Լուսինե Մուսայելյան
Չոր տարեկան Թեհմինեն արդեն 3 օր է` մորից կոնֆետ է խնդրում, բայց մոր գրպանն անկարող է զավակի անգամ ամենափոքր ցանկությունն իրականություն դարձնել. երեխայի սպասող հայացքից արթնացած հուզմունքն արցունքների մեջ խեղդելով` մայրը` 38-ամյա Լարիսան, շարունակում է օրորել 9 ամսական Ամալիկին` երկաթե ժանգոտած օրորոցի արտասովոր ճռռոցին համալար պատմելով անցածը:
«Էս օրորոցը հին, ավերված տներից մեկում ենք գտել… կիսաջարդված բան ա, բայց, դե, քնեցնելու տեղ ա, ի՞նչ անեմ: Ստիպված երեխին ամուր թոկով կապում եմ մի քանի տեղից, որ չընկնի, բայց մեկ է, ամեն անգամ, երբ քնած է, ուշք ու միտքս օրորոցն է լինում»,- պատմում է Լարիսան:
43-ամյա Արայիկ Օսիպյանի բազմանդամ ընտանիքը Նոր Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղի ամենաչքավոր վերաբնակիչներից է: Նրանք այստեղ են տեղափոխվել Չարեքտար գյուղից, իսկ այնտեղ`Վարդենիսից: Վերին Շենը համարում են իրենց վերջին հանգրվանը:
Արցախյան շարժումը սկվելուն պես Արայիկն իր ծնողների հետ գաղթել է Մարտունաշենից:
Երկու սենյականոց կացարանում, որտեղ նույնիսկ էլեկտրական լամպն է ժլատորեն լուսավորում, ծնողներն ու վեց անչափահաս երեխաները միասին քնում են, ճաշում ու լողանում:
Տան կահույքի մի մասն Արայիկն է շինել, իսկ մի մասն էլ տարբեր տեղերից են ձեռք բերել:
Արայիկը պատմում է, որ իրենց տանը կահույքը վերջերս համալրվել է սառնարանով ու կարի մեքենայով. «Մեղվի պարս եմ գտել անտառում, ծախել եմ ու առել դրանք»:
Սառնարանը, որի նշանակությունը միայն հնավաճառի խանութը զարդարելը կարող է լինել, ծառայում է միայն կաթի համար. երբ կաթ չի լինում, այն անջատում են:
Օսիպյանների ընտանիքի եկամուտը պետության կողմից տրվող երեխաների նպաստն է` 54 հազար դրամ, և էլեկտրաէներգիայի համար պետության տված 1200-ական դրամ փոխհատուցումը:
«Չի հերիքում էդ փողը: Երեխաներս կիսատկլոր են: Կոշիկ չունեն, ոչ էլ տաք շոր: Միջնեկ աղջիկս մինչև էսօր ամառային կոշիկով ա դպրոց գնում: Իսկ մյուս աղջիկս էն օրը դպրոցից լացելով տուն եկավ, թե` էլ չեմ ուզում դպրոց գնալ, որովհետև բոլորը դուբլյոնկա են հագնում, ես` չէ»,- պատմում է Լարիսան` ավելացնելով, որ երեխաների նպաստը չի հերիքում նույնիսկ սննդի համար:
Ամուսիններն ասում են, որ իրենց ընտանիքին ամսական երկու պարկ ալյուրը հազիվ է հերիքում:
«Անցյալ ձմեռ կես պարկ կարտոֆիլ էինք առել, երեք ամիս խաշած կարտոֆիլ էինք ուտում: Էս տարի էդ էլ չունենք»,- ասում է Արայիկը:
Ցուրտ ամիսներին երեխաները դպրոց չեն գնում ` տաք շոր ու կոշիկ չունենալու պատճառով:
«Էն օրն էլ տղայիս կոշիկի կրունկն ա պոկվել, էրեխես մնացել ա բոբիկ: Գոնե կրունկը գտնեինք, որ կպցնեինք, ու յոլա գնար, մինչև որ տեսնենք` ինչ ենք անում»,- իրեն հուսադրելով` մրմնջում է Լարիսան:
Ամենասովորական սննդամթերքներին կարոտ այս ընտանիքը ծանր օրեր շատ է տեսել: Ընտանիքի մայրը պատմում է, որ օրեր են եղել, երբ երեխաներին եգիպտացորենի հատիկներով է կերակրել. «Ասել եմ` երևի լույսը կբացվի` բարին էլ հետը», բայց հետո պարզվում էր` բարին եգիպտացորենի հատիկներն էին, որ ուտում էին օրեր շարունակ, մինչև որ համարձակություն կհավաքեր հարևանից մի քանի բաժակ ալյուր ու մի քանի կարտոֆիլ խնդրելու:
Օսիպյաններն այսօր էլ, ինչպես իրենք են ասում, «նիսյա» են ապրում. խանութից պարտքով ապրանք են վերցնում և ստացած նպաստով մարում պարտքը:
«Պարտք շատ ունենք ու հիմնականում` ուտելիքի դիմաց»,- ասում է Արայիկն ու հիշում ամիսներ առաջ գնած ձիու 60.000 դրամ պարտքը:
Սակայն հենց այդ ձիու շնորհիվ է, որ Օսիպյանների կացարանում գոնե մի հուսադրող բան կա. տանը տաք է, քանի որ փայտ ունեն, տղաները ձիու վրա բարձում են անտառի փայտն ու տուն բերում:
Արայիկն այդ գործում «պաշտոնաթող» է եղել. մի քանի տարի առաջ փայտ կոտրելիս խփել է աչքին ու վնասել. վերջերս սկսել է ընդհանրապես չտեսնել: Իսկ վիրահատության մասին, ասում է, որ չի էլ մտածում. ժամանակին անգամ 100 դոլար չի կարողացել գտնել, որ կանխի կուրացումը:
Ինչևէ, Օսիպյանները դեռ շարունակում են ապրել` այն էլ սիրով ու հավատով, որ մի օր լավ է լինելու, ու արևը սովորականից ավելի վառ է շողալու իրենց տանը:
«Քանի որ էստեղ ենք ապրում, հենց էս էլ մեր հայրենիքն ա: Էս գյուղը շատ ենք սիրում: Էստեղ ապրող ժողովուրդն էլ հողի պես լավն ա»,- առօրյա դարդուցավի մեջ բարին տեսնելու կարողությունը չկորցրած` ասում են Օսիպյաններն ու հորդորում մի բաժակ թեյ խմել միասին` թեկուզև առանց շաքարի:
http://www.armenianow.com/hyesanta/2009/9342/as_good_as_the_land_tea_with