Մարիաննա Գրիգորյան

 

Երբ Աքորի գյուղում ինչ-որ մեկն ուզում է պատկերավոր բացատրել, թե ինչ է չքավորությունը կամ «դժվար վիճակը», մատնացույց է անում գյուղի սկզբնամասը:

Այնտեղ, երեք կատուների ու Չալո շան ընկերակցությամբ, երկու սենյականոց փայտե փտած «դոմիկում» գոյատևում է Կիրակոսյանների բազմանդամ ընտանիքը:

Միջին տարիքի տղամարդը փորձում է ձեռքը վերցնել փայտը: Շարժումները դանդաղ են, մատները մի կերպ են շարժվում, ոտքերը՝ չնայած ցուրտ եղանակին, բոկոտն են: Փորձում է թաքցնել ոտքերը, բայց չգիտի՝ որտեղ:

46-ամյա Արամայիսն է` 9 անդամից բաղկացած ընտանիքի հայրը, որի «ունեցվածքը» 7 երեխաներն են, փոքր անջրդի տնամերձը, անվերջ հոգսերն ու պարտքերը:

Արամայիսն ուզում է ժպտալ՝ փորձելով թաքցնել մեղքի զգացումը ընտանիքի պայմանների համար:

Նա գյուղում հայտնի է որպես հողից հասկացող մարդ:

Աքորիի գյուղապետ Կամո Սիմոնյանն ասում է, որ երբ գյուղացիները խորհրդի կարիք են ունենում, անպայման դիմում են Արամայիսին:

«Նա երբեք չի զլանում օգնել, նրա գիտելիքների շնորհիվ է գյուղում հյութեղ դեղձ, ծիրան, խնձոր աճում»,- ասում է գյուղապետը:

Արամայիսն օգնում է ուրիշներին, սակայն չի կարողանում օգտագործել իր հմտությունները սեփական փոքրիկ հողակտորում, քանի որ ջուր չունի: Նա էլ սահմանափակվում է գյուղացիներին օգնելով և իր գաղտնիքները մեծ որդուն փոխանցելով:

«Է՜հ, ի՞նչ անեմ,- հառաչում է նա,- թե մի ճար լիներ, կանեի, իմ սեփական այգին կունենայի»:

Արամայիսն ասում է, որ թեև մինչև անկախությունն էլ սեփական տուն չունեին, սակայն ինքն աշխատում էր շինարարությունում, և իրենք շատ թե քիչ յոլա էին գնում:

Ինչպես Հայաստանի շատ բնակավայրերում, այնպես էլ Երևանից մոտ 195 կմ դեպի հյուսիս ընկած Լոռու մարզի Աքորի գյուղում կյանքը դժվարացավ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ արտադրական ձեռնարկությունների լուծարման, սնանկացման կամ այլ պատճառներով մարդիկ կորցրին իրենց աշխատանքը:

«15 տարի աշխատել եմ շինարարությունում, ամեն ինչ նորմալ էր, ապրուստ ունեինք, մտքներովս չէր անցնում, թե վաղը էս օրի ենք հասնելու,- ասում է Արամայիս Կիրակոսյանը: — Հետո ամեն ինչ հեչ եղավ, ու մնացինք «դառտակ»:

Առաստաղից կախված ռետինե հին փոքրիկ կենդանին, որի ինքնությունը հնարավոր չէ պարզել մրի ու տարիքի պատճառով, «դառտակ» տան միակ պահպանված զարդն է:

Ալեխառն մազերով կինը 50-ն անց է թվում, չնայած դեռ 40 տարեկան էլ չկա: «Հոգսերիցը սիպտակել եմ»,- ասում է ընտանիքի բազմազավակ մայրը՝ Ռուզաննա Կիրակոսյանը:

Ռուզաննան գրկում է փոքրին՝ 1,5 տարեկան Ազնիվին, սեղմում կրծքին:

Մեծը 17-ամյա Էդգարն է` ծնողների օգնականը. ձորից փայտ է բերում, որ կարողանան տաքանալ ու կերակուր պատրաստել, քանի որ Արամայիսը վերջին տարիներին անհասկանալի հիվանդության պատճառով դժվարությամբ է շարժում մատները:

«Եկող տարի Էդգարս բանակ կգնա, մենք կմնանք լրիվ անտեր»,- դառնանում է Ռուզաննան:

Նա փորձում է հարդարել սենյակի միակ մահճակալը, որի վրա գիշերը տեղավորվում են ինքը, փոքրիկ Ազնիվը, 5-ամյա Արթուրն ու 10-ամյա Կարինեն:

Կարինեն հիվանդ է էպիլեպսիայով: Ռուզաննան ասում է, որ երեխան հիվանդացել է 4 ամսականում:

«Գյուղ բժիշկ էր եկել, ասեց` եթե երեխեն լավ սնվի, վիճակը կլավանա,- պատմում է Ռուզաննան: — Բայց քանի որ հիմա դրա հնարավորությունը չկա, 8 տարեկան տղաս` Հովհաննեսը, քրոջ ձեռքից բռնած, տանում է դպրոց ու բերում, քանի որ մենակ չի կարա գնա, մեկ էլ տեսար` ուշաթափվում է»:

Սենյակի մյուս «զարդը» հեռուստացույցն է, քանի որ չի աշխատում: Այն Ռուզաննայի օժիտն է:

Երկու օրորոցները շատ հին են, ջարդոտված: Մի օրորոցում մի կերպ տեղավորվում է 8- ամյա Հովհաննեսը, մյուսը՝ մետաղյան, լի հնոտիներով, Ազնիվի համար է, սակայն նպատակին չի ծառայում:

Մրից սևացած մյուս փոքր սենյակում քնում են Արամայիսը, Մարգարիտան ու Արփինեն:

16-ամյա Արփինեն ամաչկոտ է: Նա չի սիրում իր ընտանիքի դժվարությունների պատմությունները: Աղջիկը գյուղում գրեթե ընկերուհիներ չունի, քանի որ շատերը խուսափում են շփվել հազար ու մի խնդիր ունեցող ընտանիքի երեխաների հետ:

Նրա միակ հեռանկարն ամուսնանալն է, չնայած ծնողները չեն պատկերացնում, թե ով կուզենա նման պայմաններում ապրող ընտանիքի հետ խնամի դառնալ: Ընտանիքը նույնիսկ տուն չունի, քանի որ փտած դոմիկը Ռուսաստանում բնակվող համագյուղացունն է, որը պատրաստվում է այս ձմեռ վերադառնալ: Իսկ Կիրակոսյանները գնալու տեղ չունեն:

Ազնիվը սկսում է նվնվալ: Երեխաները փորձում են հանգստացնել քրոջը: Օգնության են գալիս իրենց տանտեր զգացող երեք կատուները:

«Սրանց բերել եմ, որ րեխեքս հանգիստ լինեն,- բացատրում է Ռուզաննան: — Առաջ դոմիկումը մուկ կար, կարիճ, օձ ու կռիս էլ էր էրևում, բայց հիմա կա վեչ: Դրա ձեռն ենք սրանց պահում»:

Տան սկզբնամասում խոհանոցն է, որն իր խոհանոց լինելը մատնում է մի թեյնիկով և իրար վրա դարսված մի քանի ափսեով: Ճաշում են օրական մի անգամ: Ճաշացանկը միշտ նույնն է` վերմիշելով ապուր և հաց:

Ընտանիքի միակ «եկամուտը» 34000 դրամ նպաստն է: Ռուզաննան ասում է, որ դա բավականացնում է միայն վերմիշել, ձեթ ու ալյուր գնելուն:

Հին շոր ու մաշված կոշիկներ ընտանիքին երբեմն տալիս են համագյուղացիները, որի շնորհիվ էլ երեխաները երբեմն կարողանում են դպրոց հաճախել:

«Չլուտ-մլուտ ուղարկում եմ դասի, հմանչում եմ»,- ասում է մայրը:

Երեխաների ծննդյան օրերը ծնողները մեկ-մեկ են հիշում, իսկ Նոր տարվա մասին երեխաները միայն համագյուղացիներից են իմանում…

http://www.armenianow.com/?action=viewArticle&IID=1060&CID=1439&AID=1273&lng=arm

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով