Ռուզաննա Ամիրաղյան

 

«Մեր թաղայիններից մեկը, Աստված իրան օրհնի, բերեց մեզ էս տարածքը, ասեց` թե կարաս մի բան անե՜ս… Էկանք: Ահավոր զիբիլանոց էր, խոլերայի բուն: Սաղով` էրեխեքիս հետ աշխատելով, դզեցինք, էս դոմիկը առանք, բերեցինք»,- ասում է երեք զավակների` որդու, երկու դստեր ու նրանց մանկահասակ երեք երեխաների հետ Երևանի Շենգավիթ համայնքում ապրող Անուշ Մանուկյանը:

«Շշի գործ էի անում, ժավելը կաշկայով ծախում էի: Մի կերպ էսի առա, երեխեքիս հավաքեցի իրար վրա»,- պատմում է Անուշը:

48-ամյա այս կինն իր ուսերին առած ընտանիքի հոգսերի բեռը` իր «դոմիկը» ձեռք է բերել ութ տարի առաջ: Հողատարածքը, որի վրա այժմ դրված է տնակը, սեփական ձեռքերով Մանուկյանները մաքրել են ոչ միայն աղբից, այլև` քարերից: Այս համեստ կացարանը, այդուհանդերձ, բարելավում է նախորդ «բնակավայրի» համեմատ, գտնվում էր Կարմիր բլրի մոտակայքում գտնվող գերեզմանոցի տարածքում:

«Մի ծանոթ կար` մեր հարևաններից էր, ասեց` տեղ կա, տարավ տեղը ցույց տվեց»:

«Վարձով էինք ապրում: Վարձը որ չկարողացանք տայինք, տնից հանեցին, մնացինք դուրսը: Հետո գերեզմանոցում էինք ապրում: Տուն չունեինք, պայմաններ չունեինք: Գիշերը վախից արթուն նստում էինք, կարիճների հետ, էրեխեքին գրկում, նտում էի, որ լույսը բացվեր, մինչև լուսանալը… Որ ուզենայինք էլ քնեինք, չէինք էլ կարա: Գլխներիս վրա պանելներ էին, հոսանքի պադստանցիա էր, քանդել էին, մենք էլ գնացել-մտել էինք ընդեղ: Սաղ շուրջը գերեզման էր»,-պատմում է Անուշը:

Մանուկյաններն այս վիճակում հայտնվեցին 14 տարի առաջ, երբ Անուշի ամուսնու ծնողներն իրեն տնից վռնդեցին: Տանիքից զրկված կինը երեք անչափահաս ու առողջության ժառանգական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների հետ հայտնվեց փողոցում:

Ամուսնու հոգեկան հիվանդությունը ժառանգել են նաև Անուշի զավակները. որդին` 30-ամյա Արմենը և 26-ամյա Արմինեն: Հիվանդությունը, բարեբախտաբար, շրջանցել է կրտսեր դստերը` Լիլիթին:

«Տղես ոչինչ չի կարա անի: Աշխատանքի ի վիճակի չի: Բանակ տեղը ծեծել են` պոչկեքը ջարդել են: Փախավ, դատվավ, մինչև հիմա էլ միզապարկի էդ բուժումը չեմ կարա անեմ: Ինքը 30 տարեկան տղա ա, միզում ա տակը, ոչ կարում եմ հիվանդանոց տանեմ, ոչ կարում եմ մի օգնություն տամ…»,- շարունակում է Անուշը:

Ամուսնալուծությունից հետո, նախկին ամուսնու ծնողների ընտանիքում տեղի ունեցած փոփոխություններով պայմանավորված Անուշն ու երեխաները զրկվում են գրանցումից:

Բանակից վերադառնալուց հետո Արմենը, այնուամենայնիվ, զինգրքույկը ստանում է իրենց նախկին գրանցման վայրի զինկոմիսարիատից, ինչից էլ, ըստ Անուշի, կարելի է ենթադրել, թե նա գրանցումից չի հանվել, չնայած հաշվառման ցուցակում չվերականգնվելով` մինչև հիմա չի կարողացել ստանալ անգամ իր անձնագիրը:

«Պասպորտ չի կարում հանի, տուն չի կարում պահանջի, որտև ընդեղ տանից օրդեր չեն տալի, որ ինքը ընդեղ գրանցված ա, պասպորտ բաժնից հանել են», -բացատրում է Անուշը:

Մի քանի տարի առաջ Անուշի երկու դուստրերն ամուսնանում են: Բայց, ինչպես մայրն է նկարագրում, «Ո՛չ մեկը լավ բախտ ունեցավ, ո՛չ էլ մյուսը: Էրկուսն էլ անորակ ամուսիններ… Հիմա արդեն մեկը էրկու երեխա ունի, մյուսն էլ` մեկը: Նույնությամբ իրանք են էս դժվարությունը կրում: Նույն պատմությունն ա, ոնց որ իմս էր»:

Լիլիթը` Անուշի փոքրը, երկու անհաջող ամուսնություն է ունեցել, երկու դեպքում էլ` ամուսնալուծվել: Տարբեր ամուսիններից ծնված երկու որդիներն էլ` վեցամյա Վահրամը և երեք տարեկան Նարեկը, ամբողջությամբ գտնվում են մոր խնամքի տակ: Լիլիթի ամսական եկամուտը, սակայն, բացի մոտակայքի սաունայում օրական 3000 դրամ աշխատավարձից (մոտ 10 դոլար), 20,000 դրամ սոցիալական նպաստն է (մոտ 65 դոլար), ինչը, հատկապես վերջին տարիների գնաճի պայմաններում հազիվ թե բավարարի միայնակ մորը երկու անչափահաս երեխաներին ապահովել անգամ առաջին անհրաժեշտության ամենատարրական պարագաներով: Իսկ մանկապարտեզ, ուր հաճախում է Վահրամը, ամսական վարձը 8400 դրամ է (27,5 դոլար):

Տղան արդեն դպրոցահասակ է, բայց մայրն ու տատը որոշել են նրան այս տարի դպրոց չուղարկել: Ինչպես իրենք են ասում` երկու պատճառով. Նախ` չունենալով համապատասխան միջոցներ, նրանք ի վիճակի չեն եղել նախապատրաստվել դպրոցին, գնել հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ: Բացի այդ էլ, Վահրամը փոքր-ինչ հետ է մնացել իր հասակակիցներից մտավոր զարգացմամբ և դպրոց գնալու դեռ պատրաստ չէ` հատուկ ուշադրություն պահանջելով մինչև դպրոց գնալը:

«Էրեխեքը բոլոր բարիքներից զուրկ են մնացել: Էրեխեն հագնել ա ուզում, հայրություն ա ուզում… Ես ի վիճակի չեմ ո՛չ մայրության, ո՛չ հայրության: Կիսամարդ եմ ես»,- ասում է Լիլիթը, ով ոչ մի օգնություն չի ստանում երեխաների հայրերից:

Լիլիթի քրոջ` Արմինեի վիճակն այնքան է վատանում, որ նա մեկ ու կես տարի հոգեբուժարանում է անցկացնում` մայրական պարտականությունները թողնելով քրոջ` Լիլիթի վրա:

«Հա՛մ Նարեկին էր կերակրում, հա՛մ քրոջ որդուն: Էրեխեն հիվանդացավ, էլի՛ Լիլիթն էր պահում: Ծանր հոգսը մենք ենք կրել: Նա սկի տեղյակ չի եղել. փախնում, կորում էր…»,- շարունակում է Անուշը:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Արմինեի վիճակը փոքր-ինչ կայունացել է, բայց մայրը ամեն երկու ամիսը մեկ հիվանդանոցից դեղեր է ստանում Արմինեի համար: Հաճախ էլ հիվանդության պատճառով Արմինեն ի վիճակի չի լինում խնամել իր երեխային, բռնկվում է:

«Հիշում եմ` առաջներում էդ տեսակ հիվանդներին տուն էին հատկացնում, որ առանձին ապրի: Ու դա ճիշտ է` տենց մարդկանց պտի առանձնացնեն, տուն տան»,- ասում է մայրը:

Վերջերս նաև կողերից ցած` որովայնի ձախ կողմում, Արմինեի մոտ խոշոր արյունազեղում է հայտնվել: Մայրն անմիջապես դիմել է մասնագետներին, որոնք, սակայն, խորհուրդ տալով շուտափույթ վիրահատել` ծառայության դիմաց 160,000 դրամ են պահանջել (մոտ 524 դոլար):

«Հնարավորություն չունեմ, որ կարողանամ իրան օպերացիա անել տամ, որտև էտքան գումար չունեմ: Դե, ես էլ ասեցի` որ չունեմ` որտեղի՞ց տամ: Որ շատ ժամանակ նեղվում ա, ասում եմ` հա՛, կտանեմ, բայց ո՞նց տանեմ, ո՞ւր տանեմ»:

Լիլիթը դիմել է համապատասխան մարմիններ` փորձելով որևէ կերպ լուծել իր որդիների ու նաև իր ողջ ընտանիքի բնակարանային խնդիրները, բայց պատասխանն առայժմ բացասական է եղել:

«Բոլոր տեղերն էլ դիմել եմ` թաղապետարան, լրիվ տեղերը, որ էս էրեխեքին տուն հատկացնեն: Իրեք ամիս առաջ եմ դիմել թաղապետարան, թուղթ են տվել, որ բնակարանով մենք ձեզի չենք կարող օգնել: Տղա էրեխա են, ես էս դոմիկի մեջ ինչքա՞ն պահեմ: Տնակ ա, էս ցրտին, էրկուսին էլ ծոցս եմ քնցնում: Տեղաշոր չունեմ, ստից-ընդից բուրդ եմ հավաքում, վերմակ եմ կարում, որ էրեխեքս չմրսեն»:

«Ծայրահեղ վիճակ ա. Հեն ա` աբոյներն էլ ճղված, սաղ ջարդված ներսից, անձրև ա գալիս, ջուրը` չռռում վրեքներս»,- շարունակում է Լիլիթը, ներկայացնելով «տնային» պայմանները:

Կենցաղային պայմանների բացակայությունից զատ, ամայի ու մեկուսացած այս տարածքում, որ Երևանի արդյունաբերական շրջաններից մեկում է, սուր է նաև շրջակա միջավայրի խնդիրը: Հարևանությամբ գործող ասֆալտի գործարանից արտանետվող ավազի փոշուց Լիլիթի փոքր տղան` Նարեկը, շնչառական խնդիրներ է ձեռք բերել:

«Ասֆալտի գործարան ա, ամբողջ ավազի փոշին նստում ա, ամբողջ օրը էրեխեքին հիվանդանոց ենք տանում, ամեն շաբաթ… Էրեխեն հազում ա, ասում են` սաղ թոքերում նստվածք ա, սաղ էդ ասֆալտի փոշին ա»:

Անուշն էլ մտահոգություն է հայտնում, որ չնայած Շիրակի 45 հասցում իրենց ներկայիս գրանցմանը` իր ընտանիքը նորից կարող է հայտնվել փողոցում: Հողատարածքը, որի վրա դրված է տնակը, սեփականաշնորհված չէ:

«Մերն էլ չի, կարան գան, էսի վերցնեն, էլի նախկին կյանքով, մի պադստանցիա, մի բան ճարեմ, էս դոմիկը դնեմ… Որտե՞ղ գնամ, որ ես կարանամ ապրեմ: Անհնար ա, հո՞ չեմ կարա շալակս կապեմ, գնամ: Պտի էս փեդերը (որով տունը կառուցված է) ծախեմ, էրեխեքին հավաքեմ, գնամ էլի ըդենց մի տեղ»:

http://www.armenianow.com/hyesanta/2009/9336/tiny_home_big_problems_where_c

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով