Սուրեն Դեհերյան

 

12-ամյա Սուրենը տանը մենակ էր, երբ Երևանից ժամանած անկոչ հյուրերը չկողպված դուռը հրելով ներս մտան և հարցրին ընտանիքի մեծերին:

Հին մագնիտոֆոնը լցրել էր տունը փոփ երաժշտությամբ, որի հնչյունները, սակայն, բոլորովին չէին ներդաշնակում գորշ ու կեղտոտ պատերի ու դրանց մեջ ընթացող կյանքի ռիթմի հետ:

«Մաման գնացել է ձորից ջուր բերի, պապան էլ գործի է»,- մագնիտոֆոնն անջատելով` պատասխանեց պատանին:

«Իսկ մյուս երեխաներն ո՞ւր են,- հարցրեց անծանոթը` ավելացնելով,- յոթ երեխա եք, չէ՞»:

«Հա: Մեծ քույրս դպրոցում է, մի եղբայրս կողքի գյուղում է, մյուսներն էլ փողոցում խաղում են: Հիմա կանչեմ»,- սլանալով դուրս` ասաց տղան:

Կինը` ջրով լի երկու դույլով, քիչ անց վերադարձավ տուն: Գրեթե միաժամանակ ներս մտան նրա հինգ երեխաները: 35-ամյա Սանամը նստեց սեղանի մոտ, իսկ երեխաները նետվեցին` մեկը գիրկը, մյուսը թևի տակ, մնացածն էլ հավաքվեցին մոր շուրջը և, մի փոքր լսելով այցելուներին, սկսվեց հարց ու պատասխանի տարափը:

Սահրադյանների ինը հոգանոց ընտանիքը Լեռնագոգ գյուղում ամենակարիքավորն է:

Համենայն դեպս, այդպես ներկայացրեց գյուղապետ Սարգիս Մարգարյանը` հավաստիացնելով, թե գյուղում գրեթե բոլորն են կարիքավոր, բայց Սահրադյանները ծայրահեղ վիճակում են:

Ընտանիքի յոթ երեխաներն էլ անչափահաս են: Սանամը տնային տնտեսուհի է, իսկ ամուսինը` 40-ամյա Հայկը, գյուղին կից ալյուրի գործարանում պահակ է աշխատում` ընդամենը 25 հազար դրամ աշխատավարձով: Ստանում են նաև 30 հազար դրամ նպաստ` որպես բազմազավակ ընտանիք:

Արդյունքում ընտանիքի յուրաքանչյուր անձին օրական ընկնում է 203 դրամ: Այդ բյուջեն, իհարկե, բավարար չէ, բայց դա է իրողությունը 16-ամյա Լուսինե, 15-ամյա Տարոն, 13-ամյա Անի, 12-ամյա Սուրեն, 7-ամյա Աննա, 6-ամյա Կարեն և երկու տարեկան գանգրահեր Մարիամ Սահրադյանների համար:

Նրանց հիմնական սնունդը խանութից պարտքով վերցրած ձավարեղենն ու մակարոնեղենն է: «Մեկ-մեկ էլ կոնֆետ ենք առնում,- ավելացնում է Սանամը: — Ո՞նց չառնենք, երեխա են, քաղցր բան են ուզում»:

Սահրադյաններն ապրում են Հայաստանի այն եզակի գյուղերից մեկում, որի բնակիչներին հող չի բաժանվել` ոչ մշակելու, ոչ էլ անասնապահական նպատակներով:

Մայրաքաղաքից 65 կմ դեպի արևմուտք ընկած Լեռնագոգը խորհրդային տարիների արդյունաբերական գյուղերից է` 1970-ականներին ստեղծված ալյուրի կոմբինատին և խոզաբուծական ֆերմաներին աշխատող ապահովելու նպատակով:

Մինչև Խորհրդային Միության փլուզումը Լեռնագոգի 2500 բնակիչներն աշխատում և ապրում էին գոհ ու երջանիկ: Այն ժամանակ Սահրադյանների նորաստեղծ ընտանիքը նույնպես երջանիկ էր, բայց 90-ականների սկզբից նրանց անհոգ օրերը պակասեցին, իսկ կյանքի բանաձևին փոխարինեցին գոյատևման չգրված օրենքները:

«Չենք հասցնում, էլի, դժվար է հիմա մեզ համար,- ասում է Սանամը: — Ինքը [ամուսինը] գործարանում է աշխատում, բայց աշխատավարձի դիմաց ալյուր է բերում, որ հաց թխեմ, ուտենք: Նպաստի գումարով էլ խանութի պարտքերն ենք տալիս: Էլ փող տուն չի հասնում:

Ես էլ ամեն օր կողքի սարերից ցախ եմ հավաքում, որ վառենք: Օրական ամենաքիչը մի վեց դույլ ջուր եմ կրում ձորից` լվացվելու ու լվացքի համար»,- պատմում է Սանամը:

Ջրի խնդիրն այստեղ ընդհանուր է: 1995-ից գյուղը զրկված է ջրից: Խմելու ջուրը մեքենաներով բերում են Թալինից` 40 լիտրն արժե 150 դրամ: Սանամն ասում է, որ խմելու ջուրն էլ են պարտքով վերցնում: Նրա հավաստմամբ` ընտանիքը շատ ավելի վատ օրեր է տեսել, երբ ալյուրի գործարանը դեռ վերաբացված չէր:

«Հիմա գոնե ալյուր կա, երեխեքը հաց են ուտում: Երկու տարի առաջ էդ էլ չկար»:

Ընտանիքն ապրում է ծնողներից ժառանգած սեփական տանը, բայց այն դատարկ է: Ունեն վառարան, բայց փայտ չունեն: Ունեն ջրամաններ, բայց ջուր չունեն: Ունեն մահճակալ ու անկողին` մաշված ու պատռված սպիտակեղենով: Ու նաև հեռուստացույց, որը չի աշխատում:

Ջուր կրած կնոջ մատներն ուռած ու կարմրած էին. պատճառները շատ են` ցուրտը, սառը ջուրն ու ծանր դույլերը: Միակ փրկությունը վառարանն է, և քանի դեռ մի քանի ճյուղ մեջը վառվում է, ընտանիքի բոլոր անդամները դրա շուրջը հավաքված` փորձում են փախցնել իրենց հասանելիք ջերմությունը:

«Ձմեռվա հագուստ էլ չունեն, ինչ ունեն` հագներն է,- մատներով վառարանի խողովակները շոյելով ասում է Սանամը: — Երեկ տղես լացեց, թե շոր չունեմ, մամ, մրսում եմ, բայց, դե, ուտելիքն ենք պարտքով առնում, շորին արդեն հերթ չի հասնում»:

Գյուղացիները վկայում են, որ Սանամը աշխատասեր կին է, դեռ հասցնում է հարևաններին օգնել, որ հաց թխեն:

Գյուղի դպրոցի տնօրեն Ավետիսյանն էլ հավաստիացնում է, որ Սահրադյանների դպրոցահասակ հինգ երեխաներն էլ ուսման մեջ հետ են մնում, բայց ավելացնում է. «Ախր, սոված երեխայից ի՞նչ ուսում պահանջենք»: Սանամի երեխաներն էլ պնդում են, որ ոչ բոլոր դասագրքերն ունեն, քանի որ անվճար է միայն կրոնի դասագիրքը:

Այս տան ցուրտ և դատարկ սենյակներից մեկի պատին սրբապատկերներ են փակցված: Դա Սանամի աղոթարանն է:

Գյուղում կա մի մատուռ, որը Սանամն այցելում է ամեն կիրակի:

«Աղոթում եմ ամեն կիրակի, մեկ էլ էն օրերին, երբ հաց չեմ կարողանում հայթայթել, և Ինքն ինձ օգնում է,- ասում է Սանամը: Մի ակնթարթ լռում և ավելացնում է.- Չգիտեմ, ես հավատում եմ Աստծուն»:

Այդ օրը նա աղոթելու կարիք չուներ, քանի որ հարևանի տված կաղամբով արդեն ճաշ էր եփել: Սանամը դա «բորշ» անվանեց, սակայն ջրի մեջ լողացող կաղամբի հատուկենտ տերևները բավական չէին, որ այդ կերակուրը «բորշ» կոչվեր: Ու նրանց ապրածն էլ դժվար է կյանք անվանել…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով