Սառա Խոջայան
Հացը երեխաների համար ամենակարևորն է
Ձյունը կտրում է գյուղն աշխարհից
«Բախտս բերել է, որ էրեխեքս բողոքող չեն »,- ասում է 11 երեխաների մայրը
Սեղանին խնձորով, տանձով ու սերկևիլով լի սկուտեղ է, ընկույզով ափսե: Երևանից եկած հյուրին սուրճ են հյուրասիրում, այնինչ տան 13 անդամները 4 օր է, հաց չեն կերել:
«Ունեմ 11 երեխա՝ Ռազմիկ, Հերմինե, Հայաստան, Հեղինե, Հայարփի, Սիրարփի, Քրիստինե, Վազգեն, Թաթուլ, Լուսինե, Միքայել: Մեծս՝ Ռազմիկը, 22 տարեկան է, երկրորդը՝ Հերմինեն, ամուսնացած է Վանաձորում, 6-ը դպրոցական են»,- խեղճ ու նվաղած ձայնով երեխաների մասին է պատմում փոքրամարմին ու հիվանդագին նիհար կինը՝ Անահիտ Սարգսյանը, ում աչքերը, սակայն, լի են ապրելու ու պայքարելու եռանդով:
Արդեն 25 տարի 43-ամյա Անահիտ Սարգսյանը բնակվում է Ջիլիզայում՝ Վրաստանի սահմանին թառած փոքրիկ հայկական գյուղում: Մինչ այդ ապրել է Վրաստանի հայաբնակ Ախքյորփի գյուղում, այնտեղ էլ հանդիպել է ապագա ամուսնուն՝ Ռոբերտ Սարգսյանին: Ամեն ինչ եղել է ինչպես ռոմանտիկ պատմությունում՝ սիրահարվել են ու ամուսնացել… Իսկ դրան հաջորդող «երջանիկ ու անհոգ ընտանեկան կյանքին» դեռ սպասում են:
Սահմանամերձ Ջիլիզան Ալավերդուն կապող միակ ճանապարհն առաջին ձյան հետ փակվում է. գյուղը կտրվում է` մնալով ինքն իր հույսին: Պատահական այցելուն վայրի բնության բոլոր հմայքները վայելելով, արջերի ու գայլերի հարևանությամբ կխրվի-կմնա Լալվարի ձյունապատ լեռների մեջ, մինչև Ալավերդուց ճանապարհը մաքրող տրակտոր ուղարկեն: Երևանից գրեթե 200 կմ հեռու իր օրվա ապրուստը ստեղծող այս գյուղը կարոտ է օժանդակության: Սա Սարգսյանների հայրենիքն է:
Սարգսյանների 3 մետր լայնությամբ ու 5 մետր երկարությամբ միակ սենյակը կողք կողքի դրված 13 մահճակալի պատճառով զորանոց է հիշեցնում: Երեկոները վառարանի շուրջն է հավաքվում Ջիլիզայի «ամենաբազմազավակ» ընտանիքը:
Ռազմիկը ժամանակավոր աշխատանքի է անցել գյուղի ճանապարհի շինարարության վրա: Ձյունը գալուց հետո աշխատանքը կանգնել է, բայց Ռազմիկի ձեռքերը կրում են սառնամանիքի դաժան հետքերը. երիտասարդը ցրտահարել է մատները, ու հիմա դրանք ամբողջովին վերքապատ են: Ձյունն անդրադառնում է հատկապես դպրոցականների վրա, որովհետև նրանք հագնելու կոշիկ չունեն: Սարգսյանների երեխաները Նոր տարին ուրախությամբ չեն դիմավորում:
«Ձյունը որ եկավ, ընդամենը երկուսը դասի գնացին,- ասում է Անահիտը: — Էն էլ ուրիշն էր կոշիկ տվել»: Երեխաներին հագուստ գնելու գումար երբեք չի լինում: Հագնում են ուրիշների տվածը, լավը` դպրոց գնալիս, ավելի հինը` տանը:
Սարգսյանների մեծ ընտանիքի եկամուտը ամսական 61.000 դրամ (մոտ 200 դոլար) ընտանեկան նպաստն է, որ ստանում են պետությունից ու անմիջապես տանում գյուղի խանութ` ամսվա ընթացքում վերցրած մթերքի պարտքը փակելու:
Երեխաներն օրը մի անգամ են սնվում՝ կեսօրից հետո, երբ դպրոցից տուն են գալիս: «Բախտս զուտ նրանով է բերել, որ էրեխեքս բողոքող չեն, շատ զուսպ են, օրերով հացի երես չտեսնեն՝ ձենները դուրս չի գա, հարևանը չի իմանա,- ինքն իրեն սփոփում է Անահիտը: — Կուշտ ուտելու համար ամեն սեղան նստելուց մեզ 6 հաց է պետք, բայց հաճախ մեկն էլ չենք ունեցել: Մի անգամ 25 օր անընդմեջ հաց չենք ունեցել: Հասկանում եմ` էրեխեք են, վատ սնվելուց կարող են հիվանդանալ, չգիտեմ` էդ դեպքում ի՞նչ պիտի անեմ…»:
Խոսքը բերանում` ներս է մտնում ամուսինը` բարձրահասակ ու նիհար Ռոբերտը: Նա գյուղի էլեկտրիկն է, բայց քանի որ էլեկտրաէներգիան ստանում են Վրաստանից` հայկական էլցանցը նրան աշխատավարձ չի վճարում: Հրաժարվում են վճարել նաև վրացիները: Էլեկտրիկի որևէ մասնավոր գործ անելու համար համագյուղացիներից ստացածն էլ մի բան չէ:
«Հենց մեկի հոսանքին մի բան է լինում, գալիս են` թե արի սարքի: Սյուները փտած են, Աստված չանի՝ սյունից ընկնեմ, ո՞վ ա իմ տերը»,- ասում է Ռոբերտը` դեմքի քրտինքը գլխարկով սրբելով:
Հողամաս ունեն, մշակում են. Լոռու բնությանը հատուկ ամեն միրգ էլ ունեն` խնձոր, տանձ, սերկևիլ, ընկույզ: Բայց Ալավերդուց 30 կմ հեռու գտնվող գյուղում վաճառել չեն կարողանում: Պատճառը դարձյալ ճանապարհներն են:
Ջիլիզան ուշադրության կենտրոնում պահելը պետության գերակայություններից է. 180 բնակիչ ունեցող գյուղը ծերանում է, երիտասարդ ընտանիքները հեռանում են: Վերջին երեք տարում 7 ընտանիք է հեռացել` 56 մարդ: Գյուղում վերջին անգամ երեխա է ծնվել 4 տարի առաջ` Սարգսյանների վերջին երեխան:
«Որ էս տուն եկանք, հավի տակ ձու դրեցի, ճուտ ելավ, ասացի` էսա, հաջողությունը եկել է: Խոզ առանք, խոճկորներ ունեցավ: Որ տենում էի, էնքան էի ուրախանում, էն էլ էս ազարը [ժանտախտը] տարավ: Հիմա ասում են, թե հինգ տարի չի կարելի խոզ պահել»,- պատմում է Անահիտը:
Այս տարի Հայաստանում տարածված աֆրիկյան ժանտախտի հետևանքով խոզերի անկումից հետո ընտանիքի լավատեսությունն անհետացել է:
«Ասի` խոզենիքը կծախեմ, էս տունն իմ անունով կգրանցեմ. մի տարի է` առել եմ, փողը տվել եմ, բայց դեռ չեմ գրանցել: Գյուղապետն ասում է` մի 60-70 հազ. դրամ է պետք (200-250 դոլար)»,- հավելում է Ռոբերտը: Պարտքը մարելու հեռանկարն անժամկետ հետաձգվեց:
Անահիտն ասում է` ուզում են աշխատել, գործից չեն վախենում, բայց աշխատանք չկա: Երեխաներն էլ գիտակցում են ծնողների վիճակը, փորձում են նեղություն չպատճառել ու իրենց գլխի ճարը տեսնել. օգոստոսին բոլորը մեկ մարդու պես գնացել են, մոշ հավաքել ու հանձնել: Այդ գումարով այս տարի դպրոցի համար գրենական պիտույքներ են գնել: «Դժվար» գյուղում դժվար կյանքով ապրող երեխաները դա բնական են համարում:
«Գնում էինք` քաղում, բերում, հանձնում ու նորից գնում»,- պատմում է 10-րդ դասարանցի Հեղինեն: Ձեռքերը մատնում են նրա ամառային աշխատանքի ծանրությունը:
Վառվռուն աչքերով աղջիկները նստած են սեղանից մի քիչ հեռու դրված թախտին, նրանց կողքին կանգնած է 2-րդ դասարանցի Վազգենը: Ամաչելով, հազիվ լսելի ձայնով երեխաներն ասում են, թե ինչ կուզեին Ձմեռ պապից այս Նոր տարուն:
«Ես մեծ բան եմ ուզում՝ համակարգիչ, բայց, երևի, չեք բերի»,- ասում է Հեղինեն: 5 տարեկան Լուսինեն ու 6-րդ դասարանցի Քրիստինեն տիկնիկ են ուզում, 4 տարեկան Միքայելը՝ ավտոմեքենա, Վազգենը՝ էքսկավատոր, որ գյուղի ճանապարհը սարքի: Հայարփին հեռախոս է ուզում, Սիրարփին` տեսախցիկ. դպրոցի տեսախցիկով նկարահանել շատ է սիրում:
«Էդքանն էլ լիներ, վատ չէր լինի»,- ասում է Հեղինեն և տոնածառի երկու խաղալիք կախում ծաղկամանի արհեստական վարդերի փնջից: Դրանով Նոր տարին սկսվում և ավարտվում է Սարգսյանների ընտանիքում:
http://www.armenianow.com/hyesanta/2009/7977/hyesanta_2008_isolated_on_the_bord