Գրիշա ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

www.hetq.am

http://hetq.am/en/society/silva-gmbikyan-margara/

Սիլվա Գմբիկյանի 9-րդ դասարանցի աղջիկն արդեն մի քանի տարի է, ծնողներից հեռու է ապրում և գտնվում է տատ ու պապի խնամքի տակ: 5 անձից բաղկացած ընտանիքն ապրում է հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Մարգարա գյուղում:

«Ամուսինս՝ Լևոն Գաբրիելյանը, մասնակցել է Արցախի ազատագրմանը, գեներալ Մանվել Գրիգորյանի ջոկատում է կռվել ու վիրավորվել է: Պաշտպանության նախարարության կողմից ոչ մի օգնություն կամ ուշադրություն չենք զգացել, պետությունը մեր մասին լրիվ մոռացել է: Գումար չլինելու պատճառով չենք կարողանում ամուսնուս հաշմանդամության թղթերը դասավորենք, որ գոնե մի երկու կոպեկ թոշակ ստանանք: Երեք անչափահաս երեխա ունեմ, ծայրահեղ վատ վիճակում ենք ապրում, բայց ոչ մեկը ձեռք չի գցում, որ ոտքի կանգնենք: Այս տարի աղջիկս դպրոցը պիտի ավարտի, գիտենք` ինչ անենք, ահավոր դրության մեջ ենք»,- ասաց Սիլվան:

Տիկնոջ ասելով` նպաստ էլ չեն ստանում, քանի որ «Նպաստի բաժնից անձնագիր են ուզում, իմ անձնագրի ժամկետն էլ րացել է, փող չունենք, որ գնամ ժամկետը երկարացնեմ: Ամուսնուս թղթերն էլ կիսատ-պռատ են ու ըտենց հետաձգվում է»:

Մարգարայի գյուղապետ Խաչիկ Ասատրյանին հարցրեցինք` արդյոք գյուղապետարանը չի՞ կարող փաստաթղթերի հարցում օգնել այս ընտանիքին:

«Ես միշտ էլ իրենց ասել եմ, որ գան իրենց փաստաթղթերի համար հետաքրքրվեն: Դա ինձ համար դժվարություն չի, 2 օրում կդասավորեմ: Լևոնը ֆիդային է եղել, եթե թղթերն ունենան, ահագին գումար կստանան: Գոնե դուք ասեք, որ գան թղթերը դասավորեն»,- «Հետքին» պատասխանեց գյուղապետը:

 

Սիլվա Գմբիկյանն ասում է, որ փաստաթղթերը պետք է մարզկենտրոնում պատրաստեն, բայց իրենք պարզապես միջոց չունեն այնտեղ հասնելու:

Նշենք, որ Գաբրիելյանների ընտանիքն ապրում է ծայրահեղ վատ պայմաններում: Տունը հողաշեն է ու վթարային. այն ցանկացած պահի կարող է փլվել: Տան պատերն իրարից առանձնացած են, իսկ միակ քիչ թե շատ օգտագործելի սենյակի պատերի գաջը տեղ-տեղ թափվել է: Բնակելի սենյակում դրված է սովետական արտադրության հեռուստացույց և երկու երկաթե մահճակալ: Փաստորեն, իրար կպած մահճակալներին քույր ու եղբայր նույն անկողնում են քնում, նրանց կողքին էլ` ծնողները: Գաբրիելյանները տանն աթոռ չունեն, փողոցից երկաթե կտորներ ու մի քանի քար են բերել և աթոռի փոխարեն հարմարեցրել սենյակում:

«Տեգրս մահացել է, հիմա մի բակի մեջ նրա կնոջ հետ ենք ապրում, տան հետ կապված ոչ մի փաստաթուղթ չունենք, հիմա չգիտենք` այդ տունը մե՞րն է, թե՞ տեգորս ընտանիքինը, օդի մեջ ապրում ենք: Ահ ու դողով ենք ապրում, ամեն պահի հնարավոր է, որ քանդվի գլխներիս»,- ասաց տիկին Սիլվան:

Մեր այցելության պահին նրա ամուսինը դուրս էր եկել գյուղամեջ` աշխատանք փնտրելու: Բանվորություն է անում, սակայն դա էլ ամեն օր չի լինում, լավագույն դեպքում` շաբաթը 1-2 անգամ:

«Շաբաթներով ուտելու հաց չենք ունենում, մի 2 օրվա ալյուր ունենք, կվերջանա, էլի սոված կնստենք: 2 օր է` գնում, ուրիշի հողերն եմ աշխատում, որ աղջկաս վինետկի փողը դզեմ, տանի դպրոց: Եթե գործ լինի, կանեմ, երեխուս օրվա հացի փողը կստեղծեմ, չէ՝ ուրեմն պիտի սոված նստենք: Ամեն անգամ չեմ կարա գնամ սրան-նրան ասեմ` ինձ մի կտոր հաց տվեք, տանեմ երեխես ուտի, ոչ մեկն էլ պարտավոր չի ինձ ամեն օր հաց տա: Դու քո վրա վեկալ, եթե հացի փող չունենաս, ամեն օր կգնա՞ս ուրիշին ասես` ինձ հաց տուր, կամաչես, չէ՞: Ումից էլ գնամ հաց ուզեմ, պիտի ասեն` ջահել կնիկ ես, գնա աշխատի, ունեցի, բայց ցավն էլ էն ա, որ աշխատանք չկա, եթե գործ լինի, անգյալի նման չեմ առնի-սոված նստեմ, կգնամ, կանեմ, երեխեքիս նորմալ կպահեմ:
Փշալարերից էն կողմ (որտեղ հայ-թուրքական սահմանն է-հեղ.) 1500 մետր հող ունենք, բայց գյուղից մի 8-10 կիլոմետր հեռու ա, ամեն օր չեմ կարա գնամ-գամ: Մեզ մի քիչ մոտիկ 1500 մետր հողի վրա էլ դատարանը կալանք է դրել, ուզում են ձեռներիցս առնեն, չգիտեմ` ինչ պիտի անենք: Էլեկտրաէներգիայի պարտք ունենք, տեղը հողն են ձեռքներիցս խլում:

Պետությունը գոնե հասկանա, որ վիճակներս էնքան վատ ա, որ հոսանքի վարձն էլ չենք կարում վճարել: Իրանք իրանցով դատ են արել ու որոշել են, որ հողը պիտի աճուրդի դնեն: Աշխատանք չունենք, ամուսինս էլ վիրավոր է, չենք հասցնում պարտքը փակենք, որ գոնե հողից չզրկվենք»,- պատմում է Սիլվան:

Բանն այն է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ խնդրելով արձակել վճարման կարգադրություն և արգելանք դնել Լևոն Գաբրիելյանին պատկանող 1500 մետր հողակտորի վրա: Էլցանցերի դիմումը դատավոր Ա. Աղամյանը հիմնավոր է համարել և այս տարվա մարտի 3-ին այն բավարարել է: Գաբրիելյանների էլեկտրաէներգիայի պարտքը կազմում է 229 հազար 725 դրամ ($ 637):

Հողակտորը դեռևս աճուրդի չի հանվել, բայց հստակ է, որ Գաբրիելյաններն այն hետ բերելու ոչ մի շանս չունեն: «Անցած տարի ուրիշի հողն եմ վերցրել մշակել, ասեցի` մշակեմ, գոնե մի քիչ ոտքի կանգնենք, բայց ոռոգման ջուր չտվեցին, ամբողջ բերքս չորացավ, ոչ մի եկամուտ էլ չստացա: Այս տարի էլ նույնը, եսիմ` ջուր կտա՞ն, թե՞ չէ: Հույսով ապրում ենք, բայց ոչ մի տարի դրական տեղաշարժ չենք զգացել, հիմա էլ ամեն ինչը թանկացրել են, սովից կմեռնենք», -մտահոգված է Սիլվա Գմբիկյանը:

Համայնքապետը հանձնարարական է ստացել խմբագրության նամակից հետո. ու՞մ է պետք պարտադրված անհանգստությունը

Գրիշա Բալասանյան

 

www.hetq.am

http://hetq.am/en/society/margara-2/

«Հետքի» ապրիլի 13-ի համարում անդրադարձել էինք Արմավիրի մարզի Մարգարա գյուղում ապրող Արցախյան ազատամարտի մասնակից Լևոն Գաբրիելյանի 5 հոգանոց ընտանիքին (Տես հոդվածը Հողաշեն տունն ամեն պահի կարող է փլվել 2 անչափահաս երեխաների վրա):

Հիշեցնենք, որ սոցիալապես ծանր վիճակում գտնվղ ամուսիններն ու 3 անչափահաս երեխաները բնակվում են ամեն պահի փլվելու վտանգի տակ գտնվող հողաշեն տանը: Հոդվածում նշել էինք, որ Գաբրիելյանները մի քանի տարվա էլեկտրաէներգիայի պարտք ունեն, որը կազմում է 229 հազար 725 դրամ ($ 637), և քանի որ չեն կարողացել վճարել այն, «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը դիմել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ու պահանջել արձակել վճարման կարգադրություն և արգելանքի տակ դնել Լևոն Գաբրիելյանին պատկանող 1500 քմ հողամասը: Մարտի 3-ին դատարանը բավարարել էր ընկերության դիմումը և արգելանքի վերցրել հողամասը:

Թեև այս ընտանիքի պատմությունը շատերին էր հուզել, սակայն պատկան մարմիններն այդպես էլ չարձագանքեցին: «Հետքը» նամակով դիմել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ խնդրելով օժանդակել ընտանիքի փաստաթղթերը պատրաստելուն, որպեսզի կարողանան ստանալ իրենց հասանելիք նպաստը: Դրանից հետո միայն կոտրվեց Արմավիրի մարզպետարանի և Մարգարայի համայնքապետի անտարբերությունը:

Հոդվածին արձագանքել էր նաև «Թուֆենկյան» հիմնադրամի երևանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտ Հովհաննեսյանը: Նրա հետ էլ մայիսի 15-ին այցելեցինք Գաբրիելյանների ընտանիքին:

Մեր այցելության ժամանակ Լևոնն ու իր կինը` Սիլվան, աշխատում էին արգելանքի տակ դրված իրենց հողամասում` լոլիկ էին սածիլում:

Սիլվան անմիջապես ճանաչեց մեզ, և դեմքին ժպիտ հայտնվեց: Հետաքրքրվեցինք, թե այս մեկ ամսվա ընթացքում իրենց կյանքում ի՞նչ է փոխվել, քանի որ այս անգամ ավելի ուրախ է: «Դե, այնքանով ենք ուրախ, որ ձեր շնորհիվ բոլորն էլ իմացան մեր մասին, որ ըտենց մարդիկ կան, գոյություն ունեն և շատ անապահով են: Այդքանով եմ ուրախ, թե չէ` առանձնապես ոչ մի բան էլ չի փոխվել, նույն կյանքն է, այ ցավդ տանեմ: Այս ընթացքում ոչ մեկն էլ մեզ օգնելու ցանկություն չի հայտնել, բացի նրանից, որ հիմա գյուղապետարանն օգնում է, որ մեր փաստաթղթերը կարգավորենք, գոնե նպաստ ստանանք: Ամուսնուս թղթերն էլ չկան, որ նա Ղարաբաղում կռվել ա ու ծանր վիրավորվել, տեսնենք` ինչ կստացվի: Այսքան տարի մենք պետությունից ոչ մի օգնություն չենք ստացել: Եթե թղթերը կարգավորվեն, կարող ա ինչ-որ բանով մեզ օգնեն, էլի»,- ասաց նա:

«Մարզպետարանից ասել են` թղթերը պատրաստեք, մենք նպաստի հարցով ձեզ կօգնենք: Հիմա գյուղապետն էլ է մեզ օգնում, որ կիսատ-պռատ թղթերի հարցը կարգավորենք»,- կնոջ խոսքը լրացրեց Լևոն Գաբրիելյանը:

Տիկին Սիլվան դեռ հույս ուներ, որ պետությունը կմտածի իրենց մասին և որպես ազատամարտիկի ընտանքի` կապահովի թեկուզ փոքր, բայց ապահով տնով: Նա տեղեկացրեց, որ նամակով դիմել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և պատասխան ստացել, որ թերի փաստաթղթերը կարգավորելուց հետո այցելեն նախարարություն:

«Գյուղում արդեն ինձ շանտաժիստ են համարում: Ախր, ինձ ընենց մարդ է վիրավորում, որ ընդհանրապես այս գործի հետ կապ չունի. գյուղապետը չի խոսում` իրենք են խոսում: Ախր, դա վատ բան ա, կողքից մեզ վատ ենք զգում, որ ասում են` շանտաժիստ եք: Ես էլ մտածում եմ, ասում եմ` ի՞նչ վատ բան եմ արել, որ նամակով դիմել եմ պաշտոնյաներին:
Իրենց ասացի, որ վատ բան չեմ արել. ոչ գյուղապետի խոսքին եմ կպել, ոչ էլ: Հետո էլ շատ էին խոսում, որ ձեր հետ եմ զրուցել: Էլի իրանց ասացի, որ վատ բան չեմ արել, ուղակի լրագրողին մեր սոցիալական վիճակն եմ ներկայացրել»,- վշտացած պատմում էր Սիլվան:

Նա այդպես էլ չասաց, թե ով է իրենց «շանտաժիստ» անվանել` նշելով. «Դե, ով ձեր գրածը կարդացել ա, նամակներն ում մոտ եկել են, նա էլ ասել ա»:

Գաբրիելյանների ընտանիքի մասին պարզաբանում ստանալու համար այցելեցինք նաև Մարգարայի համայնքապետարան:
Գյուղապետ Խաչիկ Ասատրյանը մարզպետարանում խորհրդակցության էր և մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե այս ընտանիքի հարցերով Արմավիրի մարզպետարանը լրջորեն զբաղվում է:

«Ինձ հատուկ կանչել են մարզպետարան, հանձնարարական են տվել, որ փաստաթղթերի հարցում Լևոնի ընտանիքին օգնեմ: Իմ գրպանից Լևոնին ճանապարհածախս եմ տվել, որ գնա, իրա թղթերի հարցը լուծի: Կարո՞ղ ա ինձանից դժգոհ են մնացել»,- հետաքրքրվեց համայնքապետը:

Երբ ասացինք, որ իրենից Լևոնի ընտանիքը դժգոհ չէ, շարունակեց. «Երևի գիտեք, որ իրանց հողն արգելանքի տակ ա: Ես անձամբ գնացել, հարկադիրի տղերքին խնդրել եմ, որ ընտանիքին նեղություն չտան, մինչև այդ հարցն էլ կկարգավորվի: Շնորհակալ եմ, որ հետաքրքրվում եք այս ընտանիքով, բայց անհոգ եղեք. մեզանից ինչ կախված է, կանենք»,- ասաց Խաչիկ Ասատրյանը:

Նշենք, որ այս ընտանիքի մեծ աղջիկն այս տարի ավարտում է դպրոցը և մեծ հույսեր ունի, որ բարձրագույն
ուսումնական հաստատությունում կսովորի: «Ուզում եմ կամ ծրագրավորման բաժնում սովորեմ կամ էլ տարրական մանկավարժության: Դպրոցում լավ եմ սովորում, հիմա էլ տանը ինքնուրույն պարապում եմ. գումար չկա ուսուցչի մոտ պարապելու համար: Քույրս էլ դեռ 9-րդ դասարանում է սովորում: Ինքն էլ ուզում է ատամնաբույժ դառնալ»,- պատմում էր Իրինան:

«Թուֆենկյան» հիմնադրամի երևանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտ Հովհաննիսյանը Գաբրիելյաններին խոստացավ օգնել փաստաթղթերը կարգավորելու հարցում, ինչպես նաև հոգալ ազատամարտիկի բժշկական ստուգման ծախսերը, եթե Պաշտպանության նախարարությունը քայլեր չձեռնարկի:

Քանի որ Լևոնը ռազմի դաշտում վիրավորվել է, այժմ առողջական խնդիրներ ունի: Նա դժվարությամբ է քայլում, Արցախում ոտքից նույնպես վիրավորվել է: Բացի դրանից` ոտքի տրոմբ ունի: Բժշկի դիմելու համար գումար չունենալու պատճառով Լևոնն իր իմացած ձևով է իրեն «բուժում», ինչն ամեն պահի կարող է անդառնալի կորստի պատճառ դառնալ:

«Երբ տրոմբը շատ ա նեղություն տալիս, ես իմ ձեռքով ծակում եմ, արյունը մի քիչ դուրս ա գալիս, հանգստանում եմ»,- իր կյանքի նկատմամբ խիստ անտարբերությամբ պատմում էր ազատամարտիկը:

Այս առնչությամբ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց, թե ինքը չի հավատում, որ Լևոնը, ոտքից արյուն հանելով, մեղմացնում է տրոմբի ցավը:

«Ինքը շատ բան է ասում, որ էդպես է անում, դուք անձամբ տեսե՞լ եք, որ ոտքից արյուն է հանում: Ես բժիշկ եմ ու լավ գիտեմ, որ եթե ոտքից արյուն հաներ, էլ չէր կարող արյունահոսությունը դադարեցնել: Ինքը մեզ չի դիմել բժշկական օգնություն ստանալու համար, եթե դիմի, պետպատվերով բուժումը կկազմակերպենք: Ինչ վերաբերում է նրա սոցիալական վիճակին, ապա ասեմ, որ Լևոնին ու Մարգարայի գյուղապետին անձամբ հրավիրել ենք մարզպետարան և զրուցել ենք նրանց հետ: Ձեզ ասեմ, որ Լևոն Գաբրիելյանի եղբոր այրի կինը նույն բակում է ապրում, հող է մշակում և լավ էլ ապրում է: Եթե գյուղացին հող ունենալով վատ է ապրում, ուրեմն դա իր մեղքն է: Մարգարան այն համայնքն է, որտեղ վատ ապրող չկա, միայն թամբալ մարդը գյուղում սոված կմնա»,- ասաց Լարիսա Մուրադյանը:

Նշենք, որ մարզպետի տեղակալը, խոսելով Լևոնի եղբոր կնոջ մասին, չնշեց, որ վերջինս գյուղի դպրոցում մանկավարժ է և բավականին բարձր աշխատավարձ է ստանում: Իսկ ինչ վերաբերում է տիկին Մուրադյանի այն լավատեսությանը, թե Մարգարայում վատ ապրողներ չկան, քանի որ գյուղն ամեն հարմարություն ունի, ապա խորհուրդ կտայինք նրան գոնե մեկ անգամ այցելել նշված համայնք և տեղում համոզվել, թե գյուղացին ինչու ոտքի չի կանգնում: Չնայած` համոզված ենք, որ այդ այցից հետո էլ նա պնդելու է, թե գյուղացին լավ է ապրում:

Լարիսա Մուրադյանից նաև հետաքրքրվեցինք` արդյո՞ք մարզպետարանը չի պատրաստվում ֆինանսական օգնություն հատկացնել Գաբրիելյանների ընտանիքին:

«Ֆինանսական օգնություն հատկացնողը գյուղապետարանն է. մարզպետարանը բյուջե չունի, որ օգնություն հատկացնի»,- պատասխանեց Լ. Մուրադյանը:

«Հետքի» խմբ. կողմից – Արամավիրի մարզում կան սոցիալապես անապահով բազմաթիվ ընտանիքներ, որոնք նպաստներից, թոշակներից զրկվել են տարբեր փաստաթղթեր չունենալու պատճառով: Իսկ մարզպետարանում ոչ ոքի մտքով չի անցնում օգնել այդ մարդկանց: Մարգարայի համայնքապետը չի մտածել իր համայնքի բնակչի մասին: Նրա մտքով չի անցել, որ ինքը կարող է այդ մարդկանց թղթերը դասավորել, որ նրանք` իր համայնքի անդամները, այդքան խեղճ չլինեն, այդչափ չկոտրվեն, չհուսալքվեն: Իսկ վերևներից եկած մի հրահանգից հետո նա հանկարծ սկսել է անհանգստանալ: Բնականաբար, ոչ թե իր համայնքի բնակչի համար, այլ` իր աթոռի: Քանի՞ գրոշ արժե նման` պարտադրված անհանգստությունը: Իսկ Մարգարայում Գաբիրելյանների նման այլ ընտանիքներ էլ կան: Ստացվում է, որ լրագրողները պետք է ամեն մի ընտանիքի մասին առանձին հոդված գրեն ու հետո նամակ ուղարկեն որևէ նախարարի, որ մի բան փոխվի՞: Այդ դեպքում ինչու՞ է հասարակությունը իր վճարած հարկերի հաշվին պահում այդքան կառույցներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *