Սուրեն Դեհերյան

 

Ինքնասպանության փորձից հետո Գարիկը մնաց առանց ձեռքերի

Գարիկի ծնողները փորձում են չկորցնել լավատեսությունը

21-ամյա Գարիկ Միքայելյանը ձեռքեր չունի: Հինգ ամիս առաջ` հայոց բանակում ծառայելիս, նա ինքնասպանության փորձ է արել` այլևս չդիմանալով հրամանատարի ծեծին ու հոգեբանական ճնշմանը: Ինքնասպանությունը չի ստացվել, և բանակում զինծառայողների նկատմամբ հրամանատարական կազմի` լայնորեն տարածված դաժան վերաբերմունքի հերթական զոհը դառնալու փոխարեն երիտասարդը դարձել է հաշմանդամ:

Հուլիսի 7-ին, երբ Քելբաջարում գտնվող զորամասի «վերկացին» մնացել էր 1-2 ժամ, Գարիկը որոշեց վերջ տալ իր կյանքին: Ընտանիքի անդամներն ասում են, որ հրամանատարի` նախորդ օրվա սպառնալիքների ազդեցության տակ, ուղղված ոչ միայն անձամբ իրեն, այլև իր ընտանիքի անդամներին, Գարիկը վեր է կացել ժամը 5-ի մոտ, գնացել է զորամասի էլեկտրական ենթակայան ու փորձել ինքնասպանություն գործել` բռնելով բարձր լարման էլեկտրական լարերը:

Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ուշքի գալուց առաջ Գարիկը հինգ օր անգիտակից վիճակում էր:

Նա պատմում է, որ մի քանի ամիս հոգեբանական ճնշման ու ծեծի է ենթարկվել գումարտակի հրամանատարի կողմից: (Ընտանիքի անդամները չեն ցանկանում ավելի մանրամասն խոսել միջադեպի մասին, քանի որ զինդատախազությունը գործ է հարուցել, և այն նախաքննության փուլում է:) Ըստ զինդատախազության` հրամանատարն այժմ ձերբակալված է:

Գարիկը կապի դասակի հրամանատար էր, կոչումով` ավագ: Այդ կոչմանն արժանացել էր, երբ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո (ֆիզիկոսի ու ծրագրավորողի մասնագիտությամբ) զորակոչվել էր բանակ ու վեց ամիս ծառայել Արտաշատի կապի ուսումնական զորամասում:

(Ըստ նախկին ժամկետային ծառայողների` որոշ զորամասերում ավագի կոչումը չի հարգվում ոչ շարքային զինվորների, ոչ էլ սպաների կողմից: Ավագներն ի պաշտոնե կրում են սպայի պատասխանատվություն, սակայն որոշ զորամասերի ներքին խոհանոցի համաձայն` սպաներն ավագներին թույլ չեն տալիս լիարժեք օգտվել իրենց վերադաս կարգավիճակից, իսկ զինվորները, իմանալով այդ մասին` օգտագործում են ի նպաստ իրենց` շատ դեպքերում անտեսելով ավագների հրահանգները` սպաներին լարելով ավագների դեմ:)

Արդեն լրացել էր Գարիկի երկամյա ծառայության առաջին տարին: Ընտանիքին ուղարկած նամակներում ոչ մի ակնարկ չկա նրա առջև ծառացած դժվարությունների մասին:

Գեղեցիկ ձեռագրով գրված նրա նամակները լի են հայրենիքին ծառայող երիտասարդի հպարտությամբ:

Մայիսին ուղարկված վերջին նամակում, ինչպես և նախորդներում, գրել է. «Ինձ համար չանհանգստանաք, ամեն ինչ լավ կլինի: Կզորացրվեմ ու կգամ, որ ձեզ օգնական լինեմ»:

Հիմա այս նամակները գանձ են, բայց և…

«Սրանք ինձ համար սրբություն են,- ցույց տալով բանակային նամակները` ասում է մայրը` տիկին Գոհարը, ու բացատրում: — Ինչ պրոթեզավորում էլ արվի, ես հո գիտեմ, որ սրանք անկրկնելի տողեր են. իրա ձեռքով են գրված»:

Միքայելյանների ընտանիքն Աշտարակում հայտնի է որպես համերաշխ, աշխատասեր և ընկերասեր հայկական օջախ: Նրանց հարազատներն ու Երևանի ընկերները սիրում են այս օջախում հավաքվել, քանի որ յուրաքանչյուր հավաք վերածվում է փոքրիկ տոնի: Միաքայելյանները հայտնի են նաև իրենց բարեգործությամբ. 1990-ականների սկզբին, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առաջին անգամ Աշտարակում հանգանակություն էր կազմակերպել կարիքավոր ընտանիքների համար, Միքայելյանները ոսկե մատանի նվիրաբերեցին հիմնադրամին:

Գոհարն ասում է, որ ավանդույթի պես միշտ ճանապարհել է ծառայության մեկնող իր աշակերտներին, իսկ (հին ավանդույթի համաձայն) փետրվարի 23-ին` խորհրդային բանակի օրվա կապակցությամբ` քաղցրավենիքներով ծանրոցներ ուղարկել: «Բոլորին հարազատ որդուս պես եմ սիրել: Իսկ Գարիկը ցախ էր ջարդում, և միասին տանում էինք դպրոց վառարանը վառելու, որ դասերին երեխաները չմրսեն»:

Գարիկի հայրը` Գուրգենը, մեխանիկ է, սակայն դուրս է եկել աշխատանքից, որ տղային թև ու թիկունք լինի:

Իսկ 18-ամյա քույրը` Վարյան, այս տարի ընդունվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի նկարչության բաժին:

«Այնպես ստացվեց, որ Գարիկի դեպքը զուգադիպեց Վարյայի ընդունելության քննությունների օրերի հետ, և աղջիկս հրաժարվում էր քննության գնալ: Ասում էր`ես չեմ կարող ձեռքերով նկարել, երբ եղբայրս ձեռքերը կորցրել է»,- պատմում է մայրը:

Եվ այսօր Միքայելյանները թերթում են իրենց կյանքի էջերը` կարծես, փորձելով հասկանալ, թե ինչու ճակատագիրն իրենց այսպես դաժանորեն պատժեց: Միաժամանակ փորձում են առաջ նայել:

Նրանց հույսը Գարիկի բազմաֆունկցիոնալ պրոթեզի հարցը լուծելն է. որդին որոշել է շարունակել ուսումը մագիստրատուրայում, եթե կարողանա նոր ձեռքեր ստանալ: Գարիկին բուժող բժիշկը վերջերս գործուղման է եղել Եվրոպայում և ասում է, որ Գարիկին հարմար պրոթեզներ հնարավոր է պատվիրել Գերմանիայում: Սակայն դրանք արժեն մոտ 67.000 եվրո:

«Միակ սփոփանքս այն է, որ որդիս ողջ է»,- ասում է Գոհարը:

«Բայց եկեք հետ չնայենք,- ասում է Գարիկի հայրը: — Եկեք առաջ նայենք: Այսօր մեր միակ նպատակն է Գարիկին տեսնել այնպես, ինչպես տեսնում էինք բանակ գնալուց առաջ»:

«Հայ Ձմեռ պապ» հիմնադրամը քաջ գիտակցում է այն նուրբ հարցերըորոնքառնչվում են այս դեպքինլինի դա բանակում ենթադրաբար կատարվածհանցագործությունըթե ինքնասպանությանն առնչվող բարոյական հարցերըՍակայն մեզ նաև շատերի նման հայտնի էոր այսօր ծառայությունը հայոցբանակում նման է բանտարկության շատ երիտասարդների համարորոնքզորակոչվում են միայնորպեսզի ենթարկվեն զինակիցների հալածանքներինորոնց հետ պետք է Կողք կողքի կռվենՀանուն մի երիտասարդիորն ահավորսխալ է գործելսակայն որի առջև դեռ ապրելու մի ամբողջ կյանք կամենքհորդորում ենք «ԱրմենիաՆաուի» ընթերցողներինաջակցել Գարիկիպրոթեզավորման հարցը լուծելու ջանքերին:

http://www.armenianow.com/hyesanta/2009/7987/hyesanta_2008_a_bad_decision_and

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով