Պատերազմ։ Առաջնագծում մեր հերոսներն ապագա են կերտում։ Թիկունքի գործն էլ մերն է և պատվով պիտի արվի՝ թիկունքն է մեր առաջնագիծը։
Երեկ այցելել եմ երկու կենտրոն, որտեղ ապաստանել են արցախցի ընտանքիները։ Art Space և Fauna` երկուսն է Երևանում։
Ալբոմը կազմել եմ այնպես, որ լուսանկարներն ու նրանց մի մասին կցված տեսանյութերը պատկերացում տան մեր հայրենակիցների առօրյայի, կենցաղի, կարիքների ու ցանկությունների մասին։ Վերջում կձևակերպեմ նաև ՀԱՅ ՁՄԵՌ ՊԱՊ բարեգործական հիմնադրամի առաջարկը։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Մարդկային բարեգթության և փոխօգնության ճառագայթող կետեր են այս վայրերը։ Art Space մշակութային կենտրոնում ընտանիքներին ընդունելու նախաձեռնությունը երիտասարդ գեղանկարիչ Հարություն Հովսեփյանինն է, որն իր ընկերների՝ Տիգրանի, Երանուհու և մյուսների հետ ընդօրինակելի միջավայր են ստեղծել 21 երեխայի, նրանց մայրիկների ու տատիկների համար։ Իրենք ներկայացնում են իրենց կոնցեպտը, դիտեք տեսանյութերը։ Համարյա շուրջօրյա աշխատանք՝ լի սիրով, նվիրումով ու ստեղծագործականությամբ։ Իսկական Art Space՝ արվեստի տարածք։ Երիտասարդները ցանցային աշխատանքով հանրային ուշադրություն և գնահատական են կարողացել կենտրոնացնել իրենց մոդել դարձած աշխատանքի վրա։ Հարցիս, թե ինչ է պետք, պատասխանում են՝ ամեն ինչ ունենք, միայն ներկեր, վրձիններ, A3 թղթեր և պաստպարտուներ՝ երեխաների աշխատանքներն ավարտելու և ցուցադրելու համար։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Fauna` հյուրատուն, որտեղ մեկ ընտանիք դարձած՝ ապրում են աշխատակազմն ու Արցախից եկած ընտանիքները։ 3-անգամյա սնունդ, խաղեր, ժամանց, էքսկուրսիա Երևանով։
Կարիքները շատ են՝ երիտասարդներին օգնել է պետք։ Մանրամասն՝ լուսանկարներին կից տեսանյութում։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
«Հայ Ձմեռ պապի» առաջարկը․ այցելել երեխաներին, նրանց նկարչական և այլ պարագաներ, գրքեր, ներկելու տետրեր, խաղեր նվիրել, կազմակերպել գեղանկարի, քանդակի, ծեփագործության և այլ դասեր, ներկայացումներ բեմադրել միասին, կարդալ, զրուցել, խաղալ։ Փաստորեն՝ շարունակել մեր Հավեսին սենյակների ծրագիրը, այս անգամ ոչ թե սահմանամերձ գյուղերի, այլ Արցախի երեխաների հետ։
Այս պստիկներն այնպիսի մղձավանջ են ապրել, որ ընկերության, խաղի ու արտթերապիայի մեր առաջարկը, կարծում եմ, տեղին կլինի։
Միգուցե հետագայում էլ՝ պատերազմից հետո, նրանց գյուղերում ու քաղաքներում էլ Հավեսին սենյակներ բացենք։