ, էլեկտրաէներգիայի վարձին, ու մի քիչ էլ կարողանում են մակարոնեղեն ու շաքարավազ գնել խանութից:
Գյուղապետ Մուրադ Սիմոնյանն ասում է, որ գյուղի համայնքի պահուստային ֆոնդից մի փոքր հողատարածք են հատկացրել Խաչատրյաններին, որ գոնե ձմեռվա կարտոֆիլ ունենան: Փոքր տնամերձ հողամասում էլ կաղամբ ու գազար են աճեցնում, մի քանի խնձորի ծառ կա ու վերջ: Չարժոկը չի մոռանում նշել նաև իրենց ունեցած միակ կովի մասին, որին աչքի լույսի պես են պահում:
«Ի՞նչ են այսօր եփելու» հարցին Գրետան ուսերն է թոթվում, ասում է` կարտոֆիլը կա, լոբին կա, Աստված մեծ է, սոված հո չե՞ն մնա, յոլա կգնան:
«Դե, գյուղի նման սնվում ենք, չենք բողոքում: Դե, միս էլ, թե ուժներս պատում ա, առնում` ուտում ենք, թե չէ` չենք ուտում»,- ավելացնում է Չարժոկը հպարտությամբ:
Գյուղացիներն ասում են, որ Չարժոկն աշխատասեր մարդ է ու ամեն աշխատանք անում է, որ ընտանիքը պահի: Գյուղապետ Սիմոնյանն ասում է, որ նույնիսկ գերեզմանափորություն է անում` միայն թե երեխեքի վիզը ծուռ չթողնի:
Խաչատրյաններն էլ, իրենց հերթին, շնորհակալ են գյուղացիներից: Գրետան ասում է, որ օգնում են` ով ինչով կարող է:
«Հարևան Նորան, այ, իրա էշը տվել ա մեզ, իսկ մի էշը էսօր 40.000 դրամ ա: Դրանով գնում ենք, անտառից փետ-մետ բերում վառելու համար,- ասում է Գրետան: — Իսկ խանութներից էլ, դե, հա գրվում ենք` բերում: Դե, չի լինում, էլի, երեխա են, շոր են ուզում, դպրոց են գնում, հազար ու մի բան կա, մենակ հո ուտելով չի՞ վերջանում: Ապրեն, որ մեզ ըսենց պադերժկա են անում, թե չէ կորիլ դենք»:
Չարժոկն անընդհատ ծխում է, բայց որքան էլ փորձում է ամեն ինչ կատակի տալ, չի կարողանում թաքցնել ընտանիքում տիրող թշվառությունը: Նա խոստովանում է, որ արդեն 18 տարի ապրում են այս խրճիթում, ու ինքն ամեն ինչ անում է, որ գոնե մի «երկու պատ սարքի» տղաների համար, բայց չի կարողանում:
«Տղաներս էստեղ են ծնվել, մեծացել, հազիվ հասցրել եմ ուտելուն, կյանքը շատ ա բարդացել: Էս ա մեր վիճակը` ամառ-ձմեռ, քնել, լողանալ, ճաշել, մենք ենք ու էս 15 քառակուսի մետր տարածքը»,- ասում է նա:
Ամուսիններով առողջությունից չեն բողոքում ու ասում են, որ իրենց պահուստային ֆոնդում միայն դա ունեն: Վերջում Չարժոկը չի մոռանում նաև ասել, որ «115 հատ ոտանավոր ունի գրած»:
«Բայց, հեն ա` բոլորը քնեցրած են»,- ասում է նա:
Գրում է 1970 թվականից: Նա արտասանում է մի քանիսը, ինքն իրեն գնահատում: Ու վերջում էլ ավելացնում. «Հավատն ա մարդու կյանքի ընկերը, հույսը: Եթե դա չլիներ, հիմա մենք վաղուց կորել էինք էս կյանքում»:
http://www.armenianow.com/hyesanta/2009/9332/the_khachatryans_15_meters_and_fai