Խաչիկ հասնելու համար պիտի երկնառաք ճանապարհ անցնես՝ գալարապտույտ ընթացք դեպի եթեր։ Խաչիկը վերձիգ գոյություն է։ Տեղ հասնես թե չէ՝ կսկսվի տարբերակվել գյուղի ազնվական դիմագիծը՝ քարաշեն սիրուն տների տանիքներին փայլին տվող արևային մարտկոցներով, խնամված այգիներով, եկեղեցու՝ հավատով ու հոգածությամբ նորոգված զանգակատնով, դպրոցի՝ Մասիսին ուղղված հայացքով, Մասիսից ուժ ու ոգեշնչում ստացող տաղանդավոր, արժանապատիվ, գեղեցիկ մարդկանցով։ 27 կմ պետական սահման ունի Ադրբեջանի հետ․ «3 կողմից շրջապատված է Նախիջևանով» նախադասությունը խաչիկցու սրտով չի, նրա շուրթերից այն հնչում է այսպես․ «Վերևից հսկում ենք Ադրբեջանին»։ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ծրագրով անցյալ տարի Խաչիկի միջնակարգ դպրոցում Հավեսին սենյակ բացեց։ Կրթամշակութային այս հարթակն իրականություն դարձավ Ռուբեն Հախվերդյանի և ընկերների բարեգործական համերգի շնորհիվ, որին մասնակցեցին նաև Տիգրան Համասյանը, Նարինե Աբգարյանը, Մարիամ Պետրոսյանը, բազմաթիվ երևելի, նվիրյալ մարդիկ․ https://youtu.be/QfGnnKVuEPc Սենյակի բացմանը ներկա էր աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանը․ հենց նրա՛ ձեռամբ կտրվեց նորամուտի ժապավենը․ https://youtu.be/8v9ZLOd6ppA Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթի տակ դեռ թևածում է Հասմիկ Պապյանի զմայլելի երգեցողության հուշը․ https://youtu.be/YRwLhtj6IXk Հասմիկը երազում է համավարակից հետո Հայրենիք գալու և Խաչիկ այցելելու մասին․ «Այս անգամ իմ բացակայությունը շատ երկար տևեց, … բայց շուտով կլինեմ Հայաստանում, ․․․ արդեն՝ մշտապես!!! Ինչպե՞ս են խաչիկցիները, վազաշենցիները, վստահ եմ՝ համագործակցությունը շարունակվում է: Խոստանում եմ իմ բոլոր «բացթողումները» լրացնել, երբ կլինեմ Հայաստանում: Համբուրում եմ ջերմորեն: Կարոտով՝ Հասմիկ»։ ․․․ Մեզ էլ է կարոտը դարձյալ Խաչիկ բերել։ «Հայ Ձմեռ պապի»՝ թաքուն փայփայած մի ծրագիր կյանքի կոչելու կամքը միավորել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին, գյուղում տասնյակից ավելի տներ կառուցած, նախկինում «Հաբիթաթ», ներկայումս՝ «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի տնօրեն Աշոտ Եղիազարյանին, հիմնադրամի կամավոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանող Արթուր Սահակյանին։ Ծրագրի դժվար սկզբի ու տակավին անորոշ ընթացքի հետ կապված մտավախությունները հօդս է ցնդեցնում գնդերեց քահանա, Խաչիկի հոգևոր սպասավոր տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանի լուսավոր ժպիտը։ Այստեղից դեպի Արարիչ առաքված աղոթքի ճանապարհը ուղիղ ու կարճ է․ Խաչիկը սրբազան հանգրվան է երկրի ու երկնքի միջև։ Արևաթուշ ընծայագիր գաթաներ ստացանք նվեր, հանդիպեցինք ծերերին օգնության շտապող արևամանուկների («Ծրագիր ունենք»,- ասում են լուրջ-լուրջ ու շատ լուրջ ու կարևոր գործ անում ինքնաբուխ, բնական մղումով), այցելեցինք դպրոց, եղանք Հավեսին սենյակում․․․ Մնացածը՝ լուսանկարներով։ ․․․ Երևան վերադառնալուց հետո թվացյալ խնդիրները փոքրացել-նահանջել են արդեն, բայց մի նոր մեծ դժվարություն է առաջ եկել․ ախր ո՞նց է հնարավոր կծել-խախտել Խաչիկի անվանակիր գաթայի կատարյալ ամբողջականությունը․․․ Բարդ է, բարդ։